ՀԳՀԾ-ի ճակատագիրը՝ Թրամփի կառավարության վարկածով(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i54006-ՀԳՀԾ_ի_ճակատագիրը_Թրամփի_կառավարության_վարկածով(1)
2015 թվականին Իրանի և վեց երկրների միջև՝ դրանք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան, կնքվեց միջուկային համաձայնագիր, որը անվանվեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ)։ Իրանը այդ համաձայնության շրջանակներում ԱՄՆ-ի, Եվրոպայի և ՄԱԿ-ի տնտեսական շրջափակումների չեղարկման փոխարեն, պարտավորվեց սահմանափակել իր միջուկային ծրագրերի մի մասը։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 12, 2017 12:24 Asia/Tehran

2015 թվականին Իրանի և վեց երկրների միջև՝ դրանք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան, կնքվեց միջուկային համաձայնագիր, որը անվանվեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր (ՀԳՀԾ)։ Իրանը այդ համաձայնության շրջանակներում ԱՄՆ-ի, Եվրոպայի և ՄԱԿ-ի տնտեսական շրջափակումների չեղարկման փոխարեն, պարտավորվեց սահմանափակել իր միջուկային ծրագրերի մի մասը։

Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը միջազգային հարաբերությունների ասպարեզում փոխվստահության մթնորոլրտ ձևավորելու փորձ էր, սակայն ներկայումս Թրամփը՝ իր թիմի հետ մեկտեղ փորձում է մարտահրավեր նետել այդ համաձայնագրին՝ շրջափակումներ  սահմանելով իրանական 12 ընկերությունների և 13 իրանցիների նկատմամբ։ Նման քայլերի համար Թրամփը որպես պատրվակ օգտագործում է նաև Իրանի հրթիռային պաշտպանության փորձարկումները։ Որոշ վերլուծաբաններ վստահ են, որ ՀԳՀԾ-ի դադարեցումը ԱՄՆ-ի  նոր վարչակազմի համար բարդ խնդիր չէ, բայց թե որքանո՞վ է ԱՄՆ-ի  նոր կառավարությունը պատրաստ այդ հարցում նախաձեռնություն ցուցաբերել, մնում է քննարկումների և լուրջ ուսումնասիրությունների առարկա։

ԱՄՆ-ի  նոր կառավարությունը առաջարկում է ՄԱԳԱՏԷ-ին ավելի խիստ հսկողություն սահմանել Իրանի միջուկային գործունեության վրա և երկրի ռազմական օբյեկտների նկատմամբ հասանելիություն ապահովել։ Բնականաբար նման անհիմն պահանջները չեն կարող ընդունվել Իրանի կողմից։ ԱՄՆ-ը ցանկանում է նաև չեղարկել ՀԳՀԾ-ի ժամկետներին վերաբերող կետերը,  քանի որ ըստ դրանց՝ 10 տարի հետո Իրանի միջուկային գործունեության սահմանափակումները վերանալու են։ ԱՄՆ-ի մյուս տարբերակը, որով այդ երկիրը փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա, միջուկային սարքավորումների և այդ ոլորտի նյութատեխնիկական բազայի գոյացման համար լրացուցիչ բարդությունների ստեղծումն է։

Քարնեգիի ինստիտուտը առանձնացրել է Իրան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման չորս հնարավոր սցենարներ․ առաջին՝  ԱՄՆ-ը կփորձի դադարեցնել ՀԳՀԾ-ն, երկրորդ՝ ԱՄՆ-ը ջանքեր կգործադրի Իրանի հետ միջուկային նոր համաձայնություն ձեռք բերելու բանակցություններ սկսել, երրորդ՝ թշնամաբար տրամադրված կհետևի ՀԳՀԾ-ի իրականացմանը և չորրորդ՝ կփորձի հարաբերությունները լավացնել և մտնել իրանական շուկա։

ԱՄՆ-ում ներկայումս քննարկումներ են ընթանում առաջին սցենարին վերաբերող հարցերի շուրջ։ Շատերը կարծում են, որ Թրամփը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը խախտելու փոխարեն, պետք է սպասի ևս հարյուր քսան օր, որպեսզի ավարտին հասնի Բարաք Օբամայի կողմից ստորագրված համաձայնության վավերականությունը։

Իրադարձությունների զարգացման հաջորդ հնարավոր սցենարը նոր բանակցություններն են միջուկային համաձայնություն ձեռք բերելու համար։ Այստեղ պետք է փաստենք, որ եթե առաջին սցենարը հեշտ իրագործելի է, ապա երկրորդը՝ ոչ այնքան։ Դրա իրագործման համար մեծ ջանքեր են պահանջվում։

Քննարկենք նաև երրորդ տարբերակը, որում նախատեսվում է, որ ԱՄՆ-ը ոչ մի քայլ չի ձեռնարկի այլ թշնամաբար տրամադրված կհետևի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացմանը ՝ սպասելով Իրանի կողմից խախտումներ թույլ տալուն։ Սակայն այս տարբերակը համեմատաբար քիչ հավանական է, քանի որ Իրանը մինչ այժմ ճշտորեն կատարել է ՀԳՀԾ շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները։

Իրադարձությունների հնարավոր զարգացման չորրորդ սցենարը, ըստ Քարնեգիի ինստիտուտի, Իրանի հետ առևտրական կապերի վերականգնումն է։ Իհարկե, այս տարբերակը այնքան էլ իրատեսական չի թվում, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ի կառավարության գլուխ կանգնած է Դոնալդ Թրամփը։ Սակայն պետք է նշել նաև, որ Թրամփի խորին համոզմամբ՝ ամեն խնդիր կարելի է լուծել բանակցությունների միջոցով, ուստիև  հնարավոր է, որ նա փորձի ամերիկյան ընկերությունների համար շահավետ գործարքի գնալ Իրանի հետ։ Սպուտնիկ լրատվական գործակալությունը, հղում անելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին, գրում է, որ չնայած Թրամփի նախընտրական թունդ ելույթներին և կոշտ դիրքորոշումներին, Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունը կմնա ուժի մեջ։ Փոլ Ռայանը ամերիկյան NBC լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է «Ես երբեք կողմ չեմ եղել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին։ Իմ կարծիքով այդ համաձայնությունը մեծագույն սխալ էր, որը սակայն  մնացել է անցյալում։ Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակներում շատ փոքր զիջումների դիմաց կարողացավ դուրս գալ միջազգային շրջափակումների տակից։ Այս առումով Հանրապետական կուսակցության բազմաթիվ գործիչներ հաճախ քննադատում են Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնությունը։ Իմ կարծիքով,-շարունակում է Ռայանը,- պետք է լուրջ ջանքեր գործադրել այդ համաձայնությունը պատմության էջերում թողնելու համար։ Սա այն կարևոր գործն է, որ չի արվել նախորդ նախագահի օրոք։ Թրամփի կառավարության հետ, ես այս հարցում համակարծիք եմ․ Իրանին պետք է պատասխանատու դարձնել»։

Եվ այս ամենը այն դեպքում, երբ միջազգային հանրության կողմից բազմիցս շեշտվել է, որ համաձայնագրի խախտումը նոր բարդացումների կհանգեցնի միջազգային ասպարեզում՝ մասնավորապես ԱՄՆ-Եվրոպա և ԱՄՆ-Չինաստան և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում։

Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է․ «ՀԳՀԾ-ի միակողմանի չեղարկումը կամ փոփոխությունը հնարավոր չէ, քանի որ համաձայնագիրը այն ստորագրող բոլոր կողմերի շահերից է բխում։ Այն նաև վավերացվել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի հատուկ բանաձևով, ուստիև Թրամփը կարող է միայն օրինական ճանապարհով հասնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերանայմանը։ Դա կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ այն ստորագրող բոլոր կողմերը համաձայնություն տան այդ նախաձեռնությանը, ինչը բացառվում  է»։

Այս ամենը հաշվի առնելով, հանգում ենք այն եզրակացության, որ Թրամփի համար թերևս ամենահնարավոր տարբերակը ոչ թե Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին համաձայնագիրը պատռելն է, այլ  օրինական կերպով դրա որոշակի կետերի վերանայմանը հասնելն է։ Իհարկե, այս տարբերակը ևս քիչ հավանական է, քանի որ Իրանը կտրականապես մերժում է համաձայնագիրը կրկին քննարկման առարկա դարձնել։ Այս առումով բավականին կոշտ դիրքորոշում ունեն նաև համաձայնության մյուս կողմերը՝ մասնավորապես Ռուսաստանը, Չինաստանը և Եվրամիությունը։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ իրական վտանգ կա, որ Թրամփը կկարողանա «համոզել» համաձայնության մնացած կողմերին այն վերաքննարկման դնելու համար։ Այս կապակցությամբ «Reuters» լրատվական գործակալությունը տրամագծորեն այլ կարծիք է հայտնում։ Հղում անելով քաջատեղյակ աղբյուրներից մեկին, այդ լրատվական գործակալությունը գրում է «ՀԳՀԾ-2 ստեղծելը գրեթե անհնարին է, քանի որ Թրամփը չի կարող ստանալ միաժամանակ Չինաստանի,  Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի համաձայնությունը այդ հարցում։ Իսկ Իրանի համաձայնությունը ստանալը գործնականում անհնար է»։

Ներկայումս վիճելի է մնում այն հարցը, թե արդյո՞ք Թրամփը հավատարիմ կմնա իր նախընտրական կոշտ դիրքորոշումներին և կփորձի հասնել դրանց իրականացմանը։ Մի բան միանշանակ է՝ եթե ԱՄՆ-ը փորձի միակողմանի փոփոխություն մտցնել կամ չեղարկել համաձայնությունը, ապա դա լրջորեն կանդրադառնա ԱՄՆ-ի և համաձայնությունը ստորագրող մյուս երկրների հարաբերությունների վրա։ Իրականությունն այն է, որ ՀԳՀԾ-ը ստորագրող կողմերը, ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալու հետ կապված, պետք է պատրաստ լինեն իրավիճակի ցանկացած զարգացումների։ Անհրաժեշտության դեպքում պետք է նաև ԱՄՆ-ի գործողություններին հակադարձել միջազգային մասշտաբով: