Նոռուզը և ազգերի ավանդույթները
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i167314-Նոռուզը_և_ազգերի_ավանդույթները
Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք որոշ երկրների նոռուզյան ավանդույթներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2022 21:54 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կծանոթանանք որոշ երկրների նոռուզյան ավանդույթներին:

Ողջույն հարգելի ունկնդիրներ: Ձեզ ենք ներկայացնում Նոռուզին՝ իրանական գարնանամուտին նվիրված հատուկ հաղորդում: Այսօր խոսելու ենք Նոռուզը նշող երկրների ժողովուրդների ծիսական սովորությունների մասին: Հաղորդման ընթացքում լսելու ենք նոռուզյան գեղեցիկ երաժշտություն և երկու հարցազրույցներ: Նախ կլսենք Բելուչեսթանի շրջանից գարնանային գեղեցիկ մի երաժշտություն:

****

Այս երաժշտությունը, որ լսեցիք, Բելուչեստանի ամենատարածված երաժշտական ոճն է, որի բանաստեղծությունների թեման է՝ սովորաբար բնությունը, սիրեցյալը, հայրենի երկիրն ու կարոտը: Երաժշտական այս կտորը համահունչ է նոռուզյան տոնական տրամադրության:

Նոռուզյան օրերին, երաժշտական գեղեցիկ մեղեդիներ ու շնորհավորանքներ են լսվում ոչ միայն Իրանում, այլև իրանական մշակութային տարածաշրջանում գտնվող այլ երկրներում: Իրանն ունի շատ հին պատմություն, և այս հնագույն պատմության և քաղաքակրթության արդյունքում նրա մշակութային տարածքը շատ մեծ է։ Հինավուրց Նոռուզը մշակութային այս ոլորտի գլխավոր դրսեւորումներից մեկն է, որն այսօր նշվում է ավելի քան 12 երկրներում: Նոռուզը, որը հյուսիսային կիսագնդում գարնանային գիշերահավասարի և գարնան սկիզբն է, կապված է գեղեցիկ սովորույթների ու ավանդույթների հետ, և ավելի քան երեք հազար տարի է, որ աշխարհի տարբեր ծայրերում բազմաթիվ ընտանիքներ հավաքվում են իրար շուրջ գարնանային այս գեղեցիկ տոնը նշելու համար: Նոռուզն այնքան սիրված է աշխարհի մարդկանց շրջանում, որ 2010 թվականին ՄԱԿ-ի ընդունած որոշման համաձայն՝ այս օրը ճանաչվեց «Նոռուզի միջազգային օր»: Նոռուզը տոնող երկրներն են՝ Աֆղանստանը, Պակիստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հնդկաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, և Չինաստանի որոշ էթնիկ խմբեր և շատ ուրիշներ:

Նոռուզը ՄԱԿ-ում

Նախ այցելենք Ադրբեջանի Հանրապետություն: Այս երկրի ժողովուրդը շաբաթներ առաջ նախապատրաստվում է Նոռուզի համար: Նրանք շատ ճոխ հրավառությամբ նշում են տարեվերջի վերջին չորեքշաբթի օրը՝ Չհարշանբեսուրին: Չհարշանբեսուրին անվանվել է չորս տարրերի՝ հողը, ջուրը, հողմն ու կրակը հիշեցնելով: Բաքվի Իչերիշեհրի թաղամասում նոռուզի օրերին նոռուզյան ավանդական միջոցառումներ են կազմակերպվում, տեղական ճաշեր ու տարբեր խորովածներ են պատրաստվում և այդ շրջան են այցելում զբոսաշրջիկները: Տարբեր տաղավարներում վաճառվում են քաղցրավենիքներ, վարենիներ ու ձեռարվեստի աշխատանքներ:

Նոռուզը նշում են նաև Հնդկաստանում: Միգուցե զարմանալի լինի, բայց այս հսկայական երկիրը հեռու չէ իրանական մշակույթի ազդեցությունից նախորդ տիրակալների տիրապետության և պարսկական մշակույթի ու լեզվի տարածման ժամանակ, և հնդկական մշակույթի ու պատմության ամեն մի անկյունում նկատվում են պարսկական մշակույթի հետքեր։ Նոռուզը նշում են ոչ միայն պարսիկ միգրանտները, այլև Հնկաստանի որոշ ցեղերը: Այս կապակցությամբ լսում եք երկար տարիներ Իրանում բնակվող պարոն Ղամար Աբբասի խոսքերը:

«Ղամար Աբբասն եմ: Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար Պրադեշ նահանգից: Պետք է ասեմ, որ Նոռուզը նշվում է ամբողջ Հնդկաստանում և հատկապես երեք շրջաններում։ Առաջինը Հնդկաստանի Քաշմիրի շրջանն է, որտեղ նշվում է ինչպես Իրանում, իսկ Նոռուզի առաջին օրը այս շրջանում ոչ աշխատանքային օր է։ Քաշմիրում, բացի միմյանց այցելելուց, որը տարածված է նաև Իրանում, այս շրջանի բնակիչները Նոռուզին ծառեր են տնկում իրենց տներում և այգիներում, և նույնիսկ պետական մակարդակով ծառատնկություն է տեղի ունենում: Տոնակատարությունը տևում է յոթ օր և պատրաստվում են տեղական ուտեստներ: Քաշմիրում Նոռուզը շատ նման է իրանական Նոռուզին և այս տարածաշրջանի մշակույթը շատ նման է իրանական մշակույթին և այդ պատճառով այն կոչվում է նաև փոքր Իրան։ Հնդկաստանի մեկ այլ տարածաշրջանում և Հնդկաստանի պարսիկների շրջանում նշվում է Նոռուզը: Այս պարսիկները՝ Իրանի զրադաշտականներն են, որոնք  դարեր առաջ Հնդկաստան են գաղթել, և նրանց մշակույթը որոշ չափով կրում է հնդկական բնիկ մշակույթի ազդեցությունը: Նրանք էլ Նոռուզը նշում են նույն այն հիմնավորմամբ, որ Իրանում են նշում: Նրանց ծրագրերը մի փոքր ազդվել են Հնդկաստանից: Հնդկաստանի պարսիկները Նոռուզի համար պատրաստում են և՛ իրանական, և՛ տեղական ճաշատեսակներ: Օրինակ՝ իրանական երկու կերակրատեսակ՝ զաֆրանով փլավ, և հարիսա, իսկ Նոռուզի մնացած ուտեստները տեղական են։ Պարսիկների մեծ մասն ապրում է Գուջարաթում և Մումբայում։ 

Սա երկրորդ խումբն էր, իսկ երրորդ խումբը, որը նշում է Նոռուզը, սովորաբար Հնդկաստանի շիաներն են: Նրանք այնքան էլ հրապարակային չեն նշում, այլև հիմնականում նշում են Նոռուզն իրենց տներում և հատուկ սփռոց են փռում և կերակուրը պատրաստում ըստ տարվա գույնի։ Կան բազմաթիվ տարածքներ, որտեղ հին ավանդույթի համաձայն Նոռուզի օրը ջուր են ցողում միմյանց վրա: Իհարկե, ինչպես նշեցի, Նոռուզը նրանք նշում են տանը և առավելապես նկատվում է Հնդկաստանի շիաների շրջանում»։

Լսեցինք Հնդկաստանի բնակիչ՝ Ղամար Աբբասի խոսքերը Նոռուզի մասին:

Հնդկաստանից տեղափոխվենք Պակիստան, որը մշակութային ու պատմական առումով հեռու չէ Հնդկաստանից: Նոռուզի թեմայով զրուցել ենք Աբդոլռահիմ Դուրանիի հետ: Միասին լսենք այդ զրույցը:

«Ողջույն: Աբդուլ Ռահիմ Դուրանին եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության փուշթու ռադիոյի տնօրենը, Պակիստանի Խայբեր Փախթունխա քաղաքից: Պակիստանում նոռուզի որոշ արարողություններ ընդհանուր են Իրանի հետ, որոնցից մեկը յոթը թիվն է։ Օրինակ, որոշ տարածքներում կերակուրներ են պատրաստում, ինչպիսիք են յոթ սնունդը և յոթ միրգը: Տարբեր տարածքներում սովորույթները տարբեր են։ Եթե խոսեմ Փեշավարի շրջանի մասին, որտեղ իմ ծննդավայրն է, այնտեղ մարդիկ պատրաստում են յոթը տեսակ քաղցրավենիք: Որոշ շրջաններում տների ընդհանուր մաքրություն են անում, այցելություններ են լինում  և նոր զգեստներ են հագնում: Որոշ շրջաններում ընդունված է Նոռուզի գիշերը կրակ վառել և ցատկել դրա վրայով։

Բայց Պակիստանի մեծ մասում, ինչպիսիք են Քաշմիրը և Գիլգիթ-Բալթիստանը, որն այժմ դարձել է նահանգ, ասում են, որ այն օրը, երբ Իմամ Ալին ընտրվել է, որպես շիաների էմիր, այդ օրը Նոռուզ է: Ուստի այս օրը նրանք հատուկ աղոթքներ են կարդում, նոր հագուստ են հագնում, և հատուկ խաղեր են ունենում: Որոշ շրջաններում, ինչպես, օրինակ, Բելուջիստանում, նրանք նշում են «Սիզդաբեդարը», և նոր տարվա տասներեքերորդ օրը նրանք գնում են լեռներ, հարթավայրեր և ձորեր նշում են Սիզդաբեդարը: Մեկ այլ ավանդույթի համաձայն, ջուր են ցողում միմյանց վրա: Սա հնագույն ծեսերից մեկն է, և հավատում էին, որ ջուրը լույս է:

Կարաչիի և Լահուրի նման խոշոր քաղաքներում Նոռուզը շատ չեն նշում, բայց լեռնային շրջաններում՝ Քաշմիրում, Գիլգիթ-Բելսանում և Բելուջիստանում, այն հիմնականում նշվում է տեղացիների կողմից՝ քանի որ այս շրջանի բնակիչները հիմնականում հողագործներ ու անասնաբուծներ են և նրանց համար ամեն ինչ սկսվում է գարնանը և Նոռուզն ունի հին փիլիսոփայություն, որը կապված է գյուղատնտեսության հետ, և այն մարդկանց, ովքեր հիմնականում հովիվներ կամ ֆերմերներ են այս տարածքներում, նրանց մոտ մնացել են այդ համոզմունքների մեծ մասը»:

Լսեցինք պրն. Դուրանիի խոսքերը Պակիստանում Նոռուզի մասին:

Հարգելի ունկնդիրներ ավարտվեց նոռուզյան թեմայով այս հաղորդման եթերաժամը: Հույս ունենք այս հաղորդումն արժանացել է ձեր հավանության: Շնորհավորում ենք Նոռուզը: Տերն ընդ ձեզ: