Հաշեմի Ռաֆսանջանի՝ անգերազանցելի քաղաքական գործիչ(3)
Հարգելի՛ ռադիոլսողներ, այս թողարկման ընթացքում կներկայացնենք Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի կյանքն ու գործունեությունը պարտադրված պատերազմի ավարտից հետո՝ մինչ նրա ցավալի վախճանը։

Իրանի իսլամական հեղափոխության ականավոր դեմքերից մեկի՝ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ պատրաստված եռամաս այս հաղորդաշարը նպատակ ունի ձեզ ներկայացնել այդ հեղինակավոր պատմական անհատականության անձնական հատկանիշները, կյանքն ու գործունեությունը։ Նախորդ երկու հաղորդումների ընթացքում խոսեցինք Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի՝ Իրանի իսամական հեղափոխությունից առաջ մղած պայքարի, ինչպես նաև հեղափոխության կազմակերպման հարցում նրա ունեցած մեծ դերակատարության մասին։ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո կազմավորված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական կյանքում նույնպես մեծ ներդրում է ունեցել լուսահոգի Հաշեմի Ռաֆսանջանին։ Նա երջանկահիշատակ Իմամ Խոմեյնիի ղեկավարությամբ ջանք ու եռանդ չի խնայել հեղափոխությունից հետո առաջացած ճգնաժամային իրավիճակը որքան հնարավոր է արագ հանգուցալուծելու և հեղափոխության թշնամիների կազմակերպած դավադրությունները հաղթահարելու համար։ Նորահռչակ իսլամական համակարգի առջև այդ շրջանում ծառացել էին բազմաթիվ խնդիրներ։ Մեծ տերությունները աջակցում էին Իրանում գտնվող բազմաթիվ անջատողական ուժերին՝ համակարգը քայքայելու և պառակտելու նպատակով, սահմանամերձ նահանգներում անհնազանդություններ էին տեղի ունենում։ Շատ չանցած այս ամենին գումարվեց նաև Սադամի բաասական ռեժիմի կողմից պարտադրված ութամյա պատերազմը, որը ծավալվեց Իրան-Իրաք 1200 կիլոմետր սահմանագծի ողջ երկայնքով։ Ստեղծված ծանր իրավիճակը և բազմաթիվ ճգնաժամները երկիրը կեղեքում էին ներսից և դրսից, սակայն Իրանի ժողովուրդը դիմադրություն ցույց տվեց Իմամ Խոմեյնիի առաջնորդության լույսի ներքո։ Անշուշտ պետք է նշենք, որ իրանցիների միահամուռ պայքարի և Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի նման փառավոր անհատականություններ ունենալու շնորհիվ էր, որ երկիրը կարողացավ հաղթահարել վերոհիշյալ ողջ դժվարությունները։
Իրանի Իսլամական Հանրապետությունը իր երիտասարդական աննախադեպ և փայլուն ներուժի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել Սադամի բաասական ռեժիմի բանակի դեմ պատերազմում, որը զինված էր արևմտյան և արևելյան ուժային բլոկների տրամադրած նորագույն սպառազինությամբ։ Սադամի պարտությունը հիրավի ծանր եղավ նաև վերջինիս դաշնակիցների և աջակիցների համար։ Այդիսկպատճառով 1987-1988 թվականների ընթացքում ԱՄՆ բացահայտորեն պատերազմի մեջ մտավ Իրանի հետ Պարսից ծոցում։ Այդ տարիների ընթացքում Իրանի նկատմամբ թշնամական վերաբերմունք ցույց տվեցին Պարսից ծոցի արաբական էմիրաթները։ Սաուդյան Արաբիան Իրանի հաղթարշավը կասեցնելու նպատակով ֆինանսական մեծ օժանդակություն էր ցուցաբերում Սադամի բաասական ռեժիմին։ Այդ երկիրը ութամյա պատերազմի տարիներին մեծացրեց նավթի արդյունահանման տեմպերը և իջեցրեց գները, որպեսզի նվազեն նավթի վաճառքից ստացվող Իրանի եկամուտները։
1987 թվականին պատերազմի ավարտի հեռանկարը ավելի անկանխատեսելի դարձավ։ Խորհրդարանի նախագահ և պատերազմի հրամանատար Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին լրագրողներին տված հարցազրույցում պատերազմի ավարտի վերաբերյալ ասել է․ «Աշխարհի համար շատ կարևոր է, որպեսզի Իրաքի պարտությունը Իրանի համար ռազմական հաղթանակ չլինի»։ Նույն թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց թիվ համար 598 բանաձևը, որը ընդունվեց նաև Իրանի կողմից։ Բանաձևի ընդունումից հետո Արտաքին գործերի նախարարությունը սկսեց ակտիվ պատրաստություններ տեսնել դրա գործադրման համար։ Իրանի խորը տնտեսական դժվարությունները, ԱՄՆ-ի ուղղակի միջամտությունը պատերազմին ի օգուտ Սադամի ռեժիմի և պարտերազմի դաշտում բաասական ռեժիմի կողմից իրականացվող բազմաթիվ պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվում էին այդ հանցավոր ռեժիմին օժանդակող ուժերի թույլտվությամբ, բավականին ծանրացնում էին Իրանում տիրող իրավիճակը։ Սադամի ռեժիմը նաև օգտագործում էր արևմտյան և արևելյան բլոկների կողմից տրամադրված քիմիական նորագույն զենքերը, որի փաստացի ապացույցն էր Հալաբչէի քիմիական ռմբակոծումը։ Ստեղծված իրավիճակում Իմամ Խոմեյնին որոշեց, որ պետք է վերջ տալ պատերազմին։ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 598 բանաձևի ընդուման և ութամյա պարտադրված պատերազմին վերջ տալու մեջ գործուն դերակատարություն է ունեցել։ Բանաձևի ընդունումից և ութամյա պաշտպանությունից հետո Սադամի ռեժիմը միջազգային հանրության կողմից պաշտոնապես ճանաչվեց որպես ագրեսսոր։ Ութամյա պատերազմի ընթացքում Սադամի ռեժիմն ու վերջինիս դաշնակիցները պարտություն կրեցին և դա այն դեպքում, երբ նրանք այդ պատերազմն սկսել էին Իրանի իսլամական համակարգը տապալելու նպատակով։
Պատերազմի ավարտից հետո Իրանի գլխավոր խնդիրը դարձավ դրա ավերիչ հետևանքների վերացումը։ Լուսահոգի Հաշեմի Ռաֆսանջանին այս գործում նույնպես իր մեծ ներդրումը ունեցավ։ Սակայն Իրանի իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնիի անժամանակ վախճանը՝ 1989 թվականին, կրկին ճգնաժամի մեջ դրեց երկիրը։ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին այդ ճգնաժամը հաղթահարելու գործին մեծ նպաստ բերեց։ Իրանի թշնամիները հաշվի առնելով Իմամ Խոմեյնիի խարիզմատիկ հատկությունը, կարծում էին, որ նրա վախճանը կթուլացնի իսլամական հեղափոխության հիմքերը և կոչնչացնի այն։ Հակառակ այդ թշնամական վերաբերմունքի, Իրանի Առաջնորդության բանիմացների խորհուրդը Իմամ Խոմեյնիի վախճանից 24 ժամ անց հեղափոխության առաջնորդ ընտրեց Այաթոլլահ Խամենեիին։ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին այդ ընտրության մեջ բացառիկ դերակատարություն ունեցավ։ Այաթոլլահ Խամենիի հեղափոխության առաջնորդ ընտրվելուց հետո, Իրանի ժողովուրդը Հաշեմի Ռաֆսանջանիին 1989-1997 թվականների ընթացքում երկու անգամ ընտրեց Իրանի նախագահի պաշտոնում։ Այս շրջանը հայտնի դարձավ «վերակառուցման շրջան» անվամբ։ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի պաշտոնավարման ընթացքում Իրանը ունեցավ համախառն ներքին արդյունքի բացառիկ աճ՝ հասնելով տարեկան 6,4 տոկոսի։ Այդ տարիներին 11 տոկոսով աճեցին ներդրումները տնտեսության բազմաթիվ բնագավառներում։ 1988 թվականին Իրանի բյուջեի պակասորդը կազմել էր հիսուն տոկոս։ Այս ցուցանիշը կարգավորելու համար կրճատվեցին պետական ծախսերը և անաչառ վերահսկողություն սահմանվեց այդ ոլորտում։ Դրանից հետո մեծացան Իրանի արտաքին առևտրի ծավալները և կրճատվեցին երկրի արտաքին պարտքերը։ Տնտեսական աննախադեպ առաջընթացի հետ մեկտեղ նկատելիորեն բարձրացավ իրանցիների կենսամակարդակը։
Երկրի ջրամատակարարման խնդիրները կարգավորելու նպատակով կառուցվեցին ավելի քան վաթսուն ջրամբարներ։ Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրում արագորեն սկսեց ակտիվանալ գյուղատնտեսությունը՝ աճելով տարեկան մոտ 6 տոկոսով։ Լուծվեց ցորենի ապահովման խնդիրը։ Մեծ փոփոխություններ գրանցվեցին նաև էլեկտրաէներգիայի ոլորտում, որի արդյունահանումը 13 հազար մեգավատից հասավ մինչև 23 հազարի։ Իրանը նկատելի ձեռքբերումներ ունեցավ նաև Էներգակիրների արդյունաբերության, մետալուրգիայի, ցեմենտի և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտներում՝ ունենալով միջինը համապատասխանաբար 3․18 , 3.5 և 21 տոկոսի աճ։ Այդ տարիներին Իրանը մեծ առաջընթաց ապրեց նաև գիտության ոլորտում, որի արդյունքում ավելի բարելավվեց երկրի տնտեսությունը։ Իր նախագահության ժամկետի ավարտից հետո Հաշեմի Ռաֆսանջանին Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից նշանակվեց Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի նախագահ։ Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհուրդը կառույց է, որը կոչված է լուծել Իրանի օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև առաջացած տարաձայնությունները, ինչպես նաև մշակել երկրի քաղաքականությունը բոլոր ոլորտներում։ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին այդ պաշտոնում մնաց մինչև իր վախճանը։ Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի նախագահի պաշտոնում Հաշեմի Ռաֆսանջանիի կատարած ամենանշանակալի գործերից մեկը նրա կողմից «Իրանի Իսլամական Հանրապետության հեռանկարը լուսնային հիջրեթի 1404 թվականին» փաստաթղթի ընդունումն էր, որը գրավել է ինչպես իրանցի, այնպես էլ արտասահմանցի քաղաքագետների ուշադրությունը։ Նրա անունը կապված է վերջին հիսուն տարիների ընթացքում Իրանում տեղի ունեցած պատմական գրեթե բոլոր իրադարձությունների հետ։ Պատահական չէ, որ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի անունը Իրանի ամենահայտնի և ականավոր գործիչների անունների հետ՝ ինչպիսինն է Ամիր Քաբիրի անունը, միևնույն շարքում է գտնվում։

Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին իր կյանքի բոլոր շրջաններում ծառայել է Իրանի ժողովրդին և ամեն կերպ իր նպաստն է բերել իսլամական հեղափոխությանը։ Նա իր կյանքի և պաշտոնավարումների ընթացքում մշտապես ջանացել է պահպանել երկրի կայուն զարգացման տեմպերը։ Այս հատկանիշների շնորհիվ նա բացառիկ հարգանք է վայելել բոլորի՝ անգամ իր քաղաքական հակառակորդների շրջանում։ Քիչ քաղաքական գործիչներ կան, ովքեր նույնիսկ իրենց իշխանության բարձրակետում չեն շեղվում բարոյական ուղուց և համբերատար են լինում անգամ իրենց քննադատողների նկատմամբ։ Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի ցավալի վախճանն անգամ ապացուցեց, որ նա բացառիկ և անգերազանցելի քաղաքական գործիչ էր, քանի որ նրա հուղարկավորության արարողության ժամանակ բոլորը՝ նույնիսկ հակառակորդներն ու քննադատները սգում էին այդ ցավալի կորուստը։ Ավելի քան եկրուսուկես միլիոն մարդ է մասնակցել լուսահոգի Հաշեմի Ռաֆսանջանիի հուղարկավորությանը։ Այդ բացառիկ քաղաքական գործչի աճյունը ամփոփվեց Իմամ Խոմեյնիի դամբարանում։
Աստված նրա հոգին լուսավորի։
تصاویری از تشییع پیکر آیت الله هاشمی رفسنجانی