Սաադին` Սիրո , խաղաղության ու բարեկամության ջատագովը
Իրանական օրացույցում ապրիլի 21-ը( Օրդիբեհեշթ ամսի 1-ը) նշվում է որպես մեծ բանաստեղծ Սաադիի մեծարման օր: Այս հաղորդումը նվիրված է մեծ բանաստեղծին:
Ինչպես կարելի է կարճ տողերում ու ժամանակամիջոցում խոսել մի մարդու մասին, ով մի ողջ աշխարհի դարձրեց իր եզակի գաղափարների հյուրը և իր խոսքը տարածվեց ողջ աշխարհում: Եվ այն էլ ոչ ներկա դարում , որը համարվում է մեդիայի դարաշրջան,այլև մի քանի դար առաջ, երբ ճամփորդելը շատ դժվար էր, իսկ բանաստեղծների ստեղծագործությունները լինում էին շատ սահմանափակ: Սաադին այն իրանցի մտավորականներից ու բանաստեղծներից էր, որ հռչակված էր հենց իր կյանքի օրոք ու նրա խոսքը մեծ տարածում ուներ սովորական ժողովրդի, պալատական ու գրական շրջանակներում: Նրա գրքերն անցնում էին ձեռքից ձեռք, իսկ նրա Գոլեսթան ժողովածուն դարձավ դասագիրք` Հնդկաստանի ու Օսմանյան թագավորների համար: Այն ժամանակվանից, երբ մարոկկացի հանրահայտ զբոսաշրջիկ Իբն Բաթութան խոսեց նավավարների մասին, որ Չինաստանի ամենաարևմտյան հատվածներից Քինգսե քաղաքում նավավարության ժամանակ կարդում էին Սաադիի ստեղծագործությունները, դարեր են անցել: Սակայն նրա հեղինակությունը շարունակում է գնալով ավելի խորանալ: Հարկ է նշել, որ Սաադիի ստեղծագործությունը գրված է ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի պատին: Այդ ստեղծագործության իմաստը հետևյալն է.
Մարդիկ սերում են միևնույն մարմնից
Եվ նույն շաղախից են՝ արարչական .
Եթե մեկ անդամ ցավի աշխարհից,
Հանգիստ չի մնա և ոչ մի անդամ :
Եթե չես տխրում ուրիշի ցավից,
Արդեն զրկվում ես դու «Մարդ» կոչումից:
Սաադիի այս բանաստեղծությունը նաև մաքուր ոսկով գրված է մի իրանական գորգի մեջտեղում, որը թանկարժեք գորգ է և որը գործել է Սպահանից մեծ վարպետ, գորգագործ Մուհամմադ Սեյրաֆյանը: Գորգն ունի 5 մետր երկարություն և 5 մետր լայնություն: Այն գտնվում է ՄԱԿ-ի ամենակարևոր կենտրոններից մեկում, որտեղ տեղի են ունենում բոլոր կարևոր դիվանագիտական հանդիպումները: Գորգը փակցված է սրահի պատին, իսկ բանաստեղծության անգլերեն թարգմանությունն ամրացված է դրա կողքին, որպեսզի յուրաքանչյուր այցելու հիանա իրանական իմաստնությամբ:
Իսկ ինչն է պատճառը որ Սաադիի բանաստեղծություններն այսքան սիրված են: Թերևս այն պատճառով, որ նա խորը ընկալում ունի մարդու և մարդկության մասին: Սաադին ամբողջ աշխարհը տեսած իմաստուն է , ով ճամփորդել է իսլամ աշխարհի արևմուտքից մինչև արևելք` ծանոթանալով տարբեր մշակույթներին: Սաադին իմաստնության ուսուցիչ է: Իմաստնություն, որը հիմնված է մարդասիրության վրա: Թերևս հենց Սաադիի բարոյական ուսմունքներն են կարողացել յուրաքանչյուր մարդու համար դառնալ մարդասիրության օրինակ: Սաադիի ուսմունքների ու գաղափարների խորքը մարդակենտրոնությունն է: Նրա ստեղծագործություններից «Բուսթանն» ու «Գոլեսթանը», ինչպես նաև նրա բանաստեղծությունների ժողովածուն, մարդու մասին են: Հենց այդ պատճառով է թերևս, որ Սաադիի խոսքը համընկնում է յուրաքանչյուր մարդու էության հետ, որ ժամանակում էլ որ լինի:
Սաադիին պետք է տեսնել իր յուրաքանչյուր ստեղծագործության մեջ: Նա իր ստեղծագործություններում սիրո ուսուցիչ է: Մաքուր սերը ներկայացնում է պարզ լեզվով: Այնքան պարզ, որ նման է նույնիսկ արձակի և միևնույն ժամանակ գրավիչ է: Սաադիի գազելները սիրային են, միստիկական շաղախով ու բարոյական ուսումունքների հիման վրա: Այն, ինչը պատճառ է դառնում, որ մարդը հրաժարվի մարդկությունից ու ստորանա, Սաադին ատում է: Նրա գազելը սիրո դրսևորում է իր բոլոր նրբություններով ու վայրիվերումներով: Այս սերը լի է ցավով, կարիքով և ժամանակի ցանկություն չէ, այլ` գոհունակություն: Դա նաև մի բարոյական կարիք է, հանուն որի բանաստեղծի հոգին ու սիրտը մշտապես պատրաստ է զոհվել: Սաադին աշխարհի տարբեր երկրներ է ճամփորդել ու շփվել տարբեր մարդկանց հետ: Այնպիսի մարդկանց, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր հավատալիքները և մեծ փորձ կուտակելով, վերադարձել իր ծննդավայր Շիրազ: Շիրազի գարունը և նրա ծաղիկների բուրմունքն այնքան արբեցրին նրան, որ նա որոշեց արարել մի ծաղկաշատ Բուսթան և մի հաճելի Գոլսեթան: Բուսթան ու Գոլսեթան, որոնց ծաղիկներին մինչև այսօր ոչ մի աշուն չի կարողացել վնասել: Եվ ոչ էլ ժամանակի ընթացքը խամրեցրել է դրանց իմաստը: Սաադին շատ գրականագետների կարծիքով, հասարակական բարեփոխիչ է: Գիտակից ու զարգացած բարեփոխիչ, որին մշտապես մտահոգել են անարդարությունն ու անբարոյականությունը և մարդկային արժեքներին չտրվելը: Սաադիի Գոլեսթանն ու Բուսթանը կարելի է համարել տեսական ու գործնական իմաստնության մի ամբողջ հավաքածու: Սաադին Գոլեսթանում մարդու և հասարակության մասին խոսում է այնպես, որ պիտի լինի: Սաադին համոզված է, որ եթե մարդն ինքն իրեն չճանաչի ինչպես որ կա, չի հասկանա, թե ինչպես պիտի լինի: Գոլեսթանը տարբեր հեքիաթների հավաքածու է: Այն աշխարհի կենդանի պատկերն է յուրաքանչյուր ժամանակաշրջանում: Նա այս գրքում մարդու և նրա աշխարհը ներկայացնում է իր բոլոր թերություններով, առավելություններով և հակասություններով: Սակայն Սաադին միայն դրանով չի սահմանափակվում: Նա ներկայացնում է նաև ցավերը և դրանց բուժումը: Նա սովորեցնում է ճիշտ ապրելու գաղտնիքը: Սաադիի Գոլեսթանը մարդու իրական կյանքի պատկերն է, իսկ Բուսթանը ներկայացնում է այն երազային աշխարհը, որ պետք է լինի, և մարդն ինչպես պետք է ապրի, որի հիքմում ընկած են բարոյական արժեքներ ու սեր: Բուսթանը Սաադիի ճշմարտության աշխարհն է և այնտեղ խոսվում է միայն արդարության մասին: Սաադիի Բուսթանը նրա երազած աշխարհն է, որում տիրում են արդարությունն ու բարությունը մաքրությունն ու մարդկայնությունը: Սաադին Բուսթանում ներկայացնում է մարդու վեհ արժեքը, սովորեցնում, թե ինչպես պետք է համեստություն ցուցաբերի կյանքում, բարություն անի, դաստիարակի: Նա այս գրքում մարդուն հրավիրում է լինել արդար: Սաադիի երազած աշխարհում գոյություն ունի հավատք առ Աստված և մարդը ընթերցելով այս գիրքը, ոգևորվում է, որպեզի փորձի հասնել այն աշխարհին, որ ներկայացնում է Սաադին: Սաադիի յուրաքանչյուր խոսքը բարոյական ու հասարակական պատվիրան է, որ երբեք չի հնանում: 19-րդ դարի բրիտանացի բանաստեղծ Էդվին Առնոլդի համոզմամբ, Սաադին պատկանում է և՛ հին աշխարհին և՛ արդի աշխարհին: Նա թարգմանել է Սաադիի Գոլեսթանից հատվածներ և ասում է, որ այդ գիրքը մեծ խորհուրդ ունի իր մեջ, հավելելով, որ ոչ ոք Սաադիին հետևելուց չի սարսափում և վատ չի զգում: Սաադիի միտքը չի սահմանափակվում ժամանակի ու տարածության մեջ: Նա յուրաքանչյուր մարդու տեսնում է որպես մի մասնիկ, սակայն ասում է, որ փրկվելու լավագույն միջոցը անձնական բարեփոխումն է: Սաադիի ստեղծագործությունների մարդասիրական մտքերը կարելի է տեսնել աշխարհի մեծ գրողների ստեղծագործություններում: Լինեն դրանք պատմագիրներ, բանաստեղծներ, թե փիլիսոփաներ: Նրանք վերցրել են Սաադիի շատ մտքեր ու տարածել արևմտյան գրականության մեջ: Գյութեն, Լաֆորտենը, Էմերսոնը, Վիկտոր Հյուգոն, Մորիս Փարսը, Անդրե Ժիդը և շատ եվրոպացի գրողներ: 18-րդ դարի փիլիսոփաները նույնպես ներշնչվել են Սաադիից, հատկապես նրա ուսմունքներից և եղբայրության, մարդասիրության և նախապաշարումներից զերծ մնալու մտքերից:

Նրանք, որ պայքարում էին իրենց դարի կեղծ հոգևորականների դեմ, Սաադիին իրենց կողքին էին համարում, իրենց ասելով, նրանք պայքարում էին նրանց դեմ, ովքեր գարի էին վաճառում ցորենի փոխարեն: Այն խելացի իմաստուն իշխանը, որի մասին Սաադին խոսում է, նույնն է, ինչի մասին երազում էր Ֆորտեն` իր ժամանակ: Ֆորտեն, ով ապրում էր 1747թ., համարվում է փիլիսոփայական հեքիաթների հիմնադիրը: Նրանից առաջ ոչ ոք փիլիսոփայական հեքիաթներ չէր գրել: Իրականում Սաադին պատճառ դարձավ, որպեսզի Եվրոպայում ստեղծվի նոր գրականություն: Ինչպես որ Ռոքերթը, Մոլանայի ազդեցության տակ եվրոպական ու հատկապես գերմանական գրականության մեջ մտցրեց գազելը, Ֆրանսիացի Վիկտոր Հյուգոն և գերմանացի Գյոթեն իրենց ստեղծագործություններում ներշնչվեցին Սաադիից: Բարբիյե Դոմենարի ասելով. “Սաադին ողջ արևմուտքում այն պատճառով հեղինակություն ձեռք բերեց, քանի որ խոսում է այն մասին, ինչը պահանջում է արդի հասարակությունը: Հեքիաթներ ներկայացնելու նրա մեծ տաղանդը, բարի ու երգիածական ոճը, որով նա ծաղրում է մարդկային հասարակության սխալ կողմերը, այս ամենին քիչ ենք հանդիպում նրա ժամանակակիցների ստեղծագործություններում: Իսկ դա պատճառ է դառնում, որ Սաադին գնահատվի լիարժեքորեն”:
Այսօր Սաադիի օրն է: Թող որ նրա հիշատակը միշտ վառ մնա: