Ռադիոյի օրը վարչապետ Փաշինյանն անակնկալ այցելեց Հանրային ռադիո
https://parstoday.ir/hy/news/armenia-i107108-Ռադիոյի_օրը_վարչապետ_Փաշինյանն_անակնկալ_այցելեց_Հանրային_ռադիո
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռադիոյի միջազգային օրվա առիթով անակնկալ այցելեց Հայաստանի Հանրային ռադիո:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2019 12:16 Asia/Tehran
  • Ռադիոյի օրը վարչապետ Փաշինյանն անակնկալ այցելեց Հանրային ռադիո

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռադիոյի միջազգային օրվա առիթով անակնկալ այցելեց Հայաստանի Հանրային ռադիո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով վարչապետն իր այցը որակեց սիմվոլիկ՝ որպես «վերադարձ Հանրային ռադիո»: «Նախ թույլ տվեք շնորհավորել ռադիոյի աշխատողներին, ռադիոլսողներին օրվա առիթով և մաղթել նրանց հաջողություններ: Հույս ունեմ, որ այս լրատվական նոր իրավիճակում ռադիոն ամուր կպահպանի իր դիրքերը: Պատգամավոր եղած տարիներին Հանրային ռադիոյի ակտիվ ունկնդիր եմ եղել և հատկապես ունկնդրել եմ ռադիոյի ոսկե ֆոնդի հաղորդումները, և ես հույս ունեմ, որ լավագույն ավանդույթները կշարունակվեն և Հանրային ռադիոն կդառնա մեր հանրային քաղաքական կյանքի նոր պայմաններին համապատասխանող լրատվամիջոց: Ես այսօր մասնակցեցի շենքի դռներից մեկի նորոգման արարողությանն ու այն, ինչ ռադիո նախորդ ներխուժման ժամանակ (2018թ. ապրիլի 14-ին «թավշյա հեղափոխության» օրերին Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները մտել էին Հանրային ռադիոյի շենք-խմբ.) չէր հաջողվել՝ հանդես եկա ուղիղ եթերում»,-ասաց նա:

ՀՀ վարչապետը շրջեց շենքով, ապա ուղիղ եթերի տաղավարից վերհիշեց իր նախորդ այցելությունը Հանրային ռադիո: «Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և շատ ուրախ եմ, որ այսպիսի պայմաններում եմ այցելել: Ես այն ժամանակ մի քանի անգամ ներողություն եմ խնդրել, բայց այսօր էլ ներողություն եմ խնդրում բոլոր այն աշխատողներից, ովքեր այդ օրվա համար որևէ անհանգստություն են ունեցել: Հույս ունեմ, որ մենք բոլորս արձանագրում ենք, որ դա քաղաքացիական քայլ էր և որը կարճաժամկետ առումով արդարացրեց իրեն, հուսով եմ, որ երկարաժամկետ առումով ևս կարդարացնի»,-հավելեց նա:

Վարչապետն ուղիղ եթերն ավարտեց վերջերս ընտրված Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավար Արա Շիրինյանի աշխատասենյակում՝ ևս մեկ անգամ հաջողություն մաղթելով ռադիոյի աշխատակիցներին օրվա առիթով:

Մայիսի 7-ը Ռադիոյի միջազգային օրն է: Հենց այս օրը 1895 թվականին ռուս  ֆիզիկոս Ալեքսանդր  Պոպովը  հանրությանը  ներկայացրեց  իր  զեկույցն  ու  իր  ստեղծած  աշխարհում  առաջին ռոդիոսարքավորումը՝ իրականացնելով առաջին ռադիոկապը: 1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը:

Armenpress.am