Ընտելանանք (1)
Լավ կյանք ունենալու համար շատ կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը:Երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն՝ ձեր ուզած կյանքին հասնելու համար: «Ընտելանանք» նոր հաղորդաշարի շրջանակներում միասնաբար կփորձենք վատ սովորությունները փոխարինել լավ սովորություններով։
Հարկ է նշել, որ այս հաղորդաշարի շրջանակներում ներկայացվելիք խորհուրդներն ընդհանուր են, և կարող է դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Կարգուկանոնը հաջողության առաջին և ամենակարևոր օրենքն է։ Անձնական կյանքում կազմակերպված լինելը կնպաստի ձեր տարբեր աշխատանքների ավելի լավ ու արդյունավետ իրականացմանը: Կարգուկանոնը նաև հնարավորություն է տալիս ավելի շատ վերահսկել ձեր աշխատանքները: Կարելի է սովորել կարգապահություն և այն ամրապնդել պրակտիկայի միջոցով: Կյանքում կարգուկանոնը ամրապնդելու ամենակարևոր սկզբունքը նոր սովորություններ ձեռք բերելն է, ինչպիսիք են՝ պլանավորելը և ժամանակին դրանք կատարելը: Նոր սովորություններ զարգացնելու և կյանքում կարգուկանոնը բարձրացնելու համար ժամանակ է պահանջվում, բայց երբ ընտելանում եք դրան, կյանքը դառնում է ավելի հաճելի և իր ազդեցությունն է թողնում կյանքի տարբեր ասպեկտների վրա:
Կարգը նշանակում է, որ դուք հետևողական ծրագիր ունեք՝ ձեր պատասխանատվությունների համար: Այս ծրագիրը միայն մտավոր չէ, և անհրաժեշտ է այն հասցնել իրականացման փուլ։ Կարգուկանոնով մարդիկ ունեն որոշակի սովորություններ, որոնք նրանց հնարավորություն են տալիս ապրել իրենց ծրագրերի համաձայն: Անձնական կարգը սահմանելիս ամենակարևորն այն է, որ աշխատանքը կատարվի ճիշտ ժամանակին: Եթե նայենք հաջողակ մարդկանց ապրելակերպին, ապա կտեսնենք որ նրանք իրենց կյանքի յուրաքանչյուր ժամի համար ծրագիր ունեն և ամենայն բծախնդրությամբ կառավարում են առօրյա գործերը: Ժամանակի կառավարումը և հնարավորությունների արդյունավետ օգտագործումը, կյանքի ավելի լավ վերահսկողությունը, ճիշտ պլանավորումը, ինքնավստահությունը, ինքնագնահատականի բարձրացումը, անկախ կյանքը, ուրիշների հետ լավ հարաբերություններ հաստատելը, սթրեսների նվազեցումը և տարբեր առաջադրանքների և աշխատանքին տիրապետելը կյանքում կարգուկանոն հաստատելու մի շարք օգուտներից են:

Իսլամ կրոնում միշտ նկատվում է խրատելու խորհուրդը, այնպես որ իսլամի մեծ մարգարեն և նրա ընտանիքի անդամներն աշխատանքի մեջ կարգուկանոնի և կարգապահության պահպանումը համարել են մարդու կյանքի կարևորագույն հարցերից մեկը։ «Ահլ ալ Բեյթ»-ի՝ մեծ մարգարեի ընտանիքի անդամների կարևորագույն սկզբունքը կարգապահությունն է։ Ինչպես Ալի Էմիրապետն է ասել․ «Ես ձեզ և ձեր բոլոր երեխաներին ու ընտանիքին, և նրան ով ստանում է իմ նամակը, կոչ եմ անում լինել բարեպաշտ և կարգուկանոն պահպանել աշխատանքներում»:
Իսլամում ժամանակի արժեքը այնքանով է, որ Աստված երդվել է դրանով և այաներից մեկում ասել․ «Պետք է վախենալ այն օրվանից, երբ ունայն մարդն ասում է՝ «Վայ ինձ, վայ ինձ,որ Աստծուն հնազանդվելու ճանապարհին թերացա»։

Առանց կարգուկանոնի հնարավոր չէ հաջողություն ունենալ կյանքում։ Կյանքում կարգուկանոն մտցնելու բազմաթիվ եղանակներ կան: Օրինակ՝ կարգուկանոնն ուղղակիորեն կապված է ժամանակի ճիշտ օգտագործման հետ։ Գերզբաղված ու խառնաշփոթ կյանքում մարդիկ ժամանակ չունեն իրենց նպատակներին ու ծրագրերին հասնելու համար։ Ինքներդ ձեզ համար անելիքների ցուցակ կազմեք՝ նպատակներ դրեք և նշեք թե ինչ եք ուզում անել դրանց հասնելու համար: Այս ցանկում պետք է գրվեն կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։


Ունեցեք անելիքների ցանկ և օրացույց, որպեսզի գրանցեք ձեր կարևոր ամենօրյա խնդիրները: Դրանք պետք է մշտապես լինեն ձեր աչքի առաջ, որպեսզի դուք միշտ տեղյակ լինեք դրանց մասին: Դրանցում նշված գործերը մի ձգձգեք և ժամանակին կատարեք դրանք, որոնք կարող են լինել փոքր և մեծ գործեր, ինչպիսին է սենյակի մաքրությունը և ավելի կարևոր աշխատանքները: Գործերի ձգձգումը հանգեցնում է նրան, որ ձեր նախատեսած գործերը կուտակվում են, կյանքի կարգը խախտվում է: Արդյունքում, դուք տառապում եք մեծ սթրեսից:

Ձեր բնակարանն ու աշխատանքային վայրը դասավորված ու կոկիկ պահեք: Դա անելու համար հատուկ տեղ հատկացրեք իրերի համար: Ամեն բան պետք է լինի դասավորված: Սկսելու համար կարող եք ընտրել ձեր տան կամ աշխատավայրի մի մասը և դասավորեք ձեր իրերը: Պլանավորումը միայն մեծ քայլերի և կյանքի նպատակների համար չէ: Եթե ցանկանում եք, որ ձեր կյանքը կարգին լինի, պլանավորեք այնպիսի պարզ գործեր, ինչպիսիք են հագնվելը և ուտելը:

Ավելի կարգապահ լինելու համար դուք պետք է բարձրացնեք ձեր մոտիվացիան: Դա անելու համար դուք կարող եք խրախուսել ինքներդ ձեզ, եթե ինչ-որ գործ եք անում: Շատ զբաղված գրաֆիկը կարող է նաև բարդացնել գործերի ճիշտ կատարումը: Ոմանք կարծում են, որ մյուսները չեն կարողանում ամեն ինչ լավ անել և իրենք են ստանձնում բոլոր պարտականությունները: Որոշ աշխատանքներ ուրիշներին հանձնելով՝ դուք կարող եք ավելի թեթևացնել ձեր առօրյա ծրագիրը, որպեսզի կարողանաք արդյունավետ կերպով կատարել ձեր անձնական աշխատանքները:
Անհրաժեշտ է կարգապահություն պահպանել տարբեր միջավայրերում և բոլոր աշխատանքներում: Եթե կարողանաք անձնական կարգապահություն ունենալ, շատ կօգնեք ձեր ֆիզիկական և հոգեկան առողջությանը և կխուսափեք ցանկացած սթրեսից։ Ժամանակի ընթացքում ձեր մեջ կարգուկանոն հաստատելու համար՝ պետք է սկսել փոքր քայլերից։ Եթե դուք կարողանաք կարգուկանոն ունենալ ձեր կյանքում, վստահ եղեք, որ կհասնեք այն ամենին, ինչ ցանկանում եք, և ձեր հաջողությունը երաշխավորված կլինի։ Բացի այդ, ինքնակարգապահությամբ դուք ինքներդ կհարգեք ձեզ, ինչը կօգնի ձեզ ունենալ ավելի բարձր ինքնագնահատական և ինքնավստահություն:

Հուսանք, որ կկարողանանք կարգապահություն մտցնել մեր առօրյա կյանքում:
Մինչ նոր հանդիպում Տերն ընդ Ձեզ: