Իրանի իսլամական հեղափոխություն՝ եզակի հեղափոխություն(9)
Կրոնական ժողովրդավարությունը, որը ծնվեց Իրանում իսլամական հեղափոխությունից հետո, դարձավ մի ալտերնատիվ և հակադրվեց Արևմուտքում հայտնի համակարգերին, ինչպիսիք են լիբերալ դեմոկրատականը և սոցիալ դեմոկրատականը։ Կրոնական ժողովրդավարությունը հակադրվեց նաև Իրանի նախկին՝ շահական ռեժիմին։ Այսօրվա թողարկման թեման է կրոնական ժողովրդավարությունը։
Ողջույն հարգելի՛ ռադիոլսողներ, այսօր սիրով ձեր դատին ենք հանձնում «Իրանի Իսլամական հեղափոխություն՝ եզակի հեղափոխություն» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Անցած հաղորդումների շրջանակներում արդեն իսկ քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, որոնք վերաբերում էին Իրանում տեղի ունեցած և ամբողջ աշխարհում բացառիկ իրադարձություն համարվող իսլամական հեղափոխությանը։ Այս թողարկման ընթացքում ձեզ կներկայացնենք նաև այն կարևոր իսլամական արժեքները, որոնք առաջացել են հեղափոխության արդյունքում։ Հատկանշական է, որ Իրանի ներկայիս իսլամական համակարգը բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը միջազգային ասպարեզում և դարձել է պետական կառավարման ցանկալի համակարգ արևելյան իսլամական բազմաթիվ հասարակությունների համար։
Կրոնական ժողովրդավարությունը Իրանում ծնվեց իսլամական ուսմունքներից և իսլամական հեղափոխությունից, որը ոչ միայն տապալեց Իրանում շահական բռնի ռեժիմը, այլև հակադրվեց Արևմուտքում տարածված այնպիսի համակարգերին, ինչպիսիք են սոցիալ դեմոկրատականն ու լիբերալ դեմոկրատականը։ Իրանում իսլամական հեղափոխություն տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ժողովրդի շրջանում ընդհանրապես գոյությունը չուներ ժողովրդավարության մասին որևէ պատկերացում։ Իհարկե կարիք չկա նշելու, որ ժողովուրդը նման վիճակում էր հայտնվել շահական ռեժիմի վարած բռնության և հարկադրանքի քաղաքականության պատճառով, որը չէր ընդունում հասարակական կարծիքը ո՛չ քաղաքական և ո՛չ էլ իրավական տեսանկյուններից։ Արևմուտքի քաղաքական ռեժիմները ներկայումս, որոշ առումներով հիշեցնում են միջնադարը, երբ պետության հիմնական նպատակը մարդկանց բազմության օգտագործումն էր հանուն այսպես կոչված «պետական» շահերի, որը իհարկե խաբեություն էր։ Իրանում ևս անմխիթար վիճակ էր տիրում մինչև իսլամական հեղափոխության ծնունդը։ Մարդիկ և հոգևորականությունը ամբողջովին համարվում էին միապետի ենթակաները։ Եվ այդպիսի պայմաններում Իմամ Խոմեյնին դեմ հանդիման դուրս եկավ շահին՝ խոսելով կրոնական ժողովրդավարության մասին։
Իմամ Խոմեյնին այնպիսի պայմաններում կրոնական ժողովրդավարության հարցը քննարկման առարկա դարձրեց, երբ աշխարհում ընդունված չէր, որ քաղաքականությունը և կրոնը կարող են հանդես գալ որպես ամբողջություն։ Հատկանշական է, որ այդ շրջանում ոչ ոք՝ նույնիսկ գիտնականները, քաղաքագետները և հոգևորականները չէին կարծում, որ հնարավոր է միավորել կրոնն ու քաղաքականությունը։ Նրանք երբեք չէին ձեռնարկի այն քայլերը, որոնք համարձակորեն ձեռնարկեց Իմամ Խոմեյնին՝ հաշվի առնելով իր ժողովրդի բազմաթիվ տառապանքները։ Կրոնական ժողովրդավարությունը համեմատած նոր տեսություն է, որը առաջացավ Իրանի իսլամական հեղափոխության շրջանում։ Իտարբերություն այլ տեսությունների, որոնք նույնպես շրջանառվել են այդ ժամանակամիջոցում, կրոնական ժողովրդավարությունը միակ հնարավորն էր, որը ամբողջությամբ նվիրված էր ժողովրդի բարեկեցության ապահովմանը։

Իմամ Խոմեյնին իսլամական հեղափոխության շրջանում բազմիցս հայտարարում էր, որ Իսլամը ժողովրդավարության կրոն է։ Նրա խորին համոզմամբ՝Իսլամում կարևորություն է տրվում հասարակության ցանկացած ձայնին, և դա իրական ժողովրդավարություն է՝ զերծ դատարկաբանություններից։ Իմամ Խոմեյնին գտնում էր, որ ժողովրդավարության իրական արմատները ոչ թե Արևմուտքում են, այլ հենց Իսլամում։ Կրոնը և ժողովրդավարությունը մեկ անբաժանելի ամբողջություն են կազմում։ Իմամ Խոմեյնին Իրանում բարձրացրեց այնպիսի կարևոր հարց, ինչպիսինն է ժողովրդի ընտրական իրավունքի հաստատման հարցը։ Նա համոզված էր, որ երկրի համակարգը և իշխանությունը պետք է որոշվի և արդար կերպով ընտրվի մարդկանց կողմից։ Առանց ժողովրդավարական ընտրությունների անցկացման ոչ ոք իրավասու չէ իշխանություն կազմել։

Կրոնական ժողովրդավարության մեջ ահռելի նշանակություն է տրվում մարդկանց մասնակցությանը իշխանության ձևավորմանը և երկրի հասրակական-քաղաքական կյանքին։ Ի դեպ, հատուկ շեշտվում է, որ ժողովուրդը պետք է ոչ միայն մասնակցի ընտրություններին և թափանցիկ կերպով իշխանություն ձևավորի, այլև պետք է նաև մասնակցի երկրի հետագա կառավարման գործին։ Այս առումով հետաքրքրական է արևմտյան մտավորական Ժոզեֆ Շումփթերի կարծիքը, ով ժողովրդավարություն է համարում միայն ընտրական իրավունքի առկայությունը։ Ըստ Ժոզեֆի Շումփթերի՝ բավական է , որ մի երկրում տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ, և այդ երկիրը կարող է լիովին ժողովրդավարական համարվել։ Սակայն պետք է նշել, որ Իրանում գործում է ոչ միայն ընտրելու և ընտրվելու ազատ իրավունքը, այլ նաև մարդիկ ազատորեն մասնակցում են նաև երկրի կառավարմանը։ Եվ այս ամենը վերաբերում է ժողովրդի բոլոր խավերին անխտիր։ Իրանի Իսլամական Հանրապետությունում բոլոր ղեկավար պաշտոնյաները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընտրվում են ժողովրդի կողմից։
Իմամ Խոմեյնին շատ է կարևորում կրոնական ժողովրդավարության կառավարման համակարգը և այն համարում է իրական իշխանություն, որը կենտրոնացած է ժողովրդի ձեռքում։ Նա ժողովրդին համարում է այն առանցքային տարրը, որը չի թողնում, որպեսզի ժողովրդավարությունը վերածվի միապետության։ Այս կապակցությամբ Իմամ Խոմեյնին ասում էր․ «Եթե կառավարությունը փորձում է որևէ բան պարտադրել ժողովրդին, ապա ժողովուրդը անպայմանորեն դիմադրում է, համախմբվում և վերջապես մեծ արգելք հանդիսանում»։ Հատկանշական է, որ հոգելույս Իմամ Խոմեյնին համարում էր, որ ժողովուրդը պարտավոր է վերահսկել պաշտոնյաների աշխատանքը։ Նրա խոսքերով․«Ամբողջ ազգը պարտավոր է վերահսկել, թե ինչպես է ղեկավարվում երկիրը, վերահսկել, որ նույնիսկ ես չշեղվեմ ճիշտ ուղուց»։
Կրոնական ժողովրդավարությունը առանցքային դերակատարություն ունի նաև Այաթոլլահ Խամենեիի ելույթներում։ Նրա խորին համոզմամբ՝ ժողովուրդը մեծ դեր ունի կրոնական ժողովրդավարության համակարգում։ Այդ դերը միայն համակարգը ձևավորելու գործառույթով չի սահմանափակվում։ Ժողովուրդը պետք է մասնակցի նաև որոշումների կայացման գործընթացին։ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին գտնում է, որ պետք է ապահովել մարդկանց ազատ ընտրական իրավունքը, առանց որի ժողովրդավարության մասին խոսք անգամ լինել չի կարող։ Նրա համոզմամբ ժողովուրդը պետք է իր անվիճարկելի հետքը ունենա պետական կառավարման գործում։ Այաթոլլահ Խամենեին, համեմատելով կրոնական ժողովրդավարությունը արևմուտքի որոշ երկրների համակարգերի հետ, ասել է․ «Կրոնական ժողովրդավարությունը չի կարող ժողովրդին խաբել սին խոստումներով և նրանց ձայները ստանալ, իսկ ընտրություններից հետո մոռանալ ամեն բան»։

Իրանում իսլամական հեղափոխությունից հետո ձևավորված կրոնական ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկը ժողովրդի ակտիվ մասնակցությունն է երկրի հասարակական-քաղաքական կյանքին։ Ժողովուրդն է այն կարևորը առանցքներից մեկը, որի շուրջ ձևավորվում է կրոնական ժողովրդավարությունը, քանի որ ժողովրդի միջոցով են ընտրվում երկիրը կառավարող բոլոր պաշտոնյաները՝ առաջնորդը, նախագահը, խորհրդարանի պատգամավորները և այլն։ Իրանի հասարակությունը կրոնական ժողովրդավարության պայմաններում քաղաքականապես հասունացել է և ազատորեն օգտվում է համակարգի ընձեռած բոլոր հնարավորություններից։ Իրանի Իսլամական Հանրապետության մայր օրենքի՝ սահմանադրության մեջ ամրագրված է, որ Իրանի քաղաքացիների կյանքը, ունեցվածքը, իրավունքները, արժանապատվությունը անձեռնամխելի են, և նրանք չեն կարող ենթարկվել որևէ տեսակի խտրականության։ Ըստ Իրանի բարձրագույն օրենքի մարդիկ հավասար են օրենքի առաջ։ Իրանում ցանկացած պաշտոնյա կարող է վատ ծառայության համար հեռացվել աշխատանքից։ Առաջնորդը և նախագահը պատասխանատու են մարդկանց կողմից ընտրված ներկայացուցիչների դիմաց։ Այս ամենը ապացուցում է, որ ժողովրդավարությունը Իրանում ֆիկտիվ բնույթ չի կրում, այն իրական արժեք է։

Ամփոփելով վերոբերյալը գալիս ենք այն եզրակացության, որ իսլամական հեղափոխության արդյունքում ձևավորված Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդունում և առաջնորդվում է կրոնական ժողովրդավարության գաղափարով։ Այդիսկ պատճառով ԻԻՀ Սահմանադրության մեջ կրոնական ինքնությունը հարգվել է տարբեր հոդվածներում ,որոնցից կարևորագույնը արդար ու բազմաշնորհ «Վիլայաթ ֆաղիհ»-ի(կրոնագետի/իրավագետի) կառավարումն է: Վիլայաթ Ֆաղիհն օրինական ու կրոնական օրենքների շրջանակում պաշտպանում է համակարգի իսլամականությունը և իհարկե նրա հանրապետականությունը:
Կրոնական ժողովրդավարությունը կոչված է սպասարկելու ժողովրդի շահերը։ Գաղափարի հիմքում դրված է ժողովրդի ընտրած ներկայացուցիչների կողմից երկրի կառավարումը։ Կրոնական ժողովրդավարության հիմքում ընկած է Իսլամ կրոնը։ Կրոնական ժողովրդավարությունը համեմատած նոր գաղափար է, որը ծնվել է Իրանի իսլամական հեղափոխության հետ մեկտեղ, բայցևայնպես կարճ ժամանակահատվածում այն կարողացավ ապացուցել իր կենսունակությունը և օրինակ դառնալ աշխարհի իսլամական հասարակության համար։
Այսքանով ավարտում ենք Իրանի իսլամական հեղափոխությանը նվիրված հաղորդաշարի մեր հերթական թողարկումը, հարգելի՛ ռադիոլսողներ։ Շնորհակալ ենք, որ ընկերակցեցիք մեզ։