Նիկոլ Փաշինյանը զորամասում ճաշել է զինծառայողների հետ, ծանոթացել նոր սննդակարգին
https://parstoday.ir/hy/news/armenia-i109599-Նիկոլ_Փաշինյանը_զորամասում_ճաշել_է_զինծառայողների_հետ_ծանոթացել_նոր_սննդակարգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի N զորամաս: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է զորամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև հանդիպել զինծառայողներին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 20, 2019 08:18 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը զորամասում ճաշել է զինծառայողների հետ, ծանոթացել նոր սննդակարգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 19-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզի N զորամաս: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է զորամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, այնուհետև հանդիպել զինծառայողներին:

Վարչապետը նշել է, որ այժմ Պաշտպանության նախարարությունը փորձարկում է պետական-մասնավոր գործընկերությամբ զորամասերում զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: «Եկել ենք տեղում տեսնելու, թե ինչպես է գործընթացն աշխատում»,- ասել է վարչապետը:

Ողջունելով զինծառայողներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սիրելի կուրսանտներ, ձեր կյանքում, թերևս, սկսում է ամենակարևոր շրջաններից մեկը, երբ դուք ծառայության եք անցնում հայրենիքին: Ես համոզված եմ՝ ձեր ծնողները, հարազատները ձեզ ծառայության ճանապարհելուց առաջ հորդորներ են տվել և այդ հորդորներից կարևորագույնը, թերևս, եղել է պատվով ծառայել, լավ ծառայել հայրենիքին: Ես ուզում եմ, բացի այն ընդհանուր շրջանակը, որի մասին սովորաբար ասվում է, այս առիթն օգտագործել՝ գծագրելու այն բովանդակությունը, որը պիտի գործնականում նշանակի լավ ծառայել հայրենիքին:

Եվ, հատկապես, որ գտնվում ենք ուսումնական զորամասում, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ հնարավորության վրա. ի՞նչն է մեր զինվորի, ընդհանրապես, ժամկետային զինվորական ծառայության անցնող զինվորի երկտարյա ծառայության կարևորագույն գործերից մեկը: Զինվորը մտնում է ուսումնական զորամաս և ըստ էության, հիմնական բովանդակությունն այն է, որ նա այստեղ պետք է սովորի զինվորական գործ: Սա նշանակում է, որ բանակում՝ հատկապես ուսումնական զորամասում, մեր զինվորները ստանում են բազմաթիվ նոր գիտելիքներ, սովորում են բազմաթիվ նոր հմտություններ, որոնք մեծ հաշվով ձեզ ամբողջ կյանքում կարող են ուղեկցել, անկախ նրանից, դուք հետագայում զինվորական գործով կզբաղվեք, թե՝ ոչ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Սա ձեզ համար մեծ շանս է սովորել ինչ է մարտավարությունը, ինչ է ռազմավարությունը: Ռազմավարական ու մարտավարական մտածողությունը միայն զինվորական գործում կիրառվող հմտություն չէ, որովհետև մեր ամբողջ կյանքը, գործունեությունն, անկախ նրանից զինվորական է, քաղաքացիական, թե որևէ այլ գործ, մեր ամբողջ կյանքը կառուցված է մարտավարական և ռազմավարական որոշումներ կայացնելու հմտություններից, իրավիճակը գնահատելու հմտությունից, իրավիճակում կողմնորոշվելու հմտությունից: Սրանք են այն հենասյուները, որոնց վրա կառուցվում է զինվորական գործը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ զինվորական ծառայության ընթացքում զինվորների ձեռք բերած հմտությունները նրանց պետք է օգնեն ողջ կյանքի ընթացքում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստը, հաղթելու հմտությունը: «Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի մեջ կա հաղթողի տաղանդը և զինված ուժերը պետք է կարողանան օգնել ձեզ, որպեսզի ձեր մեջ այդ տաղանդը բացահայտվի: Եվս մեկ նկատառում. կարծում եմ, որ մենք նաև քաղաքական մակարդակում այսպիսի խնդիր պետք է դնենք մեր առաջ և ասենք, այո, Հայաստանի բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց այս խնդիրը լուծելու համար ես ճանապարհը տեսնում եմ հետևյալ կերպ. Հայոց բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ բանակը: Որպեսզի սա լինի՝ հայ հանրությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ հանրությունը, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի տարածաշրջանի ամենաինտելեկտուալ պետությունը: Եվ մենք պետք է ամենօրյա կյանքում կարողանանք ճշգրիտ մարտավարական, ռազմավարական որոշումներ կայացնել, ճշգրիտ գնահատել իրադրությունը և կայացնել ճշգրիտ ու ժամանակին որոշումներ»,- նշել է կառավարության ղեկավարը:

 

tert.am