Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի օր
https://parstoday.ir/hy/news/armenia-i111374-Ամուլսարի_պաշտպանները_սեպտեմբերի_20_ը_հռչակեցին_բնապահպանական_մոբիլիզացիայի_օր
Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում ընթացող ակցիայի մասնակիցները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2019 05:22 Asia/Tehran
  •  Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի օր

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում ընթացող ակցիայի մասնակիցները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր։

Հիշեցնենք, որ հենց սեպտեմբերի 20-ին են Ջերմուկի բնակիչները եւ Ամուլսարի պաշտպանները նշանակել երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։

Ակտիվիստ Աննա Շահբազյանը կառավարության լուսամուտների տակ տեղի ունեցած ինքնաբուխ միտինգի ժամանակ հայտարարեց, որ կառավարությունն անգործության է մատնված, իսկ հանքավայրի շահագործումն արգելելու իրավական հիմքերի բացակայության մասին հայտարարությունները քննադատության չեն դիմանում։

Ցույցի մասնակիցները իշխանություններին կոչ արեցին հարցը չձգձգել եւ չհովանավորել մասնավոր ընկերությանը։ Ակտիվիստի խոսքերով, բնապահպանության նախարարության եզրակացությունը ինքնըստինքյան հիմնավորում է դրա համար։ «Մենք Երեւանում սատարում ենք ջերմուկցիներին։ Վստահ ենք, որ բոլոր մարզերում բնակիչները սատարում են, եւ Ամուլսարը սար կմնա»,- նշեց նա։

Ցույցի մասնակիցները սեպտեմբերի 20-ը հռչակեցին բնապահպանական մոբիլիզացիայի օր եւ բոլոր քաղաքացիներին կոչ արեցին պատրաստվել զանազան ակցիաների, ինքնակազմակերպվել եւ դուրս գալ փողոցներ, պայքարել բնապահպանական արդարության համար․ ով չի կարող փողոց դուրս գալ, թող ի պաշտպանություն Ամուլսարի դրոշ կախի։

News.am