Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները(14.Ղուրանի հորդորները՝ փոքրամասնությունների նկատմամբ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ)
Ողջույն ձեզ «Իսլամը և փոքրամասնությունների իրավունքները» հաղորդաշարի հարգելի ունկնդիրներ: Շարունակելով իսլամական երկրում բնակվող փոքրամասնությունների հետ պատշաճ վարվելու մասին իսլամի պատվիրանները ներկայացնող զրույցը այսօր կխոսենք այն հարցերի մասին, որոնց գուցե չկարողանանք համարել փոքրամասնությունների իրավունքը, սակայն իսլամը իր հետևորդներին հորդորել է հարգել ու կատարել դրանք:
Ուշագրավ կետն այն է, որ այս հորդորների նմանը ոչ մի ուսմունքի ու կրոնի մեջ չենք կարող գտնել և միայն իսլամն է, որ փոքրամասնությունների հետ վարվելու մասին այսքան պատվերներ է տվել իր հետևորդներին:

Իսլամի կողմից ասված կետերից մեկը ոչ-մուսուլմանների նկատմամբ սիրալիր վերաբերմունքն է: Այս հիմունքներով կարող ենք ներկայացնել Ղուրանի երկու ուսուցումները: Առաջինն այն է, որ Ղուրանը հորդորում է պատշաճ վերաբերմունք դրսևորել փքրամասնությունների նկատմամբ: Մոմթահենե սուրայի 8-րդ այայում ասված է.«Աստված ձեզ չի արգելում բարություն անել ու արդար լինել նրանց նկատմամբ, ովքեր չեն պատերազմել ձեր դեմ ու ձեզ չեն վտարել ձեր հայրենիքից»:
Իսկ նույն սուրայի 9-րդ այան խոսելով այն անձանց մասին, որոնց հետ ընկերություն անելն արգելված է, ասում է.«Արգելում ենք բարեկամություն անել այն անձանց հետ, որ կրոնի հարցով պայքարել են ձեզ հետ ու վտարել են ձեզ կամ էլ օգնել են ձեզ վտարողներին: Ով որ նրանց հետ բարեկամ լինի բռնարար է»:
Հետևաբար Ղուրանը ոչ-մուսուլմաններին բաժանում է երկու խմբի: Առաջինն այն խումբն են, որ ոչ մի կապ չեն ունեցել մուսուլմանների հետ: Ոչ թշնամություն են արել և ոչ էլ պատերազմել են նրանց դեմ և մուսուլմաններին իրենց հայրենիքից չեն վտարել: Այս խմբին բարություն անելը արգելված չէ մուսուլմանների համար: Երկրորդ խումբը նրանք են, ովքեր կանգնել են մուսուլմանների դեմ, նրանց պարտադրելով լքել սեփական տունն ու հայրենիքը: Ուրեմն մուսուլմանների պարտքն է կասեցնել բարեկամությունն այս խմբի հետ, չսիրել ու բարություն չանել նրանց:
Իսլամական իրավունքի հայտնի մասնագետ հանգուցյալ Ամիդ Զանջանին այս կապակցությամբ ասել է.«Կրոնական փոքրամասնությունները իսլամական հասարակության մեջ իրենց բոլոր իրավունքներով ու արտոնություններով հանդերձ նաև վայելում են մուսուլմանների բարությունն ու բարեգործությունը: Այն ենթադրությունը, որ իսլամական հասարակության մեջ միայն մուսուլմաններն են արժանի լավ վերաբերմունքի, չի համապատասխանում իսլամական մտածողությանը: Իսլամը իր հետևորդներին հորդորում է, որպես մի գեղեցիկ ու մարդկային քայլ, ակնախ կրոնից ու դավանանքից բարություն անել բոլոր նրանց, ովքեր թշնամություն չեն անում մուսուլմանների նկատմամբ:
Ալի Էմիրապետը «Նահջ Ալ-Բալաղե» գրքում Մալեք Աշթարին հորդորում է.«Ով Մալեք սիրտդ սիրո ու բարության աղբյուր դարձրու հպատակների համար, չլինի թե նրանց նկատմամբ վարվես ինչպես մի գիշատիչ, որ ոչխարների սննունդն է հափշտակում և հովվի հագուստով ու գավազանով նրանց սննդով է սնվում: Նրանք երկու խումբ են կամ քո հավատակից եղբայրներն են կամ էլ արարչությամբ քեզ համահվասարներ»: Հետևաբար իսլամական իշխանությունը պետք է սիրալիր լինի իր քաղաքացիների նկատմամբ և հարգի նրանց իրավունքները անկախ դրանից, որ նրանք մուսուլման են թե ոչ:
Այս կապակցությամբ ավանդվել է ևս մի զրույց, որի մեջ բերված է «Ժողովուրդ» իմաստով «Ալ-Նաս» բառը, որն իր մեջ ներառում է և՛ մուսուլմաններին և՛ ոչ-մուսուլմաններին: Որպես օրինակ Իմամ Սադեղն ասել է.«Այն ամենը ինչ հարմար եք համարում ձեզ համար, նույնպես հարմար համարեք ժողովրդի համար»: Իսլամի մարգարեն նույնպես ասել է.«Բարձրյալն Աստծուն հավատալուց հետո լիարժեք իմաստությունը ժողովրդին սիրելն է»:
Իսլամի հիմքն է բոլոր մարդկությանը հրավիրել ընդունել այս կրոնը: Հետևաբար այս կրոնը օգտագործում է մարդկային արժանապատվությանը չհակասող ցակնացած քայլ և հող է պատրաստում իսլման ընդունելու համար:
Ղուրանը հորդորում է Զաքաթ վճարել, ինչի նպատակն է՝ հոգևոր կապվածություն ստեղծել ժողովրդի մեջ ու բավարարել մուսուլմանների ու ոչ-մուսուլմանների նյութական կարիքները: Այնպես որ Թոբե սուրայի 60-րդ այայում Աստված ներկայացնում է Զաքաթ ստանալու արժանի մարդկանց, ասելով.«Նպաստը միայն նրանց համար է, որոնք աղքատ են ու չքավոր, ում սիրտը նվիրված է իսլամին: Գերիներին ազատագրելու համար է այն, պարտքերը վճարել չկարողացողների, ճամփորդների ու նվիրական պատերազմի ծախսերը հոգալու համար: Աստված հրամայում է նման բաժանոմ կատարել: Գիտուն և իմաստուն է նա»: Իսլամը ձգտում է զաքաթի հատկացմամբ կապվածություն ստեղծել մուսուլմանների ու ոչ-մուսուլմանների միջև, նպաստավոր պայմաններ ստեղծել նրանց ուշադրությունը իսլամական ուսմունքների վրա կենտրոնացնելու, նրանց սրտերը գրավելու և իսլամ կրոնն ընդունելու համար :
Ղուրանի բազում այաներում նշվել է «Սրտերի մերձեցում» բառակապակցությունը այդ թվում կարող ենք հիշել Ալ-Իմրան սուրայի 103-րդ այան որտեղ ասված է.«Ապավինեք Աստծուն և մի ցրվեք: Հիշեցեք այն շնորհները, որոնք երկնքից թափվեցին ձեզ վրա: Դուք թշնամիներ էիք իրար նկատմամբ : Նա ձեր սրտերի մեջ ներդաշնակություն դրեց և եղբայր դարձաք: Ուրեմն շնորհակալ եղեք իր բարությունների համար:Դուք կրակի վիհի եզերքին էիք, նա ձեզ քաշեց ազատեց: Այս կերպով է նա իր գութը ցույց է տալիս ձեզ: Այսպիսով Աստված իր այաները ներկայցնում է ձեզ համար, որպեսզի իր փրկության ճամփով ընթնաք»:
Նույնպես էլ Էնֆալ սուրայի 63-րդ այայում ասված է.«Նրանց սրտերը միացնելու է: Աշխարհի բոլոր գանձերը անկարող կլինեին կազմելու այս միությունը: Այն միայն Աստծո բարությամբ է կազմվում»:
Երկու այաներում էլ «սրտերի միջև կապվածության» ստեղծումը ուղեկցվում է անհատների միջև փոխադարձ սիրով, քանի որ Ղուրանի մեջ «Թալիֆ» բառը առաջացել է կապվածություն բառից ու նշանակում է ապաքինվել ու իրար միանալ: Իհարկե ապաքինվել բառը գործածվում է միայն վերքի ու հիվանդության համար, սակայն կապվածությունը երկու մարդու մեջ ստեղծված հոգևոր կապ է:
Ինչպես ասացինք, Ղուրանը ոչ-մուսուլմանների հարցով բազում հորդորներ է ուղղել իր հետևորդներին, որ այս հաղորդման ընթացքում անդրադարձանք «Նշված սահմաններով ոչ-մուսուլմանների նկատմամբ սիրո ու բարեկամության դրսևորման» և «Մուսուլմանների ու ոչ-մուսուլմանների միջև կապվածություն ստեղծելու նպատակով վերջիններիս զաքաթ տրամադրելու» երկու խնդիրներին: «Խոսքի ու վարքագծի մեջ էթիկայի կանոնները հարգելը» երրորդ կետն է, որին կանդրադառնանք հաջորդ թողարկման ընթացքում: