Ֆեթրի տոն՝ երկրպագության տոն
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i170888-Ֆեթրի_տոն_երկրպագության_տոն
Շավալ ամսվա առաջին օրը նշվող Ֆեթրի տոնով ավարտվում է ռամազան ծոմապահության ամիսը: Ֆեթրը մուսուլմանների կարևորագույն տոներից է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2022 19:36 Asia/Tehran

Շավալ ամսվա առաջին օրը նշվող Ֆեթրի տոնով ավարտվում է ռամազան ծոմապահության ամիսը: Ֆեթրը մուսուլմանների կարևորագույն տոներից է:

Այս օրվա ավանդույթների համաձայն, Ֆեթրի տոնը ռամազանի ընթացքում ծոմ պահողների  վարձատրության օրն է: Այս օրն արգելված է ծոմ պահել, և մուսուլմանները պետք է պարտադիր զաքաթ վճարեն: Աշխարհի բոլոր ծայրերում ապրող մուսուլմանները Ֆեթրի տոնի օրը նշում են իրենց հաղթանակը մարմնական ցանկությունների նկատմամբ և նրանց շուրթերին փրկության շշուկն է:

Այսօր Ֆեթրի տոնն է:  Իսլամ աշխարհի ամենամեծ տոներից համարվող Ֆեթրի տոնն անկեղծ աղոթքի ու մարդու՝ ինքն իր նկատմամբ հաղթանակի տոնն է: Այսօր ուրախության օր է բոլոր նրանց համար, ովքեր երեսուն օր շարունակ ծոմ պահելուց հետո, հասել են իմացության լույսին:

Հավատացյալը նման է շիվի, որ մեկ ամիս հոգածության արդյունքում արմատ է նետել, ծաղկել  ու պատրաստվում է բերք տալ: Իմամ Ալին ասում է. «Այս օրը հրեշտակը ձեզ՝ ծառաներիդ, բարի լուր է հաղորդում, որ Աստված ներել է ձեր մեղքերը: Ուրեմն զգույշ եղեք, թե ձեր կյանքի մնացած օրերին  ինչպես կվարվեք:

Ֆեթրի տոնը համընդհանուր տոն է: Այն նշում են ամբողջ աշխարհի մուսուլմանները: Այն, ինչպես և ռամազանը, յուրահատուկ է իսլամական տոների մեջ: Ֆեթրի տոնը միասնության ու կարեկցանքի, կրոնը փառավորելու և Աստծուն ավելի մոտ լինելու հնարավորություն է: Այսօր իսլամ աշխարհում աննկարագրելի ուրախություն է տիրում: Ֆեթրի տոնի կապակցությամբ, մի քանի օր առաջվանից, փողոցները սկսում են զարդարել, իսկ  տներում մաքրություն են անում: Տներում ու հանրային վայրերում կազմակերպվում են հյուարսիրություններ: Աշխարհի տարբեր երկրներում, մուսուլմանները պատրաստում են ավանդական կերակուրներ և քաղցրավենիք ու  հյուրասիրելով մարդկանց, շնորհավորում վերածննդի կապակցությամբ:

 

Իրանում նույնպես կարելի է  տեսնել հնազանդության ու երկրպագության այս գեղեցիկ դրսևորումը: Ֆեթրի տոնն Աստծու հետ մարդու հոգևոր կապի տոնն է: Այն նաև պատմում է իր հավատակիցների հետ մարդու հարաբերությունների մասին: Ուստի Ֆեթրի տոնին մուսուլմաններն օգնում են Պաղեստինում, Եմենում և Աֆղանստանում գտնվող իրենց տառապյալ եղբայրներին ու քույրերին,  որպեսզի  նրանց դեմքից հեռացնեն վիշտն ու ցավը: Իմամ Ալին ասում է, որ աստվածային մարդկանց հատկանիշն այն է, որ նրանց հոգիները տառապանքի մեջ են, սակայն նրանք մխիթարում են ուրիշներին:

Իսլամը  շատ է կարևորում ներողամտությունն ու կարեկցանքը: Եվ Ֆեթրի տոնի կարևոր ավանդույթներից է զաքաթ վճարելը՝ մերձավորներին օգնելու համար: Ֆեթրի տոնին նախորդող գիշերը մուսուլմանները գումար են նախապատրաստում՝ որպես զաքաթ վճարելու համար: Այս աստվածային ավանդույթը, որն իսլամական աշխարհում մեծ կիրառություն ունի, օգնում է մեղմել աղքատությունը և որոշ չափով լուծել սոցիալական ու տնտեսական խնդիրները: Զաքաթն ինչ որ կերպ հավասարակշռում է հասարակությունը և նվազեցնում աղքատության ու զրկանքի շրջանակը: Զաքաթը, որ վճարվում է Աստծուն երկրպագելու և մերձենալու նպատակով, ինչ որ կերպ օգնում է նյութականի միջոցով հոգևոր գերազանցության հասնելուն:

Ֆեթրի տոնին վճարվող զաքաթը կարող է օգտագործվել առողջության, բուժման, մշակութային նպատակներով,  ինչպես նաև պարտքերը մարելու համար: Այս գումարը կարելի է  օգտագործել նաև  մզկլիթներ, դպրոցներ, կամուրջներ, ճանապարհներ, հիվանդանոցներ և հանրային նշանակության այլ կառույցներ կառուցելու համար: Ռամազանի ամենակարևոր արդյունքներց մեկն իսլամական հասարակությունների դեմքից զրկվածության փոշին մաքրելն է:  Իմամ Ալին, իր որդիներից մեկի հետ զրույցում, ասում է. «Զավակս, վախենում եմ որ աղքատանաս, քանի որ աղքատությունը թերի է դարձնում մարդկային կրոնը և վնասում մարդու մտքին ու գաղափարներին»:

 

Այսպիսով, Ֆեթրի տոնը նոր ճանապարհի սկիզբն է: Եվ եթե մարդն այդ ճանապարհին զգույշ լինի իր արարքների ու վարքի նկատմամբ, նա կհասնի իր նպատակակետին: ֆեթրի տոնն Աստծու հետ պայման է առաջնորդության ու մաքրության ճանապարհը շարունակելու մասին: Ուրեմն այս տոնին յուրաքանչյուրն Աստծուն կհասնի այնքանով, որքան իմացություն ձեռք բերած կլինի:

Ֆեթրի տոնին, Արարչին մեկ ամիս անկեղծ երկրպագելուց և Աստծու անծայրածիր սեղանին հյուրընկալվելուց հետո, հավատացյալ մուսուլմանները գոհաբանության նամազ են կարդում և աշխարհը հարստացնում սիրով ու հոգևորով:

Շնորհավոր Ֆեթրի տոնը: