Պայծառ ապագա (26)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք կնոջ դերին ու դիրքին սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում:
Ողջույն Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը: Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի ընթացքում խոսում ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումների մասին՝ Իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։
Իսլամական հեղափոխությունը մեծ ձեռքբերումներ է ունեցել: Այդ ոլորտներից մեկը եղել է այն, որ իրանցի կինը վերականգնել է ինքնությունը և ներկայացել է քաղաքական, սոցիալական, մշակութային, տնտեսական, գիտական, կրթական և գեղարվեստական բոլոր ոլորտներում: Նախորդ հաղորդման ընթացքում անդրադարձանք Իրանի Իսլամական Հանրապետության նորաստեղծ համակարգի կարեւոր փուլերում կանանց արդյունավետ ներկայությանը։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո կանայք դեռ չէին հաղթահարել Փահլավիի ռեժիմի դեմ երկար պայքարի հոգնածությունը, սակայն կրկին ստիպված էին ավելի նոր և արդյունավետ դեր ստանձնել նոր ասպարեզներում՝ ի պաշտպանություն հեղափոխության: Ուստի նրանց պարտքն էր մասնակցել երկրի տարբեր հատվածներում, հատկապես Քուրդիստանում ծագած ճգնաժամերին, սակայն այն, ինչ հեղափոխության հաղթանակից 19 ամիս անց կանանց ավելի հզոր մասնակցությունն էր պահանջում, սրբազան պաշտպանությունն էր։ Այդ ութ տարիների ընթացքում Իրանում տղամարդիկ և կանայք խիզախություն դրսևորեցին: Սադամի ութամյա պարտադրած պատերազմում կանանց տրվեց մարտիկներին հոգեբանական և էմոցիոնալ աջակցություն ցուցաբերելու դերը, որպեսզի խրախուսելով զինվորներին պատերազմը հաջողությամբ ավարտվի։ Պարտադրված պատերազմում իրանցի կանայք ինքնաբուխ ստանձնեցին մարտիկներին բարոյական աջակցություն ցուցաբերելու գործը։ Ինչպես ասել է լուսահոգի Իմամ Խոմեյնին՝ «Ճակատում մեծ սեր ու հոգատարություն դրսևորելով, կանայք շատ օգտակար եղան»: Իրանցի ժողովրդի ութամյա պաշտպանությունը լայնածավալ ագրեսիայի դեմ ցույց տվեց իրանցի կանանց հոգևոր աջակցության բազմաթիվ և միևնույն ժամանակ աննախադեպ տեսարաններ։ Իրանցի մուսուլման քույրերի, կանանց և մայրերի աջակցության այլ դրսևորումներ եղան մարտիկների և զինվորների համար անհրաժեշտ ապրանքների և նյութերի հայթհայթման մեջ: Կանայք իրենց կյանքն ու ունեցվածքը ներդրեցին Իրանի հարավային և արևմտյան ճակատներում Իրաքի հետ 1200 կմ սահմանի երկայնքով նյութական և նյութատեխնիկական աջակցության համար, ստեղծելով բազմաթիվ հիշարժան և անմոռանալի տեսարաններ:
Պարտադրված պատերազմի ժամանակ կանայք հավաքում էին օգնություններ, փաթեթավորում, առաքում և այլ ծառայություններ էին մատուցում մզկիթներում, տներում, դպրոցներում և ցանկացած այլ վայրում: Այս ջանքերն այնքան արժեքավոր և վճռական էին, որ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը պարզ, բայց ոգեշնչող խոսքերով շնորհակալություն հայտնեց նրանց, ասելով.«Երբ ես հեռուստացույցով տեսնում եմ բանակին ու զինված ուժերին ուղեկցող ու աջակցող այս հարգարժան կանանց, այնպես եմ արժևորում նրանց, որ ուրիշ ոչ մեկին չեմ կարող այս կերպ գնահատել։ Նրանք այս ամենն անում են անվերապահորեն և ոչինչ չակնկալելով, այլ նրանք անանուն զինվորներ են, և պետք է ասել, որ ջիհադով են զբաղվում ճակատներում։ Սա աստվածային պարգև է, մենք պետք է գնահատենք այս օրհնությունը և հետևենք այս կանանց ու երեխաներին, ովքեր ներկա են ճակատում և կիսավեր քաղաքներում: Նրանցից պետք է սովորենք իսլամական բարոյականություն, հավատք և ուշադրություն առ Աստված: Պետք է հետևենք այս մարդկանց, որոնք անվերապահորեն ծառայում են երկրին և բոլորիդ: Մենք պետք է բարեփոխենք մեզ»։ Սրբազան պատերազմի ութ տարիների ընթացքում կանանց ակտիվ դերակատարում ունեցող ոլորտներից մեկը վիրավորներին օգնելն էր։ Կլիմայական տարբեր պայմաններ ունեցող և տարբեր աշխարհագրությամբ Իրանի հարավային և արևմտյան սահմանամերձ քաղաքներում, օգնության աշխատանքները կանանց համար ծանր էին, բայց իսլամի և հեղափոխության հանդեպ սիրուց դրդված, տարեց ու երիտասարդ կանայք ավելի հաստատակամ դարձան, այնպես, որ նրանցից շատերը անտեսեցին իրենց ընտանիքների հորդորը՝ և մնացին մարտական գծում՝ բուժելու մարտիկների վերքերը: Նրանցից ոմանք նույնիսկ դասական բուժքույրական կրթություն չէին ստացել, բայց արագորեն այն փոխարինեցին փորձարարական պարապմունքներով և այնպես յուրացրին այդ պարապմունքները, որ կարողացան դառնալ մարտիկների և՛ մարմնի, և՛ հոգու դայակը: Կանայք իրենց երեխաներին, ամուսիններին, եղբայրներին և հայրերին խրախուսում էին մասնակցելու սրբազան պաշտպանությանը: Կանայք յուրօրինակ տոկունություն դրսևորեցին ճակատներում՝ հարազատների և իրենց սիրելիների վիրավորվելու և նահատակվելու լուրը լսելուց հետո, ինչը ոգևորում էր մարտիկներին պատերազմը շարունակելու համար:
Կանանց ուժեղ բարոյականության օրինակները կարելի է տեսնել լուսահոգի Իմամ Խոմեյնիի խոսքերում. «Այն պայմաններում, երբ մայրերի երիտասարդ որդիները նահատակվել են պատերազմում, նրանք ասում են, որ իրենց երիտասարդները նահատակվել են իսլամի ճանապարհին և իրենք դեռ ունեն երիտասարդներ իսլամին նվիրելու համար»: Ուստի զարմանալի չէր, որ Իմամ Խոմեյնիի հետ նահատակների ընտանիքների հանդիպումներից մեկում Խորամշահրի բարբառով մայրը գոչում էր. «Ո՛վ իմամ, Իսլամի ճանապարհին նահատակվել են իմ երեք երիտասարդները և ես էլ զավակ չունեմ իսլամին նվիրելու համար: Թող Աստված ինձ մատաղ անի քեզ համար»:

Իսլամական հեղափոխությունից հետո պարտադրված պատերազմը կանանց համար ստեղծեց մեկ այլ քարոզարշավի տեսարան։ Երբեմն ուղղակի պատերազմում էին, երբեմն էլ, թիկունքում աշխատելով, անմիջական ներկայություն էին պահպանում սրբազան պաշտպանությունում։ Աստիճանաբար, երբ ձգձգվեց պատերազմը, մեծացավ կանանց մատուցած ծառայությունների կարիքը: Այսպիսով, կանայք թիկունքում մեծացրին իրենց ծառայությունները: Նրանք մեկնում էին քաղաքներ և ռազմաճակատներ՝ ռազմիկներին օգնելու և բուժելու համար։ Առջևում և թիկունքում տարբեր ու հրաշալի ձևերով փորձում էին ամրապնդել մարտիկների ոգին։ Իհարկե, ոչ բոլոր պատերազմական ծառայությունները կարող են ամփոփվել մեր թվարկածի մեջ, այլ նաև պետք է ուշադրություն դարձնել այն կանանց աշխատանքին, ովքեր մարտիկների համար գրել են պոեզիա, պատմվածքներ, էպոսներ, ստեղծել են երաժշտություն, ֆիլմեր և թատրոն, պատրաստել են լուրեր և ռեպորտաժներ, լուսանկարներ են արել, նահատակվել, գերեվարվել կամ դարձել վետերաններ։Սրանք ընդամենը մի քանիսն են պատերազմին մատուցած նրանց ծառայություններից։ Այն, ինչ ստիպեց կանանց անհավասար պատերազմում նվազագույն հնարավորություններով օգնել երկրի պաշտպաններին ամենավատ պայմաններում, դա Աստծո և Իմամ Խոմեյնու ճիշտ ուղու հանդեպ հավատն էր:
Պատերազմի հաղթանակի ամենակարեւոր պատճառներից մեկը, անկասկած, կանանց անկեղծ ներկայությունն էր պաշտպանության դաշտում։ Համաձայն պարտադրված պատերազմի նահատակների ցուցակից պատրաստված վիճակագրության՝ Իրանի և Իսլամական հեղափոխության պաշտպանության համար նահատակվել է 6428 կին։ Սրբազան պաշտպանության 8 տարիների ընթացքում ռազմաճակատներ են գործուղվել 22808 կին բուժաշխատող և 2276 կին բժիշկ։ Իրանցի կանայք Իսլամական հեղափոխության պատմության տարբեր ժամանակաշրջաններում, հատկապես Սրբազան պաշտպանության ժամանակ, կարողացել են կատարել իրենց առաքելությունն ու դերը՝ որպես մարտիկներ, աջակիցներ, պատմիչներ և տղամարդկանց քաջալերողներ: Իրանի Իսլամական Հանրապետությունը, ունենալով Իսլամի սկզբնական շրջանում պաշտպանական և մարտական տեսարաններում կանանց մասնակցության մոդել, ութամյա սրբազան պաշտպանության տարիներին կազմակերպեց կանանց մասնակցությունը կարևոր աշխատանքներին: Իրանցի կանայք հիշեցնելով Աստծո վերջին մարգարեի դստեր՝ Հազրաթ Զահրայի և մարգարեի թոռնուհի Հազրաթ Զեյնաբի և իսլամի առաջին տարիներին մյուս կանանց հերոսությունները, սրբազան պաշտպանության ժամանակ կատարեցին իրենց աստվածային և մարդկային պարտքը: Եվ առանց նրանց համբերության, վճռականության, անձնազոհության և օգնության, երբևիցե նման հաղթական դիմադրություն չէր ձևավորվի։