«Հրապարակ». Եվրոպական հանձնաժողովը դադարել է աշխատել հայերի հետ
Եվրոպական հանձնաժողովը դադարել է աշխատել հայերի հետ
«Ուշադիր հետևելով Եվրոպայի միության հաստատություններից մեկի՝ Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրություններին, նկատել ենք, որ երկու տարուց ավելի է, ինչ այս կազմակերպությունը Հայաստանի հասարակական կազմակերպությունների (ՀԿ) համար այլևս մարդու իրավունքների գծով դրամաշնորհների մրցույթներ չի հայտարարում և գրանտներ չի տրամադրում հայկական կազմակերպություններին:
Տարեկան Եվրոպական միությունը միլիարդների հասնող նվիրատվություններ է բաժանում աշխարհի տարբեր պետություններում, որոնց բաշխումն իրականացնում է ԵՄ բարձրագույն գործադիր մարմինը:
ՀԿ-ները, որոնք նախորդ տարիներին ակտիվորեն աշխատել են Եվրահանձնաժողովի հետ՝ Հայաստանում մարդու իրավունքների զարգացմանը միտված ծրագրերի շրջանակում, նոր հայտարարությունների են սպասում, որոնք չկան ու չկան: Վերջինը եղել է մոտ երեք տարի առաջ: ԵՄ ֆեյսբուքյան էջին այս կազմակերպության վերջին գրառումը եղել է 2015 թվականի ապրիլի 28-ին: Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ հավելյալ 295 միլիոն եվրո է ներդնում «Հարևանության ներդրումային գործիքի» միջոցով:
2012-2015 թվականներին էլ «Հավասար իրավունքներ և հնարավորություններ» նախագծի շրջանակներում Եվրահանձնաժողովը 525 հազար եվրոյի գրանտներ է բաժանել կանանց դերը ժողովրդավարության մեջ բարձրացնող ՀԿ-ներին:
Այս տևական դադարը հասարակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչները հակված են բացատրել Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարների հափշտակություններով, որոնց շուրջ 2016 թվականին քրեական գործ հարուցվեց: Այդ ժամանակ կալանավորվեցին և դատապարտվեցին ԵՄ գրասենյակի աշխատակիցներ ու ՀԿ-ների ղեկավարներ: Քրեական սկանդալից հետո պատվիրակության գրասենյակն ամբողջությամբ փոխեց կազմը, ազատվեց տեղացիներից: Այժմ գրասենյակի աշխատակիցները արտասահմանցիներ են, բացառությամբ մամուլի պատասխանատուի: Բայց հայաստանյան ՀԿ-ների հետ աշխատանքը Եվրահանձնաժողովը պասիվացրել էր մինչև քրեական գործի հարուցումը»,-գրում է թերթը:
Tert.am