Իրանի Իսլամական հեղափոխություն, եզակի հեղափոխություն(5)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i52921-Իրանի_Իսլամական_հեղափոխություն_եզակի_հեղափոխություն(5)
Այս թողարկման ընթացքում կխոսենք իսլամական հեղափոխության մեջ ազատության կարևորության և Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2017 16:08 Asia/Tehran

Այս թողարկման ընթացքում կխոսենք իսլամական հեղափոխության մեջ ազատության կարևորության և Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի մասին։


  Իսլամական հեղափոխություն, եզակի հեղափոխություն

 

Ողջույն հարգելի՛ ռադիոլսողներ, սիրով ձեր դատին ենք ներկայացնում «Իսլամական հեղափոխություն, եզակի հեղափոխություն» հաղորդաշարի հերթական թողարկումը, մնացեք մեզ հետ։ Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք իսլամական հեղափոխության մեջ անկախության դերակատարության մասին և եկանք այն եզրահանգմանը, որ Իրանի ժողովուրդը, երկրում իսլամական համակարգ հիմնելով, զգացին իրական անկախության ողջ քաղցրությունը և այժմ, ինչ գնով էլ, որ լինի կպահպանեն այն։ Խոսեցինք նաև այն մասին, որ Իրանի իսլամական հեղափոխության համար մղված պայքարի ողջ ընթացքում ազատությունն ու անկախությունը որպես վեհ արժեքներ սերտորեն փոխկապակցված են եղել միմյանց հետ։ Մարդիկ խորապես մտահոգ էին երկրի ներքին գործերին օտարների միջամտության և տիրող միապետական համակարգի կողմից վարվող սխալ քաղաքականության կապակցությամբ։ Ուստի և պետք է նշենք, որ իսլամական հեղափոխությունը Իրանում ազատության և անկախության գլխավոր դրսևորումը դարձավ։ Այժմ կքննարկենք ազատության գաղափարի հարցը Իրանի իսլամական հեղափոխության համատեքստում։

Իրանի իսլամական հեղափոխությունը ժողովրդի մղած պայքարն էր Մոհամմադռեզա շահի միապետական և բռնի ռեժիմի դեմ։ Այս հեղափոխությունը կարողացավ տապալել ավելի քան 2500 տարվա անցյալ ունեցող համակարգը և առաջին անգամ Իրանի պատմության մեջ հիմնվեց նոր համակարգ՝ հանրապետականը։ Իսլամական հանրապետությունը անշուշտ դարձավ իրանցիների կողմից այդքան բաղձայի ազատության գլխավոր երաշխավորը։


    Ազատության դերը իսլամական հեղափոխության մեջ

 

Կարևոր է նշել նաև, որ հեղափոխությունը կրում էր մեծապես կրոնական բնույթ և ըստ այդմ կրոնական բովանդակություն ուներ նաև ժողովրդական շարժման ողջ գաղափարախոսությունը։Հետևաբար ազատությունը նաև կրոնական բարձր արժեք է հանդիսանում։ Իրանի 1979 թվականի  իսլամական հեղափոխությունը ազատությունը հայտարարեց իր գաղափարախոսության անկյունաքարերից մեկը՝ առանց որի մարդկության և հասարակության առաջընթացը հնարավոր չէ։

 

Իսլամական գաղափարախոսությունը և իսլամական հեղափոխության գլխավոր ուղերձը, ի տարբերություն օրինակ սոցիալիզմի կամ լիբերալիզմի, ազատությունը հռչակում է աստվածային պարգև, որի միջոցով ամբողջանում և զարգանում է հասարակությունը։ Հենց այս պատճառով ազատության հասկացության մյուս բացատրությունների կողքին է դրվում հոգևոր ազատության գաղափարը, որը առաջ է քաշվում հենց իսլամական հեղափոխության կողմից։ Այն հռչակում է ազատ մարդուն, ով զերծ է հոգևոր ստրկությունից, անօրենություններից, անտեղի թշնամանքից, ագահությունից և այլ նմանատիպ արատավոր երևույթներից։ Իսլամական հանրապետության համակարգում մարդու հոգևոր զարգացումը սերտորեն կապված է ազատության գաղափարի հետ։ Անհրաժեշտ է նշել նաև, որ ազատությունը չի սահմանափակվում հասարակական կյանքի ոլորտներով, այլ այն ավելի մեծ, վեհ և աստվածային գաղափար է, որը մարդուն օգնում է մշտապես առաջ շարժվել, հոգեպես բարգավաճել և մնալ ճիշտ ուղու վրա։ Իհարկե ազատության գաղափարը իր հետևից բերում է նաև մեծ պատասխանատվություն, քանի որ մարդը բարձրյալ Աստծո կողմից շնորհված ազատությունը վայելելուց զատ պետք է նաև հասկանա, որ մեծ պատասխանատվություն ունի ամենից առաջ հենց Բարձրյալի, այնուհետև իր ընտանիքի, հասարակության և նույնիսկ գալիք սերունդների առաջ։

Իսլամական հեղափոխության հիմնարար սկզբունքներից մեկը ազատության և անկախության անբաժանելիության գաղափարի ընդունումն է։ Եվ իրոք, եթե խորը քննության առնենք այս պնդումը, ապա հեշտությամբ կհամոզվենք, որ եթե որևէ երկրի տարածքային ամբողջականությունը հայտնվի վտանգի տակ, արտաքին ազդեցությունները մեծանան և երկիրը ունակ չլինի որոշելու իր արտաքին ու ներքին քաղաքական կուրսերը, ապա դա մեծ աղետ կհանդիսանա առաջին հերթին հենց բնակչության համար։ Նման դեպքերում, անկասկած, ազդեցության տակ կհայտնվեն նաև տվյալ երկրի տնտեսությունը և մշակույթը, որի հետևանքով կվերանա ազատության հասկացությունը։ Այս ամենից խուսափելու միակ միջոցը կարող է իշխանության վարած սկզբունքային և ճիշտ քաղաքականությունը լինել, որն էլ իր հերթին հնարավոր է միայն կամային բարձր հատկանիշներով օժտված և ազատ հասարակության օժանդակությամբ։ Հետևաբար պետք է փաստենք, որ ազատությունն ու անկախությունը այնպիսի բացարձակ արժեքներ են, որոնք բխում են մեկը մյուսից։

Հատկանշական է նաև, որ իսլամական հեղափոխության ուսմունքի մեջ հավասարակշռություն է պահպանվում ազատության և անվտանգության միջև։ Ուսումնասիրություններն ու պատմական հարուստ փորձը ցույց են տալիս, որ շատ հաճախ իշխանությունները ընդհանուր անվտանգության պահպանման նպատակով սահմանափակում են մարդկանց ազատությունը, և հակառակը ազատության գաղափարի ոչ ճիշտ գործադրման հետևանքով վտանգի են ենթարկում պետության անվտանգությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունում պատկերն ամբողջովին այլ է։ Կառավարությունը իրավունք չունի անվտանգության պահպանման նպատակով սահմանափակել մարդկանց իրավունքները։ Նույնիսկ արտակարգ իրավիճակներում նման սահմանափակություններ կիրառելը հնարավոր է միայն Իսլամական խորհրդարանի թույլտվության առկայության դեպքում։ Որպես օրինակ կարող ենք ներկայացնել Իրանին պարտադրված պատերազմի տարիները, երբ բազմաթիվ զրկանքները և երկրում տիրող արտակարգ իրավիճակը պատճառ չհանդիսացան մարդկանց ընտրելու և ընտրվելու իրավունքը սահմանափակելու համար։ Նույնիսկ պատերազմի օրերին Իրանում ընտրություններ անցկացվեցին։

Քվեատուփը պարտադրված պատերազմի առաջնագծում

 

       

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության համար հիմք են հանդիսացել իսլամական հեղափոխության սկզբունքները։ Ազատության գաղափարը սահմանադրության մեջ ըստ արժանվույն կարևորվում  և երաշխավորվում է։ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրությունը պաշտոնապես ճանաչում է մտքի և համոզմունքի ազատությունը։ «Ոչ ոք չպետք է ստիպված լինի հրաժարվել իր համոզմունքներից»․ ամրագրված է սահմանադրության մեջ։ Այս առումով մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ է տալիս կրոնական փոքրամասնություններին ապրել իրենց բնականոն կյանքով և առանց որևէ խոչընդոտի իրականացնել իրենց կրոնական ծեսերը։ Իրանի պետական կրոնը Իսլամն է՝ շիա ուղղությամբ, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ երկրում ապրող կրոնական փոքրամասնությունները, օրինակ՝ քրիստոնյաներն ու զրադաշտները չեն կարող հետևել սեփական կրոնական համոզմունքներին, ընդհակառակը՝ նրանք այդ հարցերում սահմանադրորեն լիովին ազատ են։ Կրոնական փոքրամասնությունները Իսլամական խորհրդարանում ունեն իրենց որոշակի թվով սահմանված ներկայացուցիչներն ունենալու իրավունքը։ Հատկանշական է, որ մուսուլման և ոչ մուսուլման իրանցիների միջև հարաբերությունները մշտապես հիմնված են եղել հարգանքի, ուշադրության և փոխվստահության վրա։ Ասվածի փայլուն օրինակ է այն, որ երբ Իրաքը հարձակվեց Իրանի վրա, բոլորը միահամուռ ուժերով ոտքի կանգնեցին  երկիրը պաշտպանելու համար։


                 Կրոնական փոքրամասնությունների ազատությունները Իրանում

 

Խոսքի ազատությունը ևս շատ է կարևորվում Իրանում, որը նույնպես հիմնված է իսլամական հեղափոխությամբ առաջ քաշված սկզբունքների վրա։ Հեղափոխությանը նախորդող տարիներին երկրում խոսքի ազատությունը բավականին ճնշված էր, ինչը հիմնականում արտահայտվում էր ԶԼՄ-ների վրա։ Սակայն պետք է նշել, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը ամբողջապես փոխեց իրավիճակը։ Այդ պատմական իրադարձությունից հետո ԶԼՄ-ների աշխատանքի որակը նշանակալիորեն բարձրացավ։ Վերջին տասնամյակների ընթացքում լրատվական գործակալությունները գործում են բավականին ազատ, հետևում են հասարակության շրջանում տեղի ունեցող իրադարձություններին, լուսաբանում են դրանք, ինչպես նաև ազատորեն քննադատում են իշխանություններին։ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ ԶԼՄ-ներն ու հրատարակչությունները ազատ են իրենց գործունեության շրջանակներում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հրապարակվող նյութը հակասում է իսլամական գաղափարախոսությանը և խախտում է հասարակական կարգը։ Իրանում, ինչպես նաև մյուս զարգացած երկրներում ԶԼՄ-ների թույլ տված խախտումները քննվում են դատարաններում՝ քննիչ հանձնաժողովների ներկայությամբ։

Ներկայումս Իրանում գործում են հարյուրավոր հրատարակչություններ, լրատվական գործակալություններ, ինտերնետ լուրերի ծառայություններ և այլ տեսակի ԶԼՄ-ներ։ Իրանցիները ակտիվորեն օգտվում են նրանց մատուցած ծառայություններից։

 Մամուլը Իրանում

 

Բոլոր զարգացած երկրներում կուսակցությունների և քաղաքական կազմավորումների առկայությունը որպես դեմոկրատիայի անիվը պտտող ատամիկներ շատ կարևոր է քաղաքական ազատության տեսանկյունից։ Իրանում նույնպես պաշտոնապես թույլատրվում է ստեղծել կուսակցություններ և քաղաքական կազմավորումներ, այն պայմանով, որ դրանք չեն խախտի Իրանի անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքները։ Նման քաղաքական խմբավորումներին թույլատրվում է ժողովներ կազմակերպել իրենց գործունեության շրջանակներում, եթե զենք չեն կրում կամ իրենց գործունեությունը ուղղված չէ Իսլամի դեմ։ Եվ այս ամենը այն դեպքում, երբ Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ շահական ռեժիմը չէր թույլատրում երկրում կուսակցությունների ստեղծումն ու գործունեությունը։

Քաղաքական կազմակերպվածությունը և ընտրության իրավունքի հավասարությունը նույնպես իսլամական հեղափոխության սկզբունքներից են։ Հատկանշական է, որ արդեն գրեթե չորս տասնամյակ է անցել Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից, և այդ ամբողջ ժամանակամիջոցում երկրում միջին հաշվով ամեն տարի ընտրություններ են կազմակերպվել՝ նույնիսկ պատերազմի տարիներին, երբ թշնամիները անընդհատ ռմբակոծում էին Իրանի քաղաքներն ու գյուղերը։ Իսլամական հանրապետությունը ապահովում է բոլոր քաղաքացիների ազատ ընտրական իրավունքը՝ առանց կրոնական, լեզվական, ազգային խտրականության։ Իրանի իշխանության բոլոր ներկայացուցիչները՝ առանց բացառության, ուղղակիորեն կամ անուղղակի կերպով ընտրվում են  մարդկանց կողմից։

    Իրանցիների մասնակցությունը ընտրություններին

 

                

Հասարակական ազատություններն ու իրավահավասարությունը իսլամական հեղափոխության ևս մեկ, շատ կարևոր սկզբունքներից է։ Ըստ Իսլամի՝  լեզուն, ազգությունը, ռասսան և ունեցվածքը չպետք է հասարակության տարբեր զանգվածների միջև խտրական վերաբերմունքի պատճառ հանդիսանան։ Այդիսկպատճառով վերոհիշյալ փոքրամասնությունների ներկայացուցիչները Իրանում վայելում են նույն իրավունքներն ու ազատությունները։ Երկրի սահամադրությունն է ապահովվում տարբեր կրոնական և մշակութային փոքրամասնությունների իրավահավասարությունը։ Երկրի փոքրամասնություններին թույլատրվում է ունենալ իրենց հրատարակչությունները, լրատվամիջոցները և նույնիսկ իրենց դպրոցները, որտեղ կդասավանդվի իրենց լեզուն։

Սիրելի ռադիոլսողներ, թողարկման տևողությունը խիստ սահմանափակ է այս բացառիկ հեղափոխության ողջ հմայքն ու արդար սկզբունքները ներկայացնելու համար, ուստիև ստիպված ենք հրաժեշտ տալ ձեզ։ Իրանի իսլամական հեղափոխության մասին կխոսենք մեկ այլ առիթով։ Աստված ձեզ պահապան։