ՀԳՀԾ-ի ճակատագիրը Թրամփի կառավարության վարկածով (2)
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին համաձայնության ստորագրումից հետո պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը դեռևս չի ցանկանում զերծ մնալ Իրանի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնելուց։
Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը փետրվարի երկուսին, Իրանի հրթիռային փորձարկումները որպես առիթ օգտագործելով, շրջափակումների կիրառման ցանկում ավելացրեց 25 անձանց և կազմակերպությունների։
Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկմանը անմիջապես հետևեցին ԱՄՆ-ի նոր շրջափակումները։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Մայք Փենսը Իրանին զգուշացրեց, որ պետք չէ ստուգել ԱՄՆ-ի կառավարության վճռականությունը։
Թրամփն էլ իր հերթին խոստացավ, որ Իրանի նկատմամբ բավականին կոշտ դիրքորոշում կորդեգրի, հաշվի առնլով այն հանգամանքը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես խոչընդոտում է ԱՄՆ-ի շահերին Միջին Արևելքում։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը Իրանին անվանեց «ահաբեկչության գլխավոր հովանավոր»։
Նման հայտարարությունները առաջացրել են բազմաթիվ հարցեր․ արդյո՞ք ԱՄՆ-ը կհրաժարվի ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից և արդյո՞ք այս ուղղությամբ կան նոր դիրքորոշումներ։
Համենայնդեպս մի բան կարելի է վստահությամբ ասել․ ԱՄՆ-ի պաշտոնավարող շրջանակներում տարածված դիրքորոշումներից և վերջիններիս հայտարարություններից պարզ է դառնում, որ Իրանի նկատմամբ վերաբերմունքը այդ երկրի կողմից որևէ փոփոխության չի ենթարկվել մինչ այժմ՝ փոխվել են միայն թշնամանքի արտահայտման միջոցներն ու եղանակները։ Նմանօրինակ քաղաքականություն վարելով, ԱՄՆ-ը գլխավորապես երկու նպատակ է հետապնդում․ առաջին՝ իրանաֆոբիայի տարածումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, երկրորդ՝ Իրանի նկատմամբ փափուկ հակազդեցությունը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում։
Հենց այս պատճառով էր, որ Թրամփը հայտարարեց «ԱՄՆ-ի ժողովրդին օտարերկրացիների ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու» մասին և 90 օրով մուսուլմանական յոթ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելող հրամանագիր ստորագրեց։ Այս հրամանագրի համաձայն մուսուլմանական այդ յոթ երկրները հայտարարվեցին «ահաբեկչության հովանավոր և ԱՄՆ-ի համար արտակարգ սպառնալիք հանդիսացող» պետություններ։
Իրանի դեմ շրջափակումների կիրառումը հայտարարվեց տասը տարի առաջ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևով։ Դրանից հետո ընդունվել են ևս հինգ բանաձևեր։ Նման քաղաքականությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի ԱՄՆ-ը միակողմանիորեն խստացնի շրջափակումները։ Իրանը այդ ժամանակաշրջանում կրեց բազմաթիվ վնասներ։Շրջափակումներ կիրառվեցին Իրանի նավագնացության ընկերությունների նկատմամբ, որի շրջանակներում արգելվեցին իրանական բեռների տեղափոխումը բազմաթիվ երկրներ ծովային և օդային ճանապարհներով։ Շրջափակումներից զերծ չմնացին նաև բանկերը, ապահովագրական ընկերությունները, արդյունաբերական ձեռնարկությունները և այլն։ Իհարկե հասկանալի է, որ այս ամենը հետապնդում էր միայն մեկ նպատակ՝ Իրանին ստիպել հետ կանգնել իր միջուկային բոլոր ծրագրերից, որը անընդունելի էր։
Այս իրավիճակը շարունակվեց մինչև 2009 թվականը, երբ Իրանը կարողացավ լուրջ ձեռքբերումների հասնել 5+1 խմբի հետ բանակցություններում։ Ժնևում և Վիեննայում ընթացող տևական բանակցությունները վերջապես հասան իրենց նպատակակետին և 2009 թվականի հուլինի 14-ին կնքվեց պատմական՝ Համատեղ քայլերի համապարփակ ծրագիր կոչվող պայմանագիրը, որը այսօրվա մեր հաղորդման առանցքային թեման է։
Իրանի և վեցնյակի միջև կնքված այդ պայմանագրի համաձայն վերացվեցին սպառազինությունների վերաբերյալ շրջափակումները և դրանք փոխարինվեցին որոշակի սահմանափակումներով, որոնք հինգ տարի հետո պետք է լիովին հանվեին։ Արդյունքում Իրանը հնարավորություն ստացավ ներկրել և արտահանել պաշտպանական բազմաթիվ ապրանքներ։
Այս կապակցությամբ պետք է նշել, որ պայմանագրի կնքումից հետո արգելվեցին այնպիսի հրթիռային համակարգերի ստեղծումը, որոնք նախատեսված էին միջուկային մարտագլխիկներ կրելու համար։ Այս առումով հատկանշական է, որ Իրանը երբեք էլ նպատակ չի ունեցել նման զանգվածային ոչնչացման զենքեր ստեղծել։
Այսպիսով, պետք է փաստենք, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և մի քանի այլ երկրների վարած թշնամական քաղաքականությունը երբեք էլ չի ունեցել ցանկալի արդյունք։ Դեռ ավելին, թշնամիներին ոչ միայն չի հաջողվել իրանաֆոբիա տարածել աշխարհում, այլ չի հաջողվել նաև վնաս հասցնել Իրանի միջազգային հեղինակությանը։ Ներկայումս նույնպես նման քայլերը շարունակվում են, որոնք ի դժբախտություն թշնամիների, հանգեցնում են Իրանի միջազգային հեղինակության ամրապնդմանը։ Ասվածի մասին է վկայում այն, որ բազմաթիվ երկրներ այժմ ցանկանում են համագործակցության եզրեր գտնել Իրանի հետ։
Միջուկային բանակցությունները հաջողությամբ պսակվեցին այն դեպքում, երբ Արևմուտքը ջանք ու եռանդ չէր խնայում այն ձախողելու համար։ Համաձայնությունը կարևոր պատգամ էր ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև ողջ աշխարհի համար։ Իրանի և վեցնյակի երկրների միջև ընթացող բանակցությունները փոխըմբռնման հասնելու փորձ էին, այլ ոչ թե Իրանի կողմից նահանջի միտվածության դրսևորում։
Բանակցությունները, ինչպես նաև դրանց արդյունքում կնքված համաձայնությունը փայլուն կերպով ապացուցեցին, որ Իրանի ժողովուրդը պատրաստ է դիմակայելու ամեն տեսակ ճնշումներին սեփական իրավունքների պաշտպանության համար։ Այս առումով նշանակալի է նաև բանակցություններ վարող թիմի ահռելի աշխատանքը։ Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերով․ «Իրանը երբեք միջուկային հարցերում կարմիր գծերից այն կողմ զիջումների չի գնա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ուրանի հարստացմանը, որը միայն խաղաղ նպատակների միտվածություն ունի։Միջուկային համաձայնության տապալմանն ուղղված ԱՄՆ-ի բոլոր փորձերը ի չիք են դարձել։ Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը հենց այս մասին է վկայում, որի նպատակն էր կյանքի կոչել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը։ Այս ճանապարհը դեռևս մեծ դժվարություններ ունի, որոնք գալիք տարիների ընթացում պետք է փորձենք հաղթահարել։ Ներկայումս պետք է պատրաստ լինենք թշնամիների բոլոր հնարավոր քայլերին»։
Եթե հայացք նետենք ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը նախորդ նախագահի օրոք, ապա կհամոզվենք, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին համաձայնությունը ստորագրելուց հետո Օբաման չփոխեց իր թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ։ Այս առումով բացառություն չէ նաև Դոնալդ Թրամփը, ով իր նախորդ գործընկերոջ քաղաքական կուրսն է շարունակում։
Իրականությունն այն է, որ, երբ Թրամփը ընտրվեց նախագահ, ԱՄՆ-ի բոլոր պլանները և մշակած ռազմավարությունները տարածաշրջանում խառնաշփոթի մեջ հայտնվեցին։ Թրամփի տված նախընտրական խոստումները ապացուցեցին, որ վերջինս ռադիկալ է տրամադրված բազմաթիվ հարցերում։ Թրամփը խոստացել է, որ պատ է կառուցելու ԱՄՆ-Մեքսիկա սահմանագծում, երկրից վռնդելու է բոլոր անօրինական էմիգրանտներին և նման շատ բաներ, որոնք ամբողջ աշխարհում մեծ աղմուկ և քննադատությունների ահռելի ալիք են բարձրացրել։ Թրամփի ծայրահեղական քաղաքականության ևս մեկ ապացույցն այն է, որ նա վերջերս ստորագրեց մի համաձայնագիր, որով արգելվում է մուսուլմանական յոթ երկրների՝ այդ թվում նաև Իրանի քաղաքացիների մուտքը ԱՄՆ։
Բոլորովին վերջերս տեղի ունեցած իրադարձությունները ապացուցեցին, որ ԱՄՆ-ը ցանկանում է նոր հարթակ ստեղծել Իրանի դեմ շրջափակումները առավել խստացնելու և երկրի վրա տարբեր եղանակներով ճնշումներ գործադրելու համար։ Այդպիսի պատրվակ է ծառայում նաև Իրանի հրթիռային պաշտպանության ծրագրի իրականացումը։ ԱՄՆ-ը պարբերաբար Իրանին մեղադրում է նաև մարդու իրավունքների խախտման և ահաբեկչական շարժումներին աջակցելու մեջ։ Ինքնին հասկանալի է, որ նման պնդումները ամբողջովին անհիմն են և ոչ մի քննադատության չեն դիմանում։ ՀԳՀԾ-ի գործարկումից մի քանի ամիս անց ամերիկացի մի պաշտոնյա հայտարարել է․ «Մենք կանենք ամեն հնարավորը, որ աշխարհի խոշոր ներդրողները խուսափեն Իրանի հետ գործարք կատարելուց»։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ի Խաղաղության ինստիտուտի կողմից հրապարակված զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ը ևս 13 նոր շրջափակումներ է ավելացրել Իրանի ոչ միջուկային շրջափակումների ցուցակում։
Ինչևիցե, ամփոփելով վերոբերյալը հանգում ենք այն եզրակացության, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը դեռևս շարունակելու է իր դավադրական քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ Անշուշտ, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը կայուն հարթակ կտեղափոխվի միայն այն ժամանակ, երբ այն ստորագրող բոլոր կողմերը հասկանան դրա կարևորությունն ու շահավետությունը։ ԱՄՆ-ի վերաբերմունքը Իրանի նկատմամբ պատկերավոր կերպով նկարագրում է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Զարիֆը։ Նրա բնորոշմամբ՝ ԱՄՆ-ը նման է կախվածություն ունեցող մի մարդու, ով թեև հասկանում է, որ իր կախվածությունը միայն վնաս է հասցնում իրեն, բայցևայնպես չի կարողանում ձերբազատվել դրանից։ Իրանի հետ ԱՄՆ-ի հիմնական խնդիրը փաստորեն Իրանի ժողովրդի հեղափոխական լինելու փաստն է և նրա անկախ դիրքորոշում ու ԱՄՆ-ի զոռբայություններին հակադրվելը:Ուստի քանի դեռ Իրանը վճռակամ է իր հեղափոխական դիրքորոշումներում Միացյալ Նահանգների թշնամական քաղաքականությունը շարունակվելու է։