Ամուսնական տարիքը և ամուսնության գրանցումը Իրանում
Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը երեք միաստվածային կրոնների հետևորդներին ճանաչել է ,որպես կրոնական փոքրամասնություն։ Այդիսկպատճառով երկրի կառավարությունը ընդունել է հատուկ արտոնյալ օրենքներ կրոնական փոքրամասնությունների համար։
Ամուսնությունը մարդու կյանքի ամենակարևոր և պատասխանատու պահերից մեկն է, ինչպես նաև կարևոր իրողություն հասարակության իրավական կյանքի տեսանկյունից։ Ամուսնական կյանք սկսելու համար մարդուց պահանջվում են բազմաթիվ հատկանիշներ, որոնցից թերևս ամենակարևորը մարմնական և մտավոր հասունությունն է համարվում։ Ներկայումս այս հարցին բավականին մեծ ուշադրություն են դարձնում աշխարհի տարբեր երկրներում։ Կարևորվում է հստակ ամուսնական տարիքային շեմը, որը չլրանալու դեպքում ամուսնությունը չի կարող օրինական համարվել։ Այս առումով Իրանը կարելի է համարել բազմաթիվ նախադեպերի մեծ փորձ ունեցող երկիր։ Իրանի Իսլամական Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 1041-րդ հոդվածը նվիրված է ամուսնական տարիքի սահմանմանը։
Համաձայն Իրանի Քաղաքացիական օրենսգրքի 1041 հոդվածի, որը խմբագրվել է իրանական 1370 թվականի աբան ամսի 14-ին ( 14\8\1370 թվականին) աղջիկների ամուսնությունը մինչև 13 տարեկանը լրանալը և տղաների ամուսնությունը մինչև 15 տարեկանը լրանալը կարող է թույլատրված լինել միայն դատարանի որոշմամբ։
Օրենսգրքի այս հոդվածից պարզ է դառնում, որ Իրանում ամուսնական տարիքը տղաների համար սահմանված է 15, իսկ աղջիկների համար՝ 13 տարեկան։ Վերոբերյալ տարիքային շեմը չբավարարող անձանց ամուսնությունը կարող է տեղի ունենալ երեք պայմաններից ելնելով․
1.Հոր կամ խնամակալի համաձայնությամբ։ Այսինքն ամուսնացող անձանց հայրերը պետք է տան իրենց համաձայնությունը, որը ամուսնական ակտը գրանցելու առնվազն նախապայմանն է։
2.Ամուսնական ակտը գրանցելիս պետք է հաշվի առնել նաև երեխաների բարձրագույն շահերի գոյության հանգամանքը, որը ամրագրված է Երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիայի 33-րդ հոդվածում։ Իրականում երեխայի բարձրագույն շահերի որոշումը այնքան էլ դյուրին գործ չէ։
3.Ամուսնական ակտը գրանցելու ամենակարևոր և պարտադիր նախապայմանը դատարանի որոշումն ու հաստատումն է։ Որոշման ընդունումը կատարվում է երկրի սահմանադրությամբ և դատական օրենսգրքով հաստատված հստակ ընթացակարգերից հետո։ Միայն դատարանի հաստատումից հետո ամուսնությունը կարող է գրանցվել։ Եթե ամուսնություն տեղի ունենա առանց դատարանի համաձայնության, ապա դա կարող է երեխաների իրավունքների խախտում համարվել կամ դրա համար պարարտ հող նախապատրաստել։ Ինչպես արդեն նշեցինք՝ դատարանի համար բավականին բարդ խնդիր է նման ամուսնությունների դեպքում երեխաների շահերը ճշտորեն հաշվի առնելը։ Տվյալ դեպքում դատավորը որոշում ընդունելուց առաջ պետք է հաշվի առնի, թե որքանո՞վ է վաղ տարիքում ամուսնանալը բխում երեխայի շահերից։ Այս առումով դատարանը ուսումնասիրում է նրա ընտանեկան, հասարակական, ֆինասնական դրությունը և այլ բազմաթիվ հանգամանքներ։ Օրինակ, եթե ամուսնանալը կարող է երեխայի կրթություն ստանալու իրավունքը ոտնահարել, ապա դատավորը ամենայն հավանականությամբ չի տա իր համաձայնությունը։
Քաղաքացիական օրենսգրքի 646-րդ հոդվածի համաձայն՝ իսլամը նույնպես չի թույլատրում ամուսնությունը մինչև հասուն դառնալը։ Նման ամուսնական ակտ գրանցելու համար ևս պահանջվում են որոշակի նախապայմաններ։ Այս հոդվածի համաձայն՝ ամուսնությունը մինչև չափահաս դառնալը առանց ծնողների թույլտվության արգելվում է։ Այս դեպքում հաշվի է առնվում նաև օրենսդրության 1041 –րդ կետը, որին արդեն անդրադարձել ենք։ Մասնավորապես, եթե ինչ-որ չափահաս տղամարդ, ամուսնանալով անչափահաս աղջկա հետ, խախտում է 1041-րդ հոդվածի կետերը, ապա նա կարող է ազատազրկման ենթարկվել վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով։
Իրանի Իսլամական Հանրապետության օրենքների համաձայն ամուսնական ակտի գրանցումը ևս համարվում է պարտադիր երևույթ։ Քաղաքացիական օրենսգրքի 645-րդ հոդվածը հստակորեն սահմանում է, որ ընտանիքի պատվի պահպանման նպատակով մշտական ամուսնական ակտերի և ապահարզանների գրանցումը պարտադիր է։ Այս օրենքի խախտումը կարող է հանգեցնել մինչև մեկ տարվա ազատազրկման։
Վերոբերյալ հոդվածների խախտումը համարվում է հասարակական կարգի խախտում և կարող է քննվել նաև առանց բողոքի գրանցման։ Հատկանշական է նաև, որ իսլամական օրենքների համաձայն, եթե ամուսնության գրանցումը տեղի է ունենում ակտից որոշակի սահմանված ժամանակահատված անցնելուց հետո, ապա այն չի կարող օրենքից դուրս համարվել։ Այսինքն այս դեպքում ամուսինները պատասխանատվության չեն ենթարկվում։ Պետք է նաև նշել, որ, եթե վերոհիշյալ սահմանված ժամանակահատվածը անցնում է, ապա ամուսնության գրանցման համար դիմող տղամարդը տուգանվում է քսանից հարյուր միլիոն ռիալ գումարով։ Նմանատիպ տուգանքների ողջ գումարը ուղղվում է հասարակության խնդիրների կարգավորմանը։
Այս ոլորտում օրենքների հստակ սահմանումը ահռելի կարևորություն ունի ընտանեկան հարաբերությունների ճիշտ կարգավորման տեսանկյունից։ Ընդ որում քաղաքացիական օրենսգրքի այս հոդվածներին հետևելը շահավետ է այն առումով, որ ամուսինները սոցիալական որևէ խնդրի առաջացման և այլ անհրաժեշտությունների դեպքում կարող են հեշտությամբ դիմել դատարան՝ ապացուցելով իրենց ամուսիններ լինելու հանգամանքը։ Բնական է, որ գրանցված ամուսնությունների դեպքում ընտանիքը օգտվում է ընտանիքների աջակցության համար նախատեսված բոլոր հոդվածների ընձեռած արտոնություններից և հնարավորություններից։
Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության համաձայն՝ բոլորը հավասար են օրենքի առջև՝ անկախ դավանանքից։ Իհարկե, այս առումով պետք է նշել նաև, որ Իրանի կրոնական փոքրամասնությունները, որոնք պաշտոնապես ճանաչված են կառավարության կողմից, որոշակի ոլորտներում՝ մասնավորապես ամուսնության, ապահարզանի, ժառանգության և այլն, օգտվում են որոշակի արտոնյալ օրենքներից։ Մեծ մասամբ այդ արտոնյալ օրենքները սահմանվում են վերջիններիս կրոնական, սովորույթային և այլ հայացքները հաշվի առնելով։ Ըստ Իրանի սահմանադրության 13-րդ հիմնադրույթի՝ իսլամից բացի երկրում պաշտոնապես ճանաչված մյուս երեք կրոնների՝ քրիստոնեության, հրեականության և զրադաշտության հետևորդների ամուսնության, ապահարզանի, ժառանգության իրավական կարգավորումները կարող են իրականացվել ըստ վերջիններիս կրոնական հայացքների։ Դատարաններում նույնպես անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում կրոնական փոքրամասնություններին տրված արտոնությունները։
Կրոնական փոքրամասնությունների ամուսնական ակտերի գրանցումը Իրանում նույնպես կատարվում է օրենսդրության համաձայն։ Իրանում կրոնական փոքրամասնություն հանդիսացող քաղաքացիների ամուսնական ակտերի գրանցումը կատարվում է նույն կերպ՝ ինչպես բոլոր իրանցիներինը։ Ինչ վերաբերում է ամուսնության արարողության իրականացմանը, ապա այս հարցում կրոնական փոքրամասնությունները ազատ են՝ այսինքն նրանք կարող են կազմակերպել այն ըստ իրենց կրոնական ավանդույթների։
Հատկանշական է , որ զրադաշտների մոտ չկա մեհրիե։ Զրադաշտների յուրաքանչյուր շրջան ունի իր զրադաշտ հոգևորականը, ով իրավասու է և՛ ամուսնության արարողակարգը անցկացնել, և՛ գրանցել այն։ Սակայն մեծ մասամբ գրանցումը կատարվում է ամուսնական գրասենյակներում։
Հրեաների շրջանում նույնպես ընդունված է, որ ամուսնության արարողությունը պետք է հոգևորականը անցկացնի։ Իսկ գրանցման համար նրանք պետք է դիմեն մուսուլմանների ամուսնությունները գրանցող որևէ ամուսնական գրասենյակ։ Միայն այս կարևոր փուլից հետո է ամուսնությունը համարվում օրինական։
Հրեաներն ամուսնական արարողության ժամանակ հոգևորականի ներկայությամբ աղոթք են կարդում, որից հետո հավատարմության երդում տալիս։ Նրանք նույնպես օգտվում են մյուս կրոնական փոքրամասնություններին ընձեռնված օրենքներից։
Այս կրոնական փոքրամասնությունները ընդունում են իրենց երեխաների նկատմամբ ունեցած պարտավորություններն ու պատասխանատվությունը, որոնք ամրագրված են Իրանի Իսլամական Հանրապետության օրենսգրքում։ Իրավական ակտ է համարվում նաև ապահարզանը, որը իրականացվում է իրավասու հոգևորականի կողմից։ Հրեաների շրջանում մեհրիեն սովորական երևույթ է։ Սովորաբար մեհրիեի չափը որոշում և գրանցում են կնոջ բերած նվերների արժեքային մոտավոր սահմաններում։
Անդրադառնանք նաև քրիստոնյաներին(հայեր)․ ինչպես արդեն նշեցինք՝ նրանք նույնպես Իրանում ունեն իրենց իրավունքները, որոնք ամրագրված են օրենսդրությամբ։ Ասվածը մասնավորապես վերաբերում է նաև ամուսնական ակտերին, որոնք իրականացնում են քահանաները։
Իրանի օրենսդրությամբ նախատեսված է, որ քրիստոնյաների ամուսնական ակտի բոլոր անհրաժեշտ արարողությունները պետք է իրականացվեն։ Քրիստոնյաների ամուսնությունը մշտական է, որը կնքում է սուրբ եկեղեցին։ Ամուսնական արարողությունը իրականացվում է քահանայի կողմից՝ երեք վկաների ներկայությամբ։ Ավանդութային առումով ամուսնությունը և դրան նախորդող բոլոր արարողությունները համապատասխանում են իրանական մշակույթում առկա ավանդույթներին։ Բուն ամուսնական արարողությունը սկսելուց առաջ, այն իրականացնողը պետք է համոզվի, որ բոլոր փաստաթղթերը հանձնված են եկեղեցուն և ամուսնական գրասենյակին։
Ամուսնական արարողությունից հետո տեղի է ունենում նաև դրա պաշտոնական գրանցումը, որն իրականացնում է եկեղեցու ամուսնական գրասենյակը՝ համաձայն Իրանի օրենսդրության։ Ամուսնական պայմանագիրը կազմվում է երկու օրինակից, որից մեկը հանձնվում է կնոջը, մյուսը՝ նրա ամուսնուն։
Ինչպես արդեն նշեցինք՝ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը երեք միաստվածային կրոնների հետևորդներին ճանաչել է ,որպես կրոնական փոքրամասնություններ։ Այդիսկպատճառով երկրի կառավարությունը ընդունել է հատուկ արտոնյալ օրենքներ կրոնական փոքրամասնությունների համար։ Ամփոփելով վերոբերյալը պետք է նշենք, որ Իրանը հարգում է երկրի կրոնական փոքրամասնությունների իրավունքները։
Հարգելի՛ ռադիոլսողներ, այս հաղորդման ընթացքում ձեզ ներկայացրինք Իրանի կրոնական փոքրամասնությունների ամուսնական արարողությունների որոշ առանձնահատկություններ Իրանի օրենսդրության համատեքստում։ Շնորհակալ ենք, որ ընկերակցեցիք մեզ: