Կայուն զբոսաշրջություն և կենսաբազմազանություն
Մայիսի 22-ը կենսաբազմազանության համաշխարհային օրն է։ Ներկայացնում ենք հատուկ թողարկում այս կապակցությամբ։
Երկիրը միակ մոլորակն է, որի վրա գոյություն ունի կյանք: Միլիոնավոր տարիների ընթացքում այստեղ ձևավորվել է կենսաբազմազանություն` որպես դրա գոյության ամենակարևոր աղբյուրը: Այսօր գիտնականները և կենսաբանները հանգել են այն եզրակացության, որ եթե կենդանի էակներից որևէ տեսակ երկրի վրայից վերանում է, վերանում է նաև միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված արդյունքը: Ուստի կենսաբազմազանությունը երկիր մոլորակի վրա կազմում է կյանքի հիմքը: Հենց այս հանգամանքի կարևորությունն այնքան մեծ է, որ ՄԱԿ-ի որոշմամբ` ամեն տարի մայիսի 22-ը նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր:

Կենսաբազմազանությունը բարդ հարաբերություններն են կենդանի էակների միջև` մի ողջ համակարգում: Համակարգ, որտեղ գոյություն ունեն և' բուսական և' կենդանական և' մարդկային ցեղեր ու միաբջիջներ: Բազմազանությունը ուսումնասիրվում է 3 մակարդակով` գենետիկական, տեսակի և էկոհամակարգի: Գիտնականների կարծիքով, այս ճյուղը բարձրացնում է տեսակների կարողությունը և գործունեությունը, օգնում, որպեսզի նրանք ավելի դիմացկուն լինեն: Այլ խոսքով, այս էկոհամակարգում յուրաքանչյուր կենդանի էակ, մեծ թե փոքր, ունի որոշակի պարտականություն և նրանց գործելակերպի ամբողջությունը էկոհամակարգի զարգացման պատճառ է հանդիսանում: Այն նպաստում է, որպեսզի վերը նշված տեսակները փրկվեն հավանական վնասներից ու կորստից: Կենսաբազմազանությունը կարևոր է հատկապես մարդու համար: Բազմազանությունը պաշտպանում է էկոհամակարգի ծառայությունները, ինչպիսիք են` օդի որակը, կենսապայմանները, մաքուր ջուրը, փոշոտումը և այլն: Այսօր կենսաբազմազանությունը շատ կարևոր է հատկապես գյուղատնտեսության, առողջապահության, առևտրի, արդյունաբերության և մշակույթի ոլորտներում: Որպես օրինակ, գիտնականները եկել են այն եզրակացության, որ կենսաբազմազանության կորուստը վտանգում է սննդի ապահովությունը: Դա հատկապես նկատելի է գյուղատնտեսության մեջ: Նրանց կարծիքով, այս ոլորտում բազմազանությունը կայուն արդյունաբերության արգասիք է հանդիսանում: Նրանք պնդում են, որ որևէ ֆունկցիա, ինչպես` փոշոտումը, անհրաժեշտ է կենդանի էակների գոյատևումն ապահովելու համար: Փորձագետների կարծիքով, բազմազանությունն օգնում է, որպեսզի ավելի լավ, ավելի դիմացկուն, ավելի առողջ և ավելի տնտեսական բուսականություն աճի:
Կենսաբազմազանությունը նպաստում է կենսական ծառայություններին
Բազմաթիվ են այս ոլորտի ուսումնասիրությունները, հատկապես որ այն ուղղակի կապ ունի մարդու առողջության հետ: Օրինակ`կենսաբազամազանության ապահովումը պատճառ է դառնում, որ բանջարեղենը և մրգերը ավելի հարստանան և մարդը դրանցից ավելի շատ վիտամիններ ստանալով, բարձրացնի իր օրգանիզմի իմունիտետը: Արդյունաբերության ոլորտում բավական է հիշեցնել, որ նավթի ու գազի արդյունաբերությունը, որպես ամենաշահավետը ողջ աշխարհում, հազարավոր բակտերիաների և պլանկտոնի քայքայման արդյունք է: Այսօր սակայն պետք է ասել, որ մարդկային գործոնը խաթարում է երկիր մոլորակի կենսաբազմազանությունը: Ոչնչանում են բնական կացարանները, փոփոխության են ենթարկվում տեղանքների կլիմայական պայմանները, աղտոտվում է օդը, և բնական ռեսուրսները օգտագործվում են չափից ավելի: Արդյունքում, ոչնչանում են բուսական և կենդանական տեսակներ: Վերջերս անցկացված մի հետազոտության արդյունքում, որը կատարվեց աշխարհի տարբեր երեկրներում` 3 հազար գիտնականների մասնակցությամբ, պարզվեց, որ թռչունների 12,կաթնասունների 1/4 և երկկենցաղների 1/3 տոկոսը գտնվում են ոչնչացման եզրին: Մեկ այլ հետազոտություն փաստում է, որ յուրաքանչյուր մեկ ժամում 3 տեսակ կենդանի կանգնում է ոչնչացման վտանգի առջև: Սույն հետազոտությունը նաև ներկայացրեց մի ցավալի փաստ, որ այսօր ոչնչացման գործընթացը 100-1000 անգամ ավելի արագ է տեղի ունենում, քան մի քանի տարի առաջ: Գիտնականները կանխատեսում են, որ առաջիկա 20 տարիների ընթացքում այս գործընթացը 10 հազար անգամ աճելու է: Եվ եթե լուրջ քայլեր չարվեն դա կանխելու ուղղությամբ, որոշ գիտնականներ պնդում են, որ կենդանական աշխարհի ներկա տեսակների կեսը մինչև 2050 թ. իսպառ վերանալու են:
Պետք է ասել, որ զբոսաշրջությունն աշխարհի շատ երկրների բազմակողմանի զարգացման կարևոր առանցքն է համարվում: Այս արդյունաբերությունը զարգանում է հատկապես զարգացող երկրներում և մեծ ազդեցություն ունի դրանց տնտեսական կյանքի ու ՀՆԱ-ի վրա: Սակայն զբոսաշրջությունը, մի կողմից լինելով տնտեսական զարգացման գործոն, մյուս կողմից կարող է սպառնալիք հանդիսանալ կենսաբազմազանության համար: Ուստի այսօր մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի տնտեսական զարգացումը չխաթարի կենսաբազմազանութանը: Հենց այս պատճառով, 2017թ. կենսաբազմազանության համաշխարհային օրը նշվում է «Կենսաբազմազանություն և կայուն զբոսաշրջություն» անվամբ:

1992թ. Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցավ «Երկրի» կոնֆերանսը, որտեղ առաջին անգամ ներկայացվեց կայուն զբոսաշրջության խնդիրը: Իսկ 1995թ Մադրիդում կայացած Զբոսաշրջության համաշխարհային կոնֆերանսում այն հստակեցվեց: Կայուն զբոսաշրջություն ասելով հասկանում ենք, որ կառավարությունները պետք է նվազագույն վնասը հասցնեն կենսոլորտին, իրենց զարգացման գործընթացում: Ուստի պետք է ներկայացնել տրամաբանական մեթոդներ` մարդկային և բնական ռեսուրսները ճիշտ օգտագործելու ուղղությամբ: Նաև պետք է պահպանել կենսոլորտը և մշակութային ժառանգությունը: Ուրեմն զբոսաշրջությունը , պարտավոր է պաշտպանելով տնտեսական աշխատանքները, նկատի առնել նաև կենսոլորտի արժեքները և ծախսերը: Այսպիսով հասկանում ենք, որ նորովի զբոսաշրջությունը չպետք է աղտոտի ծովափնյա շրջանները, բնությունը և վնասի կենսաբազմազանությանը: Կառավարությունները պարտավոր են խիստ օրենքներ կիրառելով, պահպանել այս ամենը զբոսաշրջային տուրերից: Հենց այս օրենքների կիրառումից կստեղծվի այնպիսի զբոսաշրջություն, որը կարող է ապահովել զարգացման նպատակները:
Այսպիսով կարելի է հասկանալ, որ համաշխարհային հանրությունը գիտակցում է` մարդու կողմից արված յուրաքանչյուր քայլ պետք է նպաստի աստվածային բարիքների պահպանմանը: Հակառակ դեպքում, մարդու և կենդանիների գոյությունը վտանգվելու է: Կենսաբազմազանության համաշխարհային օրը առիթ է, որպեսզի մեկ անգամ ևս ընդգծվի այս հարցի կարևորությունը: