Պայծառ ապագա (5)
Ողջույն ձեզ հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական զրույցը,որի ընթացքում քննարկելու ենք իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ Իրանի սոցիալական ու մշակութային մոտեցումները և Մոհամմադ Ռեզա Շահի և նրա հոր ջանքերը Իրանի իսլամական հասարակության մշակույթը փոխելու և անբարոյականություն տարածելու ուղղությամբ:
Իրանի իսլամական հեղափոխությունը հիմնարար փոփոխություն է առաջացրել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և կրթական ոլորտներում: Այս ձեռքբերումները գոյացել են այն ժամանակ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին չորս տասնամյակների ընթացքում բախվել է իր թշնամիների կողմից իրականացվող բոլոր տեսակի դավադրություններին, սպառնալիքներին, հարձակումներին և պատժամիջոցներին: Այդ թշնամիներին գլխավորում են ԱՄՆ-ն ու Իսրայելի կեղծ ռեժիմը, որ ամեն կերպ թշնամանք են տածել իսլամական հանրապետության նկատմամբ: Նրանք իրենց լրատվական կայսրությամբ փորձել են Իրանն ավերված երկիր ներկայացնել աշխարհում:
Այս բոլորն այն դեպքում, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած ութամյա պարտադրյալ պատերազմին և բոլոր տեսակի պատժամիջոցներին ու սպառնալիքներին, մեծ հաջողություններ է ձեռք բերել տարբեր ոլորտներում: Զարգացումներ, որոնք համեմատելի չեն իսլամական հեղափոխության հաղթանակին նախորդող ժամանակների հետ: Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Իրանում առաջընթացն ըմբռնելու և զգալու համար, նախորդ մի քանի ծրագրերում մենք քննարկել ենք Իրանի քաղաքական, տնտեսական, անվտանգության և ռազմական պայմանները և խոսել ենք օտարներից Իրանի խորը կախվածության և թագավորական իշխանության ժողովրդից հեռու լինելու մասին: Մոհամմադ Ռեզա Փահլավին և նրա հայրը ժողովրդական աջակցություն չունեին, և նրանք ապավինել էին Միացյալ Նահանգներին ու արևմտյան բլոկին, և ընդլայնում ու սպառազինում էին Արևմուտքից կախված բանակը:
Իրանի մուսուլման ժողովրդի հարուստ մշակույթը փոխելը Փահլավիների մշակութային գլխավոր նպատակն էր: Այդ ժամանակաշրջանում թագավորականները Արևմուտքը որպես անփոխարինելի ձևաչափ էին ներկայացնում ժողովրդին: Օրինակ, Իրանում Սահմանադրական հեղափոխության հետ միաժամանակ, արևմտամետ հանրահայտ մտավորական՝ Միրզա Մելքոմ Խանը գրել է.«Ես ասում եմ, որ կառավարման հարցերում ոչ կարող ենք և ոչ էլ իրավունք ունենք ինչ-որ բան ստեղծել: Կամ պետք է ընդօրինակենք Արևմուտքի փորձն ու գիտությունը, կամ էլ մնանք բարբարոսության մեջ»: Իրան-ԱՄՆ Մշակութային և կրթական փոխանակումների հանձնաժողովը 1962 թ. իր զեկույցում հստակ անդրադարձել է այդ նպատակներին, և ԱՄՆ-ը ներկայացվել է որպես ուժեղ, ժողովրդավարական և դինամիկ պետություն, իսկ ամերիկյան արժեքներն ու ապրելաձևը ներկայացվել են որպես իդեալական մոդել իրանցինների համար:

Փահլավիների ժամանակաշրջանի մշակութային-կրոնական քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, ոգեշնչված էր երկու աղբյուրից. Արևմտյան ձևաչափով արդիականացում և հասարակության աշխարհիկացում: Հետևաբար, Ռեզա Շահը, օգտագործելով արևմտյան ոճը և մեթոդը, ձգտում էր ստեղծել նոր ինքնություն մշակութային-կրոնական ոլորտներում՝ կրոնական անձանց հեռացնելով և մեծ ուշադրություն դարձնելով հնագույն ժամանակների Իրանին` այնպես որ հասարակության մեջ անտեսվեցին իսլամն ու իսլամական ավանդույթները: Երկրորդ Փահլավիի ժամանակաշրջանում շարունակվում էին արևմտյան մշակութային քաղաքականությունները՝ այս անգամ փորձելով տարածել Իրանի հնագույն մշակույթը, ինչպես նաև տարածել յուրովի ընկալմամբ արևմտյան մշակույթն ու ապրելակերպը:
Երկրի պաշտոնական օրացույցը հեջրիից թագավորական օրացույցի փոխելը, հնագույն մշակույթի և հնադարյան Իրանի թագավորներին մեծարելը, Պերսեպոլիսում 2500 տարվա տոնակատարությունների անցկացումը, թագադրման տոնակատարություններ և մշակութային ծրագրեր կազմակերպելը, այդ թվում «Շիրազ» արվեստի փառատոնը, Մոհամմադ Ռեզա Շահի աշխարհիկ մշակութային ծրագրերից էին, որոնց խիստ դեմ էին Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ հոգևորականությունն ու ժողովուրդը:
Իրանի կրոնական ու իսլամական հասարակության մեջ անբարոյականություն ու Արևմտյան մշակույթ տարածելու Մոհամմեդ Ռեզա Շահի և իր հոր մոտեցումը հասարակական ու մշակութային բազում հետևանքներ ունեցավ: Թագավորը և թագավորական ընտանիքը խեղդվել էին կոռուպցիայի և անբարոյականության մեջ, և ժողովրդի ու իշխանության միջև տարածությունն ավելի էր խորացել:
Շահի ռեժիմից համատարած դժգոհության պատճառներից մեկը պալատում տիրող սանձարձակ կոռուպցիան էր: Անբարոյականությունը, ամբարտավանությունը, և կոռուպցիան տարածված էր թագավորական համակարգում: Փաստորեն, Փահլավի ռեժիմի ավարտին այդ ռեժիմի գոյության սկզբից տիրող կոռուպցիան դարձավ իշխող մշակույթ: Սկզբում մշակութային պատճառներով և ժողովրդի զայրույթից վախենալով, ռեժիմը փորձում էր թաքցնել թագավորական համակարգում տիրող կոռուպցիան: Այդպիսով հետզհետե կտրվեց պալատականների և ժողովրդի միջև գոյություն ունեցող չնչին կապը:
Մոհամմեդ Ռեզա Շահը թուլություն ուներ կանանց նկատմամբ: Նա չէր հարգում բարոյական սկզբունքները: Նրա պալատը կինոյի գերաստղերի և սիրուհիների երթևեկության վայր էր: Նա երիտասարդ տարիքից մինչև իր մահը սիրուհիներ ուներ և նրանց համար շատ հանգիստ սպառում էր երկրի գանձարանի, հանրային ունեցվածքի և զարդերի ուշագրավ մասը: Արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, նա ոչ թե թագավորին վայել կեցվածքով, այլև փողոցայինի պես էր ներկայանում: ՄԱԿ-ում թագավորի դեսպան՝ Ֆերեյդուն Հովեյդան Փարիզում թագավորի ուղևորություններից մեկի մասին գրել է.«Մեկ-երկու անգամ, երեկոյան, երբ թագավորը ազատ ժամանակ ուներ, մի քանի գիշերային ակումբներ այցելեց և որոշ ժամանակ անցկացրեց իր ընկերների ծանոթացրած աղջիկների հետ և նրանց թանկարժեք նվերներ ընծայեց: Մի քանի ամիս անց, մի երեկույթի ժամանակ ես հանդիպեցի նույն աղջիկներից մեկին, որը որոշ ժամանակ եղել էր Շահի մոտ, և նա հպարտորեն ցույց տվեց ադամանդե մատանին, որը նվեր էր ստացել շահից»:
Ոգելից խմիչքների մոլությունը, խաղամոլությունը, թմրանյութը, հարստություն դիզելը, մեծածախս ուղևորությունները, հանրային ունեցվածքի վատնումը Շահի և նրա համակարգի պաշտոնյաների մշտական սովորությունն էր դարձել: Մոհամմադ Ռեզա Շահը երկրի բոլոր տնտեսական հնարավորություններն ու կարողությունները ծառայեցնում էր թագավորական ընտանիքին և իրենց աջակցող խավին: Նա չէր բավարարվում Իրանի ժողովրդի ունեցվածքը և երկրի հարստությունը թալանելով, այլև հարյուրամյակների իսլամական պատմություն ունեցող երկիրը վերածել էր ինքնություն չունեցող, կախված մի երկրի:
Շահը օլիգարխիային հակված լինելու, ամբարտավանության, և տիրակալական հակումների պատճառով ստորացնում ու անտեսում էր ժողովրդին: Նա կարծում էր որ ժողովրդի կարիքը չունի և անարգում էր նրանց: Մոհամմադ Ռեզա Շահը 1974թ. մամլո մի ասուլիսում Իրանի ժողովրդին «ծույլ» է անվանել և ասել է.«Այս ժողովուրդն անկարող է մի բան անել և նմանում է ոչխարների»:
Թագուհի Ֆարահ Դիբայի մայրը՝ Ֆարիդե Դիբան իր փեսայի մասին ասում է.«Մոհամմադ Ռեզան, իր արևմտյան դաստիարակության պատճառով, մարդկանց նվաստացնում էր և անտեսում էր մարդկանց անհատականությունը: Եթե ինչ-որ մեկը նրա առջև ինչ-որ շնորհք էր դրսևորում, անհապաղ հեռացվում էր: Նա ցանկանում էր բոլորն իրեն ծառայեն: Բանակում ևս նույն քաղաքականության էր հետևում: Բանակի հրամանատարները ծերացած ու ոչ-գործունյա մարդիկ էին: Հատկապես բանակում Մոհամմադ Ռեզան փորձում էր դրածո և ստոր մարդիկ պաշտոնյա լինեին: Պաշտոնական միջոցառումների կամ հյուրասիրությունների ժամանակ տեսնում էի, թե բանակի բարձրաստիճան սպաները անգամ թագավորի կոշիկներն էին համբուրում: Այս սպաներն անհատականությունից զուրկ էին»:

Իսլամական հեղափոխությունը, վերակենդանացնելով Իրանի մշակույթը, գաղափարախոսությունն ու կրոնական ինքնությունը, հաստատեց և երաշխավորեց մարդկանց, հատկապես նոր սերնդի անհատականությունը և նրանց ակտիվ ներկայությունը սոցիալական տարբեր ասպարեզներում: 1979 թ.-ին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը շրջադարձային պահ դարձավ կրոնական ինքնության վերածննդի համար: Իսլամական հեղափոխությունը մուսուլման ազգերի մոտ ստեղծեց այն համոզմունքը, որ կարելի է իրական փառքի հասնել ՝ ապավինելով իսլամական մշակույթին:
Հարգարժան բարեկամներ հետևեք «Պայծառ ապագա» հաղորդաշարի մյուս թողարկումներին, որոնց ընթացքում կանդրադառնանք հեղափոխությանը հաջորդող տարիներին, Իրանի Իսլամական Հանրապետության ձեռքբերումներին: