Ամերիկյան օդանավակայանն ամբողջովին անցել է արևային էներգիայի
ԱՄՆ Թենեսի նահանգի Չաթանուգա օդանավակայանը սկսել է գործել բացառապես արևային էներգիայով, գրում է Big think-ը:
Օդանավակայանի լիցքավորման համար 2.74 մեգավատ հզորությամբ հատուկ արևային ֆերմա է կառուցվել, որն ընդգրկում է մոտավորապես 16 ֆուտբոլի դաշտի հավասար տարածք: Համակարգը բավականաչափ էլեկտրաէներգիա է արտադրում մոտ 160.000 լամպի համար: Այս էներգիան կուտակվում է մարտկոցներում, ինչը հնարավորություն է տալիս էլեկտրաէներգիա արտադրել նույնիսկ առանց արևի մշտական լույսի:
«Մենք հպարտ ենք, որ մեր տարածաշրջանի այլ օդանավակայանների և ձեռնարկությունների համար էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման օրինակ ենք ծառայում»,- հայտարարել է Չաթանուգա օդանավակայանի նախագահ և գործադիր տնօրեն Թերի Հարթը:
Չաթանուգան միակ օդանավակայանը չէ, որը գործում է բացառապես արևային էներգիայով: 2015-ին առաջինը եղել է Հնդկաստանի Քոչին օդանավակայանը, որտեղ 29.5 մեգավատ արևային էներգիա է արտադրվում՝ տարեկան 10 միլիոն ուղևոր սպասարկելու համար: Իսկ Գալապագոսում Սեյմուր օդանավակայանը սնուցվում է քամու և արևային էներգիայով:
1in.am