Իրանի երգարվեստի վարպետ`Մոհամմադ Ռեզա Շաջարյանի անմոռաց հիշատակին
Այս հաղորդումը նվիրվում է Իրանի երգարվեստի մեծագույն վարպետ՝ Մոհամմադ Ռեզա Շաջարյանի անմոռաց հիշատակին, որի մահը ծանր սուգի մատնեց ողջ աշխարհում, հատկապես տարածաշրջանում երաժշտասերներին ու պարսից լեզվի սիրահարներին: Շաջարյանի ձայնը անքակտելի կապ ունի իրանցիների ու պարսկախոսների հիշողության հետ:
Իրանի երգարվեստի վարպետ Մոհամմադ Ռեզա Շաջարյանը տարիներ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, հոկտեմբերի 8-ին, 80 տարեկան հասակում հրաժեշտ տվեց երկրային կյանքին, ծանր վշտի մեջ թողնելով իր բարեկամներին ու իր արվեստի սիրահարներին:
Շաջարյանի դերը մշակույթի և արվեստի ոլորտում, ինչպես նաև պարսկական դասական գրականությունն ու պոեզիան աշխարհին ճանաչեցնելու գործում այնքան առանձնահատուկ է, որ ինչ էլ որ ասվի նրա մասին, չափազանցություն չի լինի: Վերջին տասնամյակների ընթացքում նրա արվեստի համբավն այնքան մեծ է եղել, որ, աշխարհը Շաջարյանով և նրա անունով է ճանաչում իրանական երաժշտությունը:
Մոհամմադ Ռեզա Շաջարյանի մահվան լուրը լայն արձագանք գտավ ԶԼՄ-երում, այնպես որ շատ լրատվամիջոցներ նրա մահվանն անդրադարձել են որպես կարևոր լուրի և նրան ներկայացրել են իրանական երաժշտության խորհրդանիշ:
Մեծ թվով քաղաքական ու մշակութային գործիչներ և արվեստագետներ ցավակցություն են հայտնել նրա մահվան կապակցությամբ: Իրանական մշակույթից ու քաղաքակրթությունից ներազդված տարածաշրջանի պարսկախոս համայնքները շատ բարձր են գնահատել Շաջարյանին ու նրա արվեստը:
Աֆղանստանի Ազգային հաշտեցման գերագույն խորհրդի նախագահ՝ Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարություն տարածելով ցավակցություն է հայտնել վարպետ Մոհամմադ Ռեզա Շաջարյանի մահվան կապակցությամբ և նրան անվանել է տարածաշրջանի ժողովրդի «Մշակութային ընդհանուր ժառանգություն»:
«Ռոյթերս» լրատվական գործակալությունը գրել է.«80 տարեկան հասակում կյանքից հեռացավ իրանական դասական երաժշտությունը վերակենդանացրած Մոհամմադ Ռեզա Շաջարյանը»: Ճապոնական «Մայնիչի» օրաթերթը գրել է.«Իրանական երգարվեստի վարպետ Շաջարյանն իր երգեցողությամբ նոր կյանք պարգևեց Իրանի ավանդական երաժշտությանը»:
Մոհամմադ Ռեզա Շաջարյանը ծնվել է 1940թ. սեպտեմբերի 23-ին, Իրանի Մաշհադ քաղաքում: Երգել սկսել է մանուկ հասակից: Նրա հայրը Ղուրանի երգեցիկ կատարող էր և փոքրիկ տաղանդաշատ Շաջարյանն իր ձայնը մշակում է հոր մոտ, և սովորում է երգեցողությամբ ներկայացնել Ղուրանը: Առաջին անգամ նրա ձայնը հեռարձակվել է 1952թ. Խորասանի ռադիոում: Այդ ժամանակ նա հադես է եկել Ղուրան կատարելով:
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, նա աշխատանքի է անցնում որպես ուսուցիչ և միաժամանակ սովորում սանթուր նվագել: 1967թ. Թեհրան տեղափոխվելուց հետո, Շաջարյանը ծանոթանում է հանրահայտ վարպետների, այդ թվում Ահմեդ Էբադիի հետ: Երգեցողության ու երաժշտության դասընթացների կողքին, նա գերազանց ավարտում է գեղագրության դասընթացները վարպետ՝ Հասան Ամիրխանիի մոտ: 1971թ. Շաջարյանը ծանոթանում է իրանցի մեծանուն երաժշտագետ, սանթուրի վարպետ՝ Ֆարամարզ Փայվարի հետ և նրա մոտ շարունակում է սանթուրի և երաժշտական ռադիֆների ուսուցումը:
Մոհամմադ Ռեզա Լոթֆիի և Նասեր Ֆարհանգ Ֆարի հետ Շաջարյանի կենդանի կատարումները մոռացված դասթգահներում, մեծ համբավ բերեցին նրան և նա սիրված ու ճանաչված դեմք դարձավ երաժշտության սիրահարների ու ժողովրդի մոտ: 1977թ. Շաջարյանը առաջին տեղը գրավեց երկրի մասշտաբով անցկացված Ղուրանի երգեցիկ կատարման մրցույթում:
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Մոհամմադ Ռեզա Շաջարյանը Շահրամ Նազերիի հետ միասին հեղափոխական ու հայրենասիրական ոգով երգերի մի քանի ալբոմներ թողարկեցին: Շաջարյանն այնուհետ ուսումնասիրություն անցկացրեց երաժշտական ռադիֆների մասին և ուսուցանեց իր աշակերտներին: 1979թ. «Ռաբանա» կոչվող Ղուրանի այաների նրա երգեցիկ կատարումն ավելի քան 30 տարի, ռամազանի ծոմապահության ամսին Իրանում ռադիոյից հնչող գլխավոր հաղորդումն էր:
Մոհամմեդ Ռեզա Շաջարյանը 2002թ. թողարկել է «Բի թո բե սար նեմիշավադ» և «Ֆարյադ» ալբոմները, Հոսեյն Ալիզադեի, Քեյհան Քալհորի և Հոմայուն Շաջարյանի համագործակցությամբ: Այս երկու ալբոմները Grammy մրցանակի հավակնորդ դարձան: Չորս հոգանոց այս խումբը 2003թ. Թեհրանում համերգ ունեցան Բամի երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Այդ համերգի DVD-ի վաճառքից գոյացած գումարը, Շաջարյանը հատկացրել է իր հիմնադրած Բամի արվեստի այգու նախագծին:
2007թ. Շաջարյանն սկսել է համագործակցել «Ավա» խմբի հետ և համերգներ են անցկացրել Թեհրան և Սպահան քաղաքներում, Եվրոպայում, Ամերիկայում և Կանադայում:
Հետագային նա իր որդու՝ Հոմայուն Շաջարյանի հետ սկսել է տարածել իրանական ավանդական երաժշտությունը և մեծ դեր է խաղացել Իրանի արվեստի այս ժառանգության պահպանման ուղղությամբ: Կանադայի Վանկուվերում համերգ անցկացնելուց հետ, Globe and Mail օրաթերթը Շաջարյանին բնութագրել է արևելքի երաժշտության լեգենդ:
Շաջարյանը 2008թ. հիմնում է «Շահնազ» անսամբլը, ի պատիվ հայտնի թառ նվագող Ջալիլ Շահնազի, խումբը կոչելով նրա անունով: Երաժշտական այդ խմբի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ խմբում օգտագործվել են Շաջարյանի ստեղծած նվագարաններ, որոնցից մի քանիսն ունեն այնպիսի առանձնահատկություններ, որ կարող են փոխարինել արևմտյան մի շարք նվագարաններին, այդ թվում ջութակին:
Հարկ է նշել, որ Մոհամմադ Ռեզա Շաջարյանը իրանական երաժշտության մի քանի նոր գործիքների ստեղծողն է, որոնք 2011-ին Թեհրանում կայացած ցուցահանդեսում պաշտոնապես ցուցադրվել են հանրությանը: Այդ գործիքներից են ՝ Սարահին, Շահր Աշուբը, Սաղարը, Քերեշմեն և Սաբուն:
Մոհամմադ Ռեզա Շաջարյանը թողարկել է շուրջ 60 երաժշտական ալբոմ և ունեցել է տասնյակից ավելի ներքին ու միջազգային համերգներ:
Մի հարցազրույցում նա ասել է. «Երբ նա երգի ալբոմներ էր թողարկում, հայրը նրան խորհուրդ էր տալիս նաև Ղուրանի կատարումներ թողարկել: Հոր մահից հետո նա մտածեց, որ պետք է անի նրա ասածը, ուստի Ղուրանի մի քանի կատարումներ թողարկեց «Հոր հիշատակին» նվիրված ժողովածուում: Ռաբբանայի աղոթքը նրա ամենահայտնի Ղուրանի կատարումն է, որը գրանցված է որպես ազգային գործ Իրանում:
Շաջարյանն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ 2006թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Մոցարտի» մեդալին:Մյուս մրցանակներն են ֆրանսիական «ասպետ» շքանշանը 2014 թվականին: 2011թ. «Արվեստը հանուն խաղաղության» հինգերորդ միջազգային փառատոնում Շաջարյանը և երեք ուրիշ արվեստագետներ արժանացել են խաղաղության բարձրագույն մեդալին:
Ասիայի ասոցիացիայի կայքը Շաջարյանին համարել է իրանական ավանդական երաժշտության ոլորտում ամենահայտնի արվեստագետը, Վանկուվեր Սան թերթը նրան բնութագրել է աշխարհի երաժշտության ոլորտում ամենանշանավոր արվեստագետներից մեկը, իսկ Ազգային հանրային ռադիոն (NPR) տաս տարի առաջ նրան ճանաչել է աշխարհի լավագույն 50 ձայներից մեկը: Շաջարյանն իր սիրահարների շրջանում հայտնի է որպես «Իրանի երգի արքա»:
Շաջարյանն բազում աշակերտներ է դաստիարակել երգարվեստում որոնցից ամենաճանաչված դեմքերն են՝ Հեսամեդդին Սերաջը, Իրաջ Բասթամին, Համիդռեզա Նուրբախշը, Սինա Սարլաքը, Մոհամմադ Էսֆահանին, Հոմայուն Շաջարյանը և ուրիշներ:
Շաջարյանը նաև մի քանի ֆիլմերի նախանվագի կատարող է եղել, որոնցից ամենանշանավորը հանգուցյալ Ալի Հաթամիի նկարահանած «Դելշոդեգան» ֆիլմն է: Շուրջ երեսուն տարի առաջ նկարահանված այս ֆիլմը բարձր է գնահատում իրանական ինքնատիպ երաժշտությունը:
Շաջարյանի կարևորագույն ձեռքբերումը եղել է այն, որ նա ժողովրդին հոգեհարազատ է դարձրել ոչ-հարվածային ավանդական երաժշտությունը: Մյուս ուշագրավ կետն այն է, որ Շաջարյանը մոտ շփում ուներ գրական նշանավոր դեմքերի հետ: Նա միշտ երգել է որոշակի առիթների համար: Շաջարյանը երգել է իր ժողովրդի ցավն ու ուրախությունը, զգացմունքներն ու կարիքները: Նա երգում էր ոչ միայն դասական բանաստեղծների, այդ թվում Հաֆեզի, Մոլանայի, Խայամի, Սադիի ու Բաբա Թահերի հեղինակած գործերը, այլև երգել է նաև նոր բանաստեղծության հեղինակներ՝ Ֆերեյդուն Մոշիրիի, Նիմա Յուշիջի, Սոհրաբ Սեփեհրիի և Մեհդի Ախավան Սալեսի հեղինակած բանաստեղծությունները:
Վարպետ Շաջարյանի աշխատանքային շրջանակը լայն է եղել: Նա ոչ միայն համագործակցել է իր ժամանակի մեծագույն արվեստագետների հետ, այլև համագործակցել է նաև երիտասարդների հետ:
Մոհամմադ Ռեզա Շաջարյանի առանձնահատկություններից մեկը եղել է այն որ նա կատարում էր ոչ միայն ժամանակակից, այլև հին երգերը և այդպիսով նա մեծ դեր է ունեցել հին երգերի ու բալադների վերակերտման գործում:

Շաջարյանը մեծ հարստություն էր Իրանի ժամանակակից երաժշտության համար: Նրա ձայնի փափկությունն ու հզորությունը, իրանական երաժշտությանը ծանոթ լինելը մի կողմից, իսկ մյուս կողմից, իրանական մշակույթին, գրականությանն ու միստիցիզմին կատարելապես ծանոթ լինելը Շաջարյանի առանձնահատկություններն են համարվում:
Չնայած նա այլևս մեզ մոտ չէ, սակայն նրա ձայնը երբեք չի լռելու:Իրանական ինքնատիպ երաժշտության վարպետ, անվանի երգիչ Մոհամմադ Ռեզա Շաջարյանի դին Թուս քաղաքում հողին հանձնվեց իրանցի հայտնի բանաստեղծ Հեքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսու դամբարանի մոտ, մեզ ասելով, որ մշակույթի, լեզվի ու ազգային ինքնության պահպանման ուղղված ջանքերը հազարմյակներից եկած ավանդություն են, որ չնայած երկար համբերություն են պահանջում, սակայն քաղցր ու մնայուն արդյունք են տալիս:
Մոհամմադ Ռեզա Շաջարյանի անունը հավերժ վառ է մնալու Իրանի պատմության մեջ: