Հաշեմի Ռաֆսանջանի՝ անգերազանցելի քաղաքական գործիչ(1)
Այս թողարկման ընթացքում կխոսենք Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի կյանքի և իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ մղած քաղաքական պայքարի մասին։
2017 թվականի հունվարի 8-ին՝ կիրակի օրը, Թեհրանի ժամանակով ժամը 19։30 րոպեին անսպասելիորեն ցավալի լուր հրապարակվեց, որը ցնցեց ողջ Իրանը և տխրեցրեց իսլամական հեղափոխությունը սիրող ու ընդունող բոլոր իրանցիներին ամբողջ աշխարհում։ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին Իրանի իսլամական հեղափոխության լուսահոգի առաջնորդ Իմամ Խոմեյնիի մոտ ընկերներից էր և մինչև վախճանը զբաղեցնում էր Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահի պաշտոնը։ Նա իր կյանքի ընթացքում մեծ պայքար է մղել շահական բռնի ռեժիմի դեմ։ Բժիշկների հավաստմամբ՝ նրա մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել։ Լուսահոգի Այաթոլլահ Ռաֆսանջանիի ցավալի վախճանից անմիջապես հետո հազարավոր մարդիկ հավաքվեցին այն հիվանդանոցի առջև, որտեղ նա հոսպիտալացվել էր։ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին լուսահոգի Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ հղած ուղերձում ասում է․«Ցավով տեղեկացա իսլամական շարժման պայքարի շրջանում իմ վաղեմի ընկերոջ, զինակցի ու ընկերակցի և իսլամական հանրապետության շրջանում իմ ամենամոտ գործընկերոջ՝ Այաթոլլահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հանկարծակի վախճանի մասին: Ծանր ու ցավալի է այն զինակցի ու ընկերակցի կորուստը, ում հետ համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 59 տարի առաջ»։ Իր ուղերձում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը այսպես է բնութագրում Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի անձը․«Նրա անձը նվիրվածության, համարձակության և շահական դաժան ռեժիմի դեմ պայքարելու բացառիկ վճռականության օրինակ է բոլորի համար։ Տարիներ տևած ազատազրկումները և բազմաթիվ դժվարությունները երբեք չեն կարողացել խամրել պայքարի լույսը նրա սրտում։ Սրբազան պաշտպանության ընթացքում ստանձնած պարտականությունները, Իսլամական խորհրդարանի նախագահությունը և զբաղեցրած բազմաթիվ այլ պաշտոնները նրա կյանքի վառ և խոսուն էջերից են։ Հաշեմի Ռաֆսանջանիի անժամանակ մահը խորապես ցնցեց ինձ, քանի որ նրա հետ կյանքի և պայքարի երկարատև ուղի եմ անցել»։ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին վախճանվեց Իրանի լուսահոգի բարեփոխիչ նախարարապետ Ամիր Քաբիրի մահվան օրը՝ 165 տարի առաջ։ Նա ավելի քան երեքուկես տարի եղել է Իրանի նախարարապետը և պաշտոնավարել է Ղաջարական անարժան թագավոր Նասերեդդին շահի օրոք։

Ամիր Քաբիրն Իրանի բացառիկ քաղաքական գործիչներից է եղել, ով իր կյանքի և պաշտոնավարման ընթացքում ձեռնարկել է բազմաթիվ բարեփոխումներ, ինչն էլ իր հերթին հարուցել է ժամանակի գաղութարար Անգլիայի թշնամանքը։ Այդ երկիրը դավադրություն է կազմակերպում Ամիր Քաբիրի դեմ, ինչի արդյունքում ղաջարական անարժան շահը ձերբակալել, այնուհետև սպանել է տալիս նրան։ Սական նրա անունը հավերժորեն մնացել է Իրանի փառավոր պատմության էջերում։ Ամիր Քաբիրը Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի սիրած պատմական դեմքերից էր։ Շահ Մոհամմադռեզա Փահլավիի հանցավոր ռեժիմի դեմ պայքարի տարիներին նա գիրք է գրել Ամիր Քաբիրի մասին «Ամիր Քաբիր կամ գաղութատիրության դեմ պայքարի եզակի օրինակ» վերնագրով։ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին ծնվել է 1935 թվականին Քերման նահանգի Ռաֆսանջան ավանի Բահրեման գյուղի կրոնական խոր արմատներ ունեցող հողագործ ընտանիքներից մեկում։ Նա տասնչորս տարեկան հասակում տեղափոխվում է Ղոմ քաղաք՝ կրոնական կրթություն ստանալու նպատակով։ Իսլամական արժեհամակարգի կրող և գիտություն սիրող այդ երիտասարդը շատ շուտով մուտք է գործում քաղաքական պայքարի ասպարեզ։ 1953 թվականին դոկտոր Մոսադեղի կառավարության դեմ կազմակերպված ամերիկա-անգլիական հեղաշրջումից հետո Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին սկսում է իր քաղաքական և մշակութային գործունեությունը։ Այաթոլլահ Խամենեիի հետ նա ծանոթացել է հենց այդ տարիներին։ Սակայն Իմամ Խոմեյնիի հետ ծանոթությունը Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի կյանքը մեկընդմիշտ փոխեց։ Այդ ժամանակ դեռևս Իմամ Խոմեյնին մեծ ճանաչում չուներ։ Նրան ճանաչում էին միայն որպես Ղոմ քաղաքի լավագույն ուսանողներից մեկը։ Հաշեմի Ռաֆսանջանին շուտով դարձավ Իմամ Խոմեյնիի մոտ և սիրելի աշակերտներից մեկը։ Պայքարի տարիների ընթացքում նա իրականացնում էր նաև մշակութային գործունեություն և մի քանի հեղափոխական երիտասարդների հետ համագործակցությամբ հրատարակում էր շիաականության մասին բազմաթիվ գրքեր։

Մոհամադռեզա Փահլավին 1953 թվականի հեղաշրջումից հետո ԱՄՆ-ի և Անգլիայի լիակատար աջակցությամբ ցանկանում էր իր իշխանության հիմքերը ամրացնել։ Ժողովուրդը չէր աջակցում շահական ռեժիմին, այդիսկպատճառով շահը նպատակ ուներ որքան հնարավոր է արագ երկիրը մտցնել ԱՄՆ-ի և Անգլիայի ազդեցության տակ։ Հենց այս պատճառով է, որ նա երկրում սկսեց անցկացնել բազմաթիվ հողային և սահմանադրական փոփոխություններ՝ սպիտակ հեղափոխության և քաղաքակրթական մեծ նվաճումների հասնելու անվան տակ։ Սակայն իրականում այս ամենը արվում էր ամերիկա-անգլիական ազդեցությունը երկրում մեծացնելու և շահական ռեժիմը կործանվելուց փրկելու նապատակով։ Շիաների մեծ մարջա ( հոգևոր խավի բարձրագույն կոչում) Այաթոլլահ Բորուջերդիի մահից հետո, Իմամ Խոմեյնին ճանաչվեց որպես շիաների մարջաներից մեկը և կարճ ժամանակահատվածում մեծ ժողովրդականություն ձեռք բերեց Իրանում։ Նա, հենվելով Հաշեմի Ռաֆսանջանիի նման խիզախ երիտասարդների աջակցության վրա, սկսեց Իրանի ժողովրդին շահի հանցավոր նպատակների մասին տեղեկացնելու ազգավներ գործունեությունը։ Իմամ Խոմեյնիի հասարակական ելույթները շահական ռեժիմի հիմքերը սասանեցին։ Ստեղծված պայմաններում իր իշխանությունը պահելու համար Մոհամմադռեզա Փահլավին հրամայեց ձերբակալել քաղաքական և կրոնական ակտիվիստներին և փորձեց վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի կարողանա դիմակայել մեծն Իմամի և նրա աշակերտների աննկուն կամային դրսևորումներին։ Այդ նպատակով շահական ուժերը 1963 թվականին հարձակվեցին ամենամեծ և հայտնի կրոնագիտական դպրոց Ֆեյզիյեի վրա և սպանեցին, վիրավորեցին ու ձերբակալեցին հարյուրավոր ուսանողների։ Ձերբակալվածների շարքում էր նաև Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին։ Այն ժամանակ կրոնական գիտությունների ուսանողները զիվորական ծառայությունից ազատված էին, սակայն շահական ռեժիմը Ղոմի կրոնագիտական դպրոցում տիրող հեղափոխական մթնոլորտը չեզոքացնելու և այդ երիտասարդներից դատարկելու համար նրանց զինապարտության մասին օրենք հրապարակեց։ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին առաջին հոգևոր այրերից էր, ով մեկնեց զինվորական ծառայության։

Խորդադ ամսի 15-ի ողբերգական դեպքերից հետո, երբ շահական ռեժիմի ռազմական և անվտանգության ուժերի կողմից սպանվեցին, վիրավորվեցին և կալանավորվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ, Իմամ Խոմեյնին լայնածավալ շարժում սկսեց շահական հանցավոր ռեժիմի դեմ։ Նույն ողբերգական դեպքերի ժամանակ զորամասից արձակման թերթիկով դուրս եկած Այաթոլլահ Ռաֆսանջանին այլևս չվերադարձավ այնտեղ և մի քանի ամիս թաքնվեց իր ծննդավայրում։ Այդ ընթացքում նա թարգանեց և տպագրեց Աքրամ Զաաթարի «Պաղեստինի պատմությունը» գիրքը կամ գաղութարարության սև վկայականը , որը, ըստ փաստորեն, բողոք էր Պաղեստինի ներկայիս վիճակի և ճնշված մուսուլմանների մասին։ Այդ գիրքը ժամանակի մտավորականների շրջանում մեծ արձագանք գտավ և հսկայական ազդեցություն ունեցավ։ 1964 թվականին՝ Իմամ Խոմեյնիի Թուրքիա, այնուհետև Իրաք աքսորվելուց հետո, նրա հավատարիմ աշակերտների մղած պայքարը պատմական նոր փուլ մտավ։ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին Իմամ Խոմեյնիի մյուս աշակերտների նման բազմաթիվ հալածանքների էր ենթարկվում շահական ռեժիմի դեմ պայքարելու համար։ Այդ ռեժիմի SAVAK անունով հայտնի անվտանգության կազմակերպությունը, որը նաև համակարգի լրտեսական գլխավոր կենտրոնն էր համարվում բազմիցս ձերբակալել և տանջանքների է ենթարկել Այաթոլլահ Ռաֆսանջանիին։ Սակայն պետք է նշել, որ շահական ռեժիմը ոչ մի կերպ չկարողացավ կոտրել ո՛չ Հաշեմի Ռաֆսանջանիի և ո՛չ էլ Իմամ Խոմեյնիի մնացած աշակերտների աննկուն կամքը։ Անգամ բանտում Ռաֆսանջանիի կամքը աննկուն էր։ Նա ամեն հարմար առիթ օգտագործում էր, որպեսզի իր ավանդը ունենա շահական ռեժիմի դեմ պայքարում և շարունակի ազգանվեր գործունեությունը։ Լինելով սրտացավ և կարեկցող անձնավորություն՝ Այաթոլլահ Ռաֆսանջանին իր պարտքն էր համարում ամեն հնարավոր միջոցներով օգնել քաղաքական պայքարում ձերբակալված մարդկանց ընտանիքներին։ Առանց վարանելու կարելի է ասել, որ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին շահական ռեժիմի դեմ պայքարի գլխավոր դեմքերից մեկն էր։ Նա կապ էր պահպանում Իմամ Խոմեյնիի հետ վերջինիս աքսորի տարիներին և կազմակերպում էր բազմահազարանոց ցույցեր շահի դեմ։ Երբ Իմամ Խոմեյնին Հեղափոխության խորհրդի անդամների ցուցակն էր կազմում Այաթոլլահ Ռաֆսանջանիի անունը առաջիններից էր, որ գրվեց նրա կողմից։ Հաշեմի Ռաֆսանջանին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ևս շարունակեց իր ազգանվեր գործունեությունը և առանցքային դերակատարում ունեցավ կայունության հաստատման և հեղափոխության հիմքերի ամրապնդման գործում։ Մյուս թողարկման ընթացքում կխոսենք Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի քաղաքական գործունեության մասին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո։