Չարժե առաջ ընկնել իրադարձություններից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` Հայաստանի հարցի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Երևանի դուրս գալ–չգալու հարցում չարժե առաջ ընկնել իրադարձություններից։
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:
Այս տարվա օգոստոսի 20–ին Հայաստանի կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ՀԱՊԿ վերադառնալու ծրագրեր չկան, և հավելեց, թե գոհ կլինի, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ կազմից։
Ռուսական կողմի արձագանքը չուշացավ՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց` Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե իր ազգային շահերից ելնելով՝ այլևս անդամակցության կարիք չունի անվտանգության ապահովման համար կարևոր այդ կազմակերպությունում։
«Հայաստանի վարչապետ՝ Փաշինյանի հայտարարությունները մենք լսել ենք։ Ես միշտ ասել եմ, որ այս կամ այն հարցի վերաբերյալ կա ոչ միայն երկրի ղեկավարության, այլ նաև հայ ժողովրդի կարծիքը։ Դրա համար առաջ չենք ընկնի իրադարձություններից», — ընդգծել է գործակալության զրուցակիցը:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի որոշում կարելի է սպասել ՀԱՊԿ խորհրդի նոյեմբերյան նիստից ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցով, Մասադիկովը նշել է, որ կազմակերպությունից այս կամ այն երկրին հեռացնելու կամ չհեռացնելու որոշումներն ընդունվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից։
«Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշում ընդունել այս կամ այն կողմի փոխարեն, դրա համար ամեն ինչ դեռ առջևում է։ Այս հարցը լրջորեն կքննարկվի՞ արդյոք Մոսկվայում ՀԱՊԿ ԱԽ հերթական նիստի ժամանակ, նույնպես հարց է, դա որոշում են իրենք՝ պետությունների ղեկավարները։ Եկեք չշտապեցնենք իրադարձությունները», — ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին: