ՀԳՀԾ-ի ճակատագիրը Թրամփի կառավարության վարկածով(3)
Դոնալդ Թրամփի կողմից նախընտրական քարոզարշավի ժամանակ արված հայտարարությունները և նախագահ դառնալուց հետո վերջինիս վարած ծայրահեղական քաղաքականությունը բազմաթիվ քննարկումների պատճառ են դարձել ամբողջ աշխարհում։ Մարդկանց գերազանցապես հետաքրքրում են որոշ կարևոր հարցեր, որոնք մինչ այժմ պատասխան չեն ստացել․ ի՞նչ նպատակ է հետապնդում Թրամփը ՀԳՀԾ-ի վերաբերյալ նման կոշտ դիրքորոշում որդեգրելով։
Երբ Դոնալդ Թրամփը մուտք գործեց Սպիտակ տուն, ԱՄՆ-ի համար ստեղծվեցին Իրանի դեմ թշնամական քաղաքականություն վարելու նորանոր պատրվակներ, որոնցից թերևս ամենահատկանշականը Իրանի հրթիռային փորձարկումներն էին։ Իրականում Իրանի նկատմամբ կոշտ դիրքորոշումները ԱՄՆ-ի պետայրերի շրջանում դեռևս վաղուց բավականին տարածված երևույթ էին, իսկ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման սկիզբը նման դիրքորոշումներին ավելի ծայրահեղական երանգներ հաղորդեց։ Թրամփի որդեգրած քաղաքականությունը ակնթարթորեն բազմաթիվ քննադատությունների պատճառ դարձավ միջազգային ասպարեզում։ Երբ ԱՄՆ-ի պետայրերը հասկացան, որ միջուկային ոլորտում անհիմն մեղադրանքներով չի ստացվում ազդել Իրանի միջազգային հեղինակության վրա, հերթը հասավ բալիստիկ հրթիռների փորձարկման մասին ստահոդ տեղեկությունների տարածմանը։ Այս հարցը ԱՄՆ-ի կողմից որակվեց որպես Իրանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևերի խախտում։ Ներկայումս նույնպես, ԱՄՆ-ը օգտագործում է հնարավոր բոլոր ռեսուրսները միջազգային հանրությանը համոզելու համար, որ Իրանը լուրջ սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։ Այս ուղղությամբ ԱՄՆ-ին աջակցում են որոշ երկրներ՝ մասնավորապես սիոնիստական ռեժիմը։
Իրանի հրթիռային փորձարկումների ընթացքում ԱՄՆ-ն քաղաքական մեծ ակտիվություն ցուցաբերեց՝ փորձելով զգուշացնել Իրանին այդ կապակցությամբ։ Նման հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, ով շատ չանցած ազատվեց պաշտոնից՝ Ռուսաստանի հետ անվտանգության հարցեր քննարկելու մեղադրանքով։ Նման զգուշացումները ԱՄՆ-ի կողմից հետապնդում են մեկ կարևոր նպատակ․ այն է՝ հող նախապատրաստել Իրանին ուղղակիորեն սպառնալու համար։
Թոշակի անցած ծովակալ՝ Ջեյմս Ստավրիդիսը, ով նախկինում ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար է եղել այս մասին ասում է․ «Թրամփի կառավարության զգուշացումներն Իրանին միայն մեկ բան են նշանակում։ Նա ցանկանում է ցույց տալ, որ անընդհատ և մեծ ուշադրությամբ հետևում է Իրանի քայլերին և հարկ եղած ժամանակ կարող է համապատասխան քայլեր ձեռնարկել։ Ես այսպես եմ հասկանում Թրամփի քայլերը, բայց և կարծում եմ, որ կառավարությունը պետք է մեզ բացատրություններ տա այս կապակցությամբ»։
Որոշ քաղաքական վերլուծաբաններ այն կարծիքին են, որ ԱՄՆ-ի ներկայիս արտաքին քաղաքականությունը Թրամփի արկածախնդրության հետևանքն է։ Նրանց խորին համոզմամբ՝ այժմ ԱՄՆ-Իրան հարաբերությունները մտնում են լարվածության մեկ այլ փուլ, որում փոխադարձ քայլերի երկուստեք սպասում կա։
Դոնալդ Թրամփը Իրանին սպառնացել է նաև իր թվիթերյան գրառման մեջ։ Նա սպառնացել է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Իրանի նկատմամբ, քան դա արել է Բարաք Օբաման։
«Յու Էս նյուզ» լրատվական գործակալությունը այս կապակցությամբ գրում է․ «Թրամփի կառավարությունը Իրանի հետ խոսում է անորոշ լեզվով։ Հետագայում, եթե ռազմական բախման խնդիր առաջանա կառավարությունը իր գործողությունները կքողարկի «Մենք ձեզ այս մասին զգուշացրել էինք» արտահայտությամբ։ Հնարավոր է, որ բախումներ լինեն Պարսից ծոցում իրանական և ամերիկյան նավերի միջև։ Թրամփի կառավարությունը մշտապես պնդում է, որ Բարաք Օբամայի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահի դիրքորոշումները Իրանի վերաբերյալ բավականաչափ կոշտ չեն եղել։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Իրանը պետք է Օբամային շնորհակալություն հայտնի մեղմ վերաբերմունքի համար»։
Այս հայտարարությունները հանգեցրել են Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խիստ քննադատությանը։
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեին Իրանի օդուժի բարձրաստիճան սպաների և այդ ոլորտի մնացած աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թրամփի այն պնդումներին, որ Իրանը պետք է շնորհակալ լինի Օբամային, ասել է․ «Մենք երբեք էլ շնորհակալ չենք լինի նրան, քանի որ նրա օրոք Իրանի ժողովրդի կաթվածահար անելու նպատակով ծանր շրջափակումներ կիրառվեցին։ Իհարկե, այդ շրջափակումները չունեցան իրենց արդյունքը և բոլորը հասկացան, որ ոչ մի թշնամի չի կարող կոտրել Իրանի ժողովրդի աննկուն կամքը։ Ինչու՞ պետք է ԱՄՆ-ի նախորդ կառավարությանը շնորհակալ լինել,-շարունակում է նա,-այն պատճառով, որ շրջափակումներ կիրառեց Իրանի դե՞մ։ Քանի որ ԻԼԻՊ ստեղծե՞ց, թե՞ նրա համար, որ կրակի մատնեց Սիրիան ու Իրաքը»։ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը անդրադարձավ նաև Թրամփի այն հայտարարությանը, որում նա խորհուրդ է տալիս իրանցիներին վախենալ իրենից։ Այս կապակցությամբ նա ասաց․ «Իրանցին ոչ մի սպառնալիքից չի վախենում։ Իհարկե, մենք նաև որոշ առումներով շնորհակալ ենք ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, քանի որ վերջինս արագորեն ցույց տվեց ԱՄՆ-ի իրական դեմքը և կարճ ժամանակահատվածում ապացուցեց Իրանի Իսլամական Հանրապետության 38 տարվա պնդումները այդ երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական և բարոյական գծերի աղավաղվածության մասին»։
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելեց․ «ԱՄՆ-ի նոր նախագահը իր հայտարարություններով և քայլերով համայն աշխարհին ի ցույց է դրել Ամերիկայի իրական դեմքը»։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, ըստ երևույթին, նույնպես տրամադրված չէր կարգավորել հարաբերությունները Իրանի հետ։ Չնայած նա Սպիտակ տուն մտավ «փոփոխություն» կարգախոսով, սակայն կարճ ժամանակ անց բոլորը համոզվեցին, որ Օբաման նույնպես կոչված է շարունակել իրեն նախորդող նախագահների քաղաքականությունը։ Նույն պատմությունը կրկնվեց նաև Թրամփի դեպքում։ Իրանը Օբամային շնորհակալ լինելու որևէ պատճառ չունի, քանի որ նա ոչ միայն ոչ մի լավ վերաբերմունք ցույց չի տվել Իրանին, այլև որքան հնարավոր է փորձել է ճնշում գործադրել Իրանի վրա։ Անգամ իր պաշտոնավարման մայրամուտին Օբաման խստացրեց Իրանի դեմ կիրառվող շրջափակումները և ճանապարհ հարթեց, որպեսզի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի վարել նույն՝ թշնամական քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ Իրականում Օբամայի և Թրամփի վարած քաղաքականությունների միջև որևէ էական տարբերություն գոյություն չունի։ Սպիտակ տունը մշտապես Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ թշնամանք է տածել՝ անկախ այն բանից, թե որ կուսակցության ձեռքերում է գտնվում իշխանության ղեկը։
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի խոսքերով՝ ՀԳՀԾ-ն Իրանի նախընտրությունն է եղել, սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ԻԻՀ-ը այլ ելք չունի։ Համենայնդեպս, ներկայումս Իրանի հետ կապված ԱՄՆ-ի ցանկացած նոր որոշում պետք է համապատասխանի միջազգային կանոնակարգերին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին։
Իհարկե այս ամենի մասին պետք է լրջորեն խոսել միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նոր նախագահը վերջնականապես հստակեցնի իր բոլոր դիքորոշումները։
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը դեռևս շատ վաղուց զգուշացնում էր, որ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ շարունակական բնույթ է կրելու և այդ երկիրը ցանկացած առիթ օգտագործելու է Իրանին հակադրվելու համար։
Իսլամական հեղափոխության առաջնորդը անցած տարի Իրանի համակարգի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ շեշտել էր, որ ՀԳՀԾ-ի անորոշ լինելու հանգամանքը կողմերին այն խախտելու հնարավորություն է տալիս, իսկ Իրանը իր հանձնառություններին հավատարիմ կմնա մինչև վերջ։ Առաջնորդի համոզմամբ՝ սեփական խոստումներին հավատարիմ մնալը Ղուրանի պատգամներից է և աստվածահաճո գործ է հանդիսանում։ Միևնույն ժամանակ իսլամական հեղափոխության առաջնորդը նշել է, որ եթե Թրամփը փորձի պատռել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին համաձայնությունը, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը կայրի այն։
Այաթոլլահ Խամենեին ԱՄՆ-Իրան հակամարտությունը վեր է դասել մնացած հակամարտություններից, քանի որ այն շատ խորը արմատներ ունի։ Նա ասել է, որ ԱՄՆ-ի բնույթը չի փոխվել Ռեյգանի ժամանակներից ի վեր։ Ոչ մի տարբերություն չկա, թե ԱՄՆ-ում իշխանությունը պատկանում է դեմոկրատներին կամ հանրապետականներին․ միևնույն է, վերաբերմունքը Իրանի նկատմամբ չի փոխվելու։ Իսկ ինչ վերաբերում է ռազմական հարձակման սպառնալիքներին, ապա դրանք միայն անհիմն հայտարարություններ են։