Ամուլսարը ԱՄՆ-ի ամենամեծ և կնճռոտ խնդիրն է տարածաշրջանում. ՀՀ ԱԳ փոխնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i107089-Ամուլսարը_ԱՄՆ_ի_ամենամեծ_և_կնճռոտ_խնդիրն_է_տարածաշրջանում._ՀՀ_ԱԳ_փոխնախարար
Երևանում տեղի կունենա Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստը, հայկական միջգերատեսչական խումբը կղեկավարի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2019 03:56 Asia/Tehran
  • Ամուլսարը ԱՄՆ-ի ամենամեծ և կնճռոտ խնդիրն է տարածաշրջանում. ՀՀ ԱԳ փոխնախարար

Երևանում տեղի կունենա Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստը, հայկական միջգերատեսչական խումբը կղեկավարի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում Գ. Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին է՝ ներկայացուցչական բավականին մեծ կազմով և փոփոխված ձևաչափով: «Ռազմավարական երկխոսության ձևաչափը մեզ թույլ է տալիս արդեն որպես գործընկերներ և ոչ թե որպես նվիրատու և ընդունող երկիր խոսել համաշխարհային քաղաքական խնդիրների, տարաբնույթ հարցերի շուրջ»,- նշեց մեր զրուցակիցը:

Գ. Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Վաշինգթոնը չի շտապում գանահատել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի կարծիքով՝ ԱՄՆ-ում մենք լոբբինգ չունենք:

Հաշվի առնելով երկարամյա դիվանագիտական աշխատանքը ԱՄՆ-ում, Ամուլսարի խնդիրն ինչպիսի՞ խնդիր է ԱՄՆ-ի համար. անդրադառնալով այս հարցին՝ Գ. Հովհաննիսյանն ընդգծեց. «Ամուլսարի խնդիրը ԱՄՆ ամենամեծ և ամենակնճռոտ խնդիրն է տարածաշրջանում, որովհետև սա անմիջապես վերաբերում է Միացյալ նահանգների բիզնեսին, իսկ Միացյալ Նահանգները բիզնեսի երկիր է, որտեղ բիզնես շահերը ավանդաբար գերակա դիրքում են, և ցանկացած ադմինիստրացիա իր գլխավոր գործառույթներից մեկը համարում է ամերիկյան բիզնեսի պաշտպանությունը և առաջխաղացումը: Այս առումով Ամուլսարը բավականին մեծ խնդիր է: Ամերիկյան կառավարությունը բավականին համբերատար և ըմբռնումով է մոտենում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, որովհետև ազատականացման, ժողովրդի կամքի դրսևորման պայմաններում կառավարությունը չի կարող հաշվի չնստել հանրության բավականին ազդեցիկ մի մասի կարծքի հետ: Բայց հուսով եմ, որ խնդիրը հանգուցալուծում կունենա, այս պահին բավականին կնճռոտ խնդիր է մեր օրակարգում: Փորձագիտական նոր գնահատական է ակնկալվում առաջիկայում, հուսով եմ, որ այն սպառիչ պատասխան կտա թե՛ մեզ, թե՛ ամերիկյան կողմին, և կկարողանանք բարեկամական, գործընկերային հունի մեջ լուծել այս տարաձայնությունը:

1in.am