Լոռու մարզում մեկնարկում է «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոն»-ը
ՀՀ Լոռու մարզում մայիսի 9-ին մեկնարկում է «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոն»-ը:
Այն անցկացնում է «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացում» մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացում» մշակութային հիմնադրամից, փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 600 հայտ աշխարհի 65 երկրից:Փառատոնի նպատակն է՝ նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկրյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:Փառատոնը բաղկացած է լինելու՝ միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից, ուր մրցանակներ կշնորհվեն 12 անվանակարգերում: Փառատոնի ցուցադրություններն անցկացվելու են Հաղպատում, Դեբետում, Վանաձորում, Սպիտակում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու հեղինակավոր միջազգային կինոփառատոնների մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:Օրակարգը բավական հագեցած է, փառատոնի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ վարպետության դասեր,ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ: Փառատոնի ծրագրի և միջոցառումների վերաբերյալ մանրամասներ ներկայացված են www.ysff.am կայքէջում: Փառատոնը կանցկացվի մինչև մայիսի 13-ը:
armenpress.am