Գեղարվեստական հաղորդում (366)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i197572-Գեղարվեստական_հաղորդում_(366)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2023 09:16 Asia/Tehran
  • Գեղարվեստական հաղորդում (366)

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

«Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է նոր և բացառիկ «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական  նախագիծը։ Առաջին համերգը կկայանա ապրիլի 21-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: Այն նվիրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան, ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Համերգը կուղեկցվի դաշնակահար Ելենա Վարդազարյանի նվագակցությամբ։ Բեմադրող ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանը։
Ծրագրում ներկայացված է ֆրանսիական իմպրեսիոնիզմն՝ իր ողջ գունապնակով։ Արվեստի այդ ուղղությունը հայտնի է ավելի շատ գեղանկարչությամբ, սակայն այս շրջանը հայտնի է նաև իր երաժշտությամբ, որը, սակայն քիչ է հայտնի երաժշտասերների շրջանակում։ Կհնչեն Մ․ Ռավելի  «Շեհերազադե», «Պավան», «Հայտնի երգեր» (ժողովրդական երգերի շարք), «Հունական երգեր», Հ․ Բեռլիոզի «Վիլլանելե», Գ․ Ֆորեյի «Ադաջետո» և «Իմպրովիզ», Կ․ Դեբյուսիի «Երազ» ստեղծագործությունները։

Ստեղծագործության հիմքում 20-րդ դարի բանաստեղծ Տ․ Կլինգզորի «Շեհերազադե» բանաստեղծությունների ժողովածուն է, որը գրվել է Ռիմսկի-Կորսակովի համանուն սիմֆոնիկ սյուիտից ոգեշնչված։

Մ․ Ռավելի  «Շեհերազադե» եռամաս վոկալ շարքը հեքիաթային գունեղությամբ արտահայտում է արաբական հեքիաթների մթնոլորտը, գույները և երանգները։

Image Caption

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոն 2023 թվականին նշում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  մեդալներով և  շնորհակալագրերով պարգևատրեց ոլորտում իրենց ավանդն ու ներդրումն ունեցած կինոգործիչներին:

ԿԳՄՍ նախարարը, պարգևատրելով կինոգործիչներին նշեց, որ երբ այսօր խոսում են հայ կինոյի 100-ամյակից, առաջին հերթին խոսում են կոնկրետ մարդկանց և նրանց ներդրման մասին և պետք է արժևորել այդ ներդրումը՝ արտահայտելով գնահատանքի այն ձևերով, որոնք կան և գործում են:

«Չնայած տեխնոլոգիաները և ժամանակները փոխվում են, բայց կինոն մեր կյանքում շարունակում է մնալ,  կինոն ինչ-որ առումով ներկայացնում է նաև արվեստի դեմքը հանրության առաջ»,-ասաց նա:

Նա նշեց, որ հոբելյանի առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր:

Ծրագրերն իրականացվելու են 4 ուղղություններով՝ ռազմավարական, միջազգային, հրատարակչական և ներպետական: Հոբելյանական տարվա մեկնարկը կտրվի ապրիլի 16-ին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Հանդիսավոր երեկո» միջոցառմամբ:

Image Caption

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ապրիլի 12-ին հյուրընկալվել են Լիոնից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները։ Պատվիրակության կազմում են եղել Լիոն քաղաքի երրորդ վարչական շրջանի քաղաքապետ Վերոնիկ Դյուբուա Բերտրան, Լիոնի գրաֆիկական հաղորդակցության թանգարանի տնօրեն Ժոզեֆ Բելետանտը, Լիոնի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Իզաբել Բերտոլոտտին և ուրիշներ։

Մանկական գրադարանի տարածած հաղորդագրությունից, գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը հյուրերի համար շրջայց է կազմակերպել գրադարանի սրահներում, ներկայացրել է 90-ամյա հետագիծ ունեցող գրադարանի պատմությունն ու գործունեության ուղղությունները։

Հանդիպման ընթացքում կարևորվել են քույր քաղաքների միջև մշակութային` հատկապես գրադարանային ոլորտում կապերի ամրապնդման հեռանկարները։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պատվիրակության այցը Հայաստան կազմակերպվել է դեռևս 2018 թ․ Լիոնի Մետրոպոլի ու Երևան քաղաքի միջև ստորագրված համաձայնագիրը վերակնքելու նախաձեռնության շրջանակներում։ Այդ համաձայնագրի կարևոր բաղադրիչներից են մշակույթի, կրթության ու գիտության ոլորտները, և ներկայում իրականացվող հանդիպումները նախկինում ստանձնած պայմանավորվածությունները թարմացնելու, համագործակցություն շրջանակներն ընդլայնելու նպատակներն են հետապնդում։

Image Caption

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար մայիսի 1-ից կլինի անվճար:

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, գործընթացը սահմանվել է նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիա) տոմսերի սակագներն ու արտոնությունները սահմանելու և ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի հունիսի 29-ի N 368-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 492-Ա/2 հրամանով։

Ըստ այդմ` ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերի սակագները սահմանվել են 1000-3000 ՀՀ դրամ։ Թանգարանի մշտական ցուցադրության բացատրության (էքսկուրսիա) տոմսերի գները՝ հայերեն և օտար լեզուներով, սահմանվել են 1000-5000 ՀՀ  դրամ:

Image Caption

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախաձեռնությամբ շուրջ քսան տարուց ավելի Հայաստան են ժամանում աշխարհի լավագույն երաժիշտները, որոնց համերգները վեր են ածվում մեծ տոնահանդեսի: Մայիսի 27-ին Հայաստանում առաջին անգամ հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդաս Կավակոսը:

«Նա մեր օրերի ականավոր, վիրտուոզ երաժիշներից է, որի բացառիկ վիրտուոզությանը բնորոշ է անգերազանցելի երաժշտականությունը: Նա առաջատար փառատոնների ցանկալի հյուրն է, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Նրա համերգները տեղի են ունենում հանրահայտ համերգասրահներում: Նա ձայնագրվում է BIS, ECM և «Sony Classical» ընկերությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Լեոնիդաս Կավակոսը ծնվել է 1967 թ. Աթենքում, երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Հունաստանի ազգային կոնսերվատորիայում՝ Ստելիոս Կաֆանտարիսի մոտ, որին համարում է իր երեք ուսուցիչներից մեկը՝ Ջոզեֆ Գինգոլդի և Ֆերենց Ռադոսի հետ միասին։ 21 տարեկանում, դառնալով միջազգային երեք հեղինակավոր՝ Հելսինկիի Սիբելիուսի, Ջենովայի Պագանինիի և ԱՄՆ-ի Նաումբուրգի մրցույթների հաղթող, Կավակոսը ձեռք է բերել համաշխարհային համբավ, իսկ Սիբելիուսի Ջութակի կոնցերտի օրիգինալ տարբերակի ձայնագրության համար, որն առաջինն էր երաժշտության պատմության մեջ, արժանացել «Gramophone» մրցանակի: 2017 թ. Կավակոսին շնորհվել է դանիական «Leonie Sonning» երաժշտական մրցանակը, որը տրվել է այնպիսի ականավոր երաժիշտների, ինչպիսիսք են Լեոնարդ Բերնստայնը, Բենջամին Բրիտտենը, Արթուր Ռուբինշտեյնը, Յեհուդի Մենուհինը, Դմիտրի Շոստակովիչը, Դիտրիխ Ֆիշեր-Դիեսկաուն, Մստիսլավ Ռոստրոպովիչը և ուրիշներ։

Image Caption

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է:

Երկրորդ տեղում է Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը. 2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող  երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից:

Երրորդ տեղում է Մարկ Արենի և Վարս Չարենցի հեղինակած «Դարձյալ սիրո մասին» վեպը։ Վեպը հանճարեղ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սևակի և Յաննի Ապպելի անմահ սիրո պատմությունն է։ Ազգակործան դաժան եղեռնի ծանր օրերին Սևակին փրկություն առաջարկող թուրք պաշտոնյային սառնասրտորեն մերժած Ռուբեն Սևակը գերադասում է դաժան մահը, քան հավատուրացության միջոցով իր կյանքը փրկելը...

Չորրորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ:

Նորվարդ Մարտիրոսյանի «Հրեշտակների կածանը» հինգերորդ տեղում է։ Վիպակը սոցցանցի միջոցով այրի ուսուցչուհու և դաշնակահարի ծանոթությունից ծնված մեծ սիրո մասին է։ Գիրքը լի է դրամատիկ դրվագներով, գեղեցիկ բանաստեղծություններով, խոհափիլիսոփայական մտքերով:

Վեցերորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց:

Յոթերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։

Ութերորդ տեղում է Հովսեփ Վարդանյանի «Ագապի»-ն։ «Ագապի» վեպը մի անմեղ սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ:

Իններորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:

Տասներորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը»։ Այն ամենը, ինչ ընթերցողը կկարդա այս գրքում, շուրջ 60 տարի ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի արխիվներում ու հետախուզության փակ թանգարանում խնամքով ու ամենայն խստությամբ պահպանվում էր «հույժ գաղտնի», «պահպանել հավերժ», «վտանգի դեպքում այրել» մակագրություններով:

Image Caption

Հրատարակվել է Նորեկ Գասպարյանի «Շուշեցի մի ծիծաղող տղեկ» վեպը մանկական զվարթախոսության տարերքով ստեղծված գործ է, որտեղ սեփական ընտանիքի պատմությունն ու մանկության հուշերի գունեղ նկարագրությունը աստիճանաբար վերաճում է յուրօրինակ էպիկական ասքի՝ Շուշի քաղաքի, տոհմիկ ու եկվոր շուշեցիների ոչ միանշանակ հարաբերությունների, կենցաղի ու սովորությունների մասին: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Image Caption

Ռեժիսոր Արա Մնացականյանի՝ «Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը միջազգային կինոփառատոններում: ֆիլմն ընդգրկվել է 12 երկրների 35 միջազգային կինոփառատոնների մրցութային ծրագրերում ու արդեն հասցրել է արժանանալ 50 մրցանակի:

Ֆիլմն արտադրող «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը և ստեղծագործական կազմը հայ կինոյի պատմության մեջ այս ռեկորդային թվով մրցանակները և հետայսու ստանալիք որևէ նոր պարգև նվիրում են Հայ կինոյի հարյուրամյակին:

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ամերիկայի Հայ միսոներական ընկերակցության, Մարդիրոսիան-Ագարակյան իրավաբանական ընկերակցության, Բեյրութի Համազգային համալսարանի, Սալոնիկի ՀՕՄ-ի և Համազգային միության մասնաճյուղերի, Նյու Յորքի Վարդանանց Ասպետներ մասնաճյուղի, ինչպես նաև Սփյուռքի մի շարք բարերարների ֆինանսական աջակցությամբ: