«Հոգևորն ու տուրիզմը» խորագրով միջազգային երկրորդ կոնֆերանսը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i55070-Հոգևորն_ու_տուրիզմը_խորագրով_միջազգային_երկրորդ_կոնֆերանսը
Անցած շաբաթ Թեհրանի գիտության և մշակույթի համալսարանում բազմաթիվ դասախոսների, այդ ոլորտի մասնագետների և արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ անցկացվեց միջազգային երկրորդ կոնֆերանսը «Հոգևորն ու տուրիզմը» խորագրով։ Կոնֆերանսից առաջ այս կապակցությամբ հանդիպում-ժողովներ են տեղի ունեցել նաև Ղոմ, Թավրիզ և Մաշհադ քաղաքներում
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 23, 2017 07:43 Asia/Tehran

Անցած շաբաթ Թեհրանի գիտության և մշակույթի համալսարանում բազմաթիվ դասախոսների, այդ ոլորտի մասնագետների և արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ անցկացվեց միջազգային երկրորդ կոնֆերանսը «Հոգևորն ու տուրիզմը» խորագրով։ Կոնֆերանսից առաջ այս կապակցությամբ հանդիպում-ժողովներ են տեղի ունեցել նաև Ղոմ, Թավրիզ և Մաշհադ քաղաքներում

Կյանքի իմաստի փնտրտուքները և կատարելության ձգտումը մարդու արարման պահից իսկ իր անբաժան ուղեկիցներն են եղել։ Հոգևորի բացակայությունը մարդու մեջ կարող է հանգեցնել լուրջ ճգնաժամային իրավիճակների։ Այսօր էլ մարդը կյանքի իմաստն ու նպատակներն է փնտրում։ Դա է պատճառը, որ գիտության և տեխնիկայի ներկայիս զարգացվածության  պայմաններում մարդ արարածը չի դադարեցնում նաև հոգևորի որոնումները, որը նույնքան, և դեռ ավելի մեծ կարևորություն ունի ճգնաժամները հաղթահարելու համար։ Մասնագետները համոզված են, որ ճանապարհորդելը մարդու հոգևոր ներուժի զարգացման տեսանկյունից ահռելի նշանակություն ունի։ Ճանապարհորդելը օգնում է, որպեսզի մարդը կարողանա խորացնել իր հոգևոր ընկալունակությունը և այս առումով այն շատ կարևոր է։

Միջազգային երկրորդ կոնֆերանսը «Հոգևորն ու տուրիզմը» խորագրով

 

   

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ յուրաքանչյուր դարաշրջանի հայտնի և կարկառուն դեմքերը իրենց գիտական և բարոյական զարգացման ուղղությամբ հաստատուն քայլեր կատարելու նպատակով  ճամփորդել են։ Նրանք չեն սխալվել ճանապարհորդությանը մեծ նշանակություն տալու հարցում, քանի որ ճանապարհորդելիս բարոյապես և հոգեպես մաքրվել են։ Ասվածի ապացույցները կարող ենք գտնել համաշխարհային գրական ժառանգության ահռելի օվկիանոսում, որտեղ ճանապարհորդության դրական կողմերի մասին տեղեկությունները բազմաթիվ են։

Տուրիզմի կարևորությունը այն է, որ մարդը  բազմազան մշակույթների հետ առնչվելով, տարբեր մարդկանց տեսնելով և նրանց հետ հաղորդակցվելով փոխում է իր աշխարհայացքը։ Իհարկե, պետք է ճանապարհորդության հետ մետկեղ հիշել և վառ պահել հոգևորը մեր սրտերում։ Կարևոր է նշել նաև, որ մարդիկ ճանապարհորդելիս դառնում են առավել հանդուրժողական և խաղաղասեր, քանի որ սկսում են ճանաչել աշխարհը և մարդկանց՝ այնպիսին, ինչպիսին ստեղծել է Աստված։

Հոգևորն ու տուրիզմը

«Հոգևորն ու տուրիզմը» խորագրով միջազգային երկրորդ կոնֆերանսի կազմակերպիչները հայտարարել էին, որ 115 հոդվածներ են ստացել փիլիսոփայության և կրոնի, հոգեբանության և բարոյականության, մշակույթի և հասարակության, տնտեսության և կառավարման վերաբերյալ, որոնցից 68-ը հաստատվել է քննարկման համար   և 41-ը ներկայացվել է վերջնական քննարկման։ Հոդվածները կոնսֆերանսում ներկայացվել են ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տեսքով։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր քարտուղար եւ տնօրեն Շու Ջինը կոնֆերանսին նամակ է հղել, որում մասնավորապես նշել է․ «Միջազգային տուրիզմից ստացված եկամուտները կազմում են համաշխարհային առևտրաշրջանառության յոթ տոկոսը և այդ ոլորտի մասնագետները կազմում են աշխարհում տարածված մասնագետների մեկ տասնմեկերորդ մասը։ Չնայած համաշխարհային բազմաթիվ մարտահրավերներին միջազգային տուրիզմը շարունակում է աճի տեմպերը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարուստ է տեսարժան վայրերով և մշակութային ժառանգությամբ և համարվում է աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկը։ Այս պոտենցիալով Իրանը դարձել է աշխարհի զբոսաշրջության կենտրոններից մեկը»։

  Իրան՝ զբոսաշրջիկների դրախտ

 

 

Կոնֆերանսի նախագահ դոկտոր Մոհամմադ Հոսեյն Իմանի Խոշխուն իր ելույթում նշել է․ «Այս կոնֆերանսի և մի քանի միջազգային ծրագրերի միջոցով նպատակ ունենք բացահայտել տուրիզմի և հոգևորի միջև առկա խորքային բնույթը, որն ունի բազմաթիվ ճյուղեր և այդ ճյուղերից մեկը ճանապարհորդելու կարևորության գիտակցումն է արդի աշխարհում»։

Նա նաև նշել է․ «Հոգևոր տուրիզմ ասելով նկատի չունենք կրոնական տուրիզմը։ Մենք ցանկանում ենք խորը գնահատանքի արժանացնել  տուրիզմի այն տեսակը, որը իր հետ բերում է արժեքավոր արդյունքներ։ Տուրիզմը այն տարածված երևույթն է, որի հետ գրեթե բոլորն են ծանոթ, սակայն միևնույն ժամանակ այս ոլորտին բավականաչափ ուշադրություն չի դարձվում»։

Իր ելույթի շարունակության մեջ նա նշեց, որ, հիմնվելով կրոնական հայացքների վրա, կարելի է տալ հոգևոր տուրիզմի բացատրությունը․ այն ճանապարհորդնելն է հոգևոր հանգստության հասնելու նպատակով։ Այս առումով պետք է նշել, որ միայն  տուրիզմի և հոգևորի միասնությունը կարող է ցանկալի արդյունք ապահովել ճանապարհորդի համար։

        Կոնֆերանսի նախագահը՝ դոկտոր Մոհամմադ Հոսեյն Իմանի Խոշխուն

 

Կոնֆերանսի մասնակիցներից Ղոլամռեզա Աըվանին, անդրադառնալով Ղուրանի այաներից մեկին, որը ճանապարհորդության մասին է, ասել է․ «Տուրիզմը շատ մեծ նշանակություն ունի մարդու հոգևոր ներաշխարհում  նորանոր հորիզոններ բացելու տեսանկյունից։ Ներկայումս արևմուտքում հասկացել են հոգևորի մեծ արժեքի մասին, սակայն փորձում են այն առանձնացնել կրոնից, ինչը մեզ համար ընդունելի չէ»։

Մտավորականը անդրադարձ կատարեց նաև հոգևոր տուրիզմի առավելություններին։ Նա նշեց «Աշխարհը տեսնելը, նրանում առկա բազմազանությունների հետ շփումը, փորձի ձեռքբերումը, հոգևո  ներաշխարհի զարգացումը հոգևոր տուրիզմի հիշատակման արժանի առանձնահատկություններից են»։

Աըվանին նաև շեշտել է, որ հոգևոր տուրիզմը օգնում է, որպեսզի մարդիկ իրենց մեջ բացահայտեն Աստծո խոսքը և հետևեն դրան, քանի որ նրանք այդ կերպ կարող են ինքնավստահություն ձեռք բերել և ինքնաճանաչման հասնել։ Ընդհանրացնելով կարելի է ասել, որ հոգևոր տուրիզմը հասարակության մեջ զարգացնում է աստվածային արժեքները։

Ղոլամռեզա Աըվանի

 

                                              

Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռեզա Դավարի Արդաքանին, փիլիսոփայական հայացք նետելով տուրիզմի թեմային, ասել է, «Ճանապարհորդությունը միայն զվարճանք չէ, այն հատուկ է միայն մարդուն։ Կենդանիները չեն ճանապարհորդում, այլ տեղից տեղ են տեղափոխվում, ինչը իրենց բնազդի հետ է կապված։ Մարդը իր արարման պահից իսկ ճանապարհորդ է եղել և կարելի է ասել, որ բոլորս այժմ օտար ենք այստեղ։ Անցյալում ճանապարհորդությունը հոգևոր և սուրբ նշանակություն է ունեցել։ Եթե ուշադրություն դարձնենք Հաֆեզի և Սաադիի բանաստեղծություններին, ապա կհամոզվենք, որ դրանցից շատերը ծնվել են ճանապարհորդությունների ընթացքում։ Ես խորապես համոզված եմ, որ Ամերիկա մայրցամաքը բացահայտվել է մի արկածախնդիր ճանապարհորդության արդյունքում»։

Անվանի գիտնականի կարծիքով՝ տուրիզմը ներկայումս միայն ծանոթության նպատակով չի իրականացվում, գիտության և տեխնիկայի զարգացման հետ մեկտեղ առաջացել են տուրիզմի բազմաթիվ տարատեսակներ։ Հատկանշական է նաև, որ տուրիզմը ստեղծում է բազմաթիվ աշխատատեղեր և այս առումով պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ ոլորտին։

     Ռեզա Դավարի Արդաքանի

Հոնգ Կոնգի պոլիտեխնիկական համալսարանի  պրոֆեսոր Բրայան Քինգը, ով կապի մեջ էր հեռահաղորդակցության միջոցով, իր գոհունակությունն է հայտնել կոնֆերանսի կազմակերպման վերաբերյալ և շեշտել դրա կարևորությունը։  Նա անդրադարձել է նաև եվրոպացի և ասիացի ճանապարհորդների  հոգևոր կարիքների բավարարման համար համապատասխան հարթակ ստեղծելու անհրաժեշտությանը։

Նա իր ելույթում խոսեց տուրիզմի տարատեսակների, տուրիզմ-կրոն և տուրիզմ-հոգևոր կապերի վերաբերյալ գիտական տեսակետների մասին։ Պրոֆեսորը անդրադարձ կատարեց նաև իսլամական երկրերում աճող տուրզմի տեմպերին՝ հատկապես Ասիա և Օվկիանիա գոտում։ Նա առաջարկեց շատ զբոսաշրջիկներ ընդունող երկրներին առավել զարգացնել իրենց սպասարկման ոլորտը՝ այցելուների հոգևոր և կրոնական պահանջները բավարարելու համար։

         Հոգևորը և տուրիզմը խորագրով կոնֆերանսի բանախոսները

 

 Հունաստանի համալսարանի պրոֆեսորը կոնֆերանսի ժամանակ իր ելույթում նշել է, որ այժմյան հասարակությունը հոգևորը կարևորում է որպես ներքին խաղաղության հասնելու ամենաարդյունավետ միջոց և այս առումով մեծ նշանակություն է տրվում այն հանգամանքին, որ ուխտագնացությունը, տուրիզմը և հոգևորը պետք է միմյանցից անբաժան լինեն։

Նա հավելել է «Կան շատ տարածքներ և տեսարժան վայրեր, որոնք զբոսաշրջիկների համար հեշտ հասանելություն չունեն, այդիսկպատճառով հարկավոր է զարգացնել օդային, ջրային և ցամաքային տրանսպորտի և հաղորդակցության միջոցները։ Համոզված եմ, որ այդ դեպքում զբոսաշրջությունը առավել էֆեկտիվ կդառնա»։

Հունաստանի հալասարանի դասախոսն ասել է «Պետք է ազատականացնել ամբողջ աշխարհի ավիաուղիները ճանապարհորդների առաջ, ինչը կարող է նպաստել  այդ  ծառայությունների զարգացմանը»։

Նա նաև դրական է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերը այս ուղղությամբ և իր գոհունակությունն է հայտնել իրանական օդանավակայանների՝ մասնավորապես Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանի բարձր մակարդակի սպասարկման համար։

Միջազգային երկրորդ կոնֆերանսը «Հոգևորն ու տուրիզմը» խորագրով

 

Մալայզիայի համալսարանի դասախոս դոկտոր Բադրեդդին Մոհամմադը նույնպես ելույթ է ունեցել կոնֆերանսի ժամանակ։ Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության  համաշխարհային կազմակերպությունը   (UNWTO)  ամեն տարի բազմաթիվ ծրագրեր է իրականացնում զբոսաշրջության ոլորտում, այն նույնիսկ բավականին մեծ ակտիվություն է ցուցաբերել Հաջի ուխտագնացության ընթացքում։ Ամեն տարի բազմաթիվ մուսուլմաններ Աստծո տունը տեսնելու համար այցելում են Արաբիա։ Ներկայումս Աստծո տան շրջակայքում կառուցված են բազմաթիվ առևտրի կենտրոններ, որը մեծ խնդիր է, քանի որ շատերը իրենց ուխտագնացությունը թողած, այցելում են այդ վայրերը։

Իրանագիտության դասախոս դոկտոր Իրաջ Աֆշար Սիստանին իր ելույթում նշել է․ «Զբոսաշրջության զարգացման գործում մեծ նշանակություն ունեն լրատվամիջոցները։ Եթե նրանք չաշխատեն համագործակցված, ապա տուրիզմի ոլորտում մենք զգալի վնասներ կունենանք։ Ոչ մի բան այնքան մեծ ազդեցություն չի ունենում տուրիզմի զարգացման վրա, որքան լրատվամիջոցները»։

Կոնֆերանսի ընթացքում մրցանակ շնորհվեց Իրանի ականավոր մտավորական, փիլիսոփա և կրոնագետ Ղոլամռեզա Աըվանիին։ Մասնագետների համոզմամբ՝ «Հոգևորը և տուրիզմը» խորագրով կոնֆերանսը մեծ նշանակություն ունի տուրիզմի զարգացման տեսանկյունից ողջ աշխարհում։ Կարևոր է իմանալ նաև, որ 2017 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ճանաչվել է որպես «զբոսաշրջության կայուն զարգացման տարի», որը հարմար առիթ է, որպեսզի աշխարհի պետությունները սկսեն ավելի մեծ ուշադրություն դարձնել տուրիզմի զարգացմանը։