ՀՀ-ն ու Ուրուգվայը քննարկում են առողջապահության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110393-ՀՀ_ն_ու_Ուրուգվայը_քննարկում_են_առողջապահության_ոլորտում_համագործակցությունն_ընդլայնելու_հարցը
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռեզենբրոքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2019 06:52 Asia/Tehran
  • ՀՀ-ն ու Ուրուգվայը քննարկում են առողջապահության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հարցը

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռեզենբրոքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները: 2002 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում մի շարք խնդիրներից մեկն էլ ծխախոտի վերահսկումն է:

Լենա Նանուշյանը նշել է, որ ուսումնասիրվել է ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձը, որից ելնելով մեր երկրում մշակվում է նոր քաղաքականություն: Հաշվի առնելով այս ոլորտում Ուրուգվայի արդյունքը` փոխնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանում ևս այն իրականություն կդառնա և կունենա դրական ազդեցություն:

Էդուարդո Ռեզենբրոքը փաստել է, որ Ուրուգվայի նախագահը մասնագիտությամբ լինելով ուռուցքաբան, շատ ճիշտ գնահատել է քաղցկեղի հիվանդացության ռիսկի գործոնները: Քաղաքական կամք դրսևորելով` իրականացրել է ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ միջոցառումներ` ուղղված բնակչության առողջության պահպանմանը:

Նա նաև նշել է, որ 2002 թվականին ստորագրված հուշագիրն ամբողջովին կյանքի չի կոչվել և այսուհետև ակտիվորեն պետք է համատեղ աշխատել` հատկապես ծխախոտի հսկողությունն ապահովելու համար:

«Մենք ականատես լինելով քաղցկեղի հիվանդացության դեպքերի աճին, կարևորելով բնակչության առողջության պահպանումը` ուզում ենք օգտագործել այլ երկրների փորձը, որպես օրինակ, որ մենք նույնպես կարող ենք փոփոխություններ իրականացնել, որոնք ազդեցություն կթողնեն երկրի վրա», - ասել է նախարարի տեղակալը:

Կողմերը ցանկություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը նաև այլ հարցերի շուրջ, ինչպես օրինակ` հաստ աղիքի քաղցկեղի սկրինինգները և կանխարգելումը, նորածինների մահացության մակարդակի նվազեցումը և այլն:

Armenpress.am