Մեր ժառանգությունը չի ճանաչում ժամանակային սահմաններ. ՀՀ ԱԳ նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i111463-Մեր_ժառանգությունը_չի_ճանաչում_ժամանակային_սահմաններ._ՀՀ_ԱԳ_նախարար
Հայ ժողովրդի ժառանգությունն իրականում ժամանակից վեր է, այն չի ճանաչում ժամանակային սահմաններ, այն ազգային է, համամարդկային, ժամանակակից և միաժամանակ ունի խորը արմատներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2019 04:22 Asia/Tehran
  • Մեր ժառանգությունը չի ճանաչում ժամանակային սահմաններ. ՀՀ ԱԳ նախարար

Հայ ժողովրդի ժառանգությունն իրականում ժամանակից վեր է, այն չի ճանաչում ժամանակային սահմաններ, այն ազգային է, համամարդկային, ժամանակակից և միաժամանակ ունի խորը արմատներ:

Սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին այս մասին իր խոսքում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ողջունելով հյուրերին և ներկայացնելով «մշակութային երկխոսություն» նախաձեռնության խորհուրդը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց, որ այն իր մեջ ներառում է մեր մտավոր, հոգևոր, քաղաքակրթական, մշակութային խորը արմատներով այն հարուստ ժառանգությունը, որն արտահայտում է մեզ՝ որպես իր ինքնությունը հպարտորեն պահպանող մի ժողովուրդ։

«Եվ ծնվեց այս գաղափարը, որ մեր ժառանգությունն իրականում ժամանակից վեր է, այն չի ճանաչում ժամանակային սահմաններ, այն ազգային է, համամարդկային, ժամանակակից և միաժամանակ ունի խորը արմատներ։ Պատմության խորքից եկող մեր երաժշտությունն այսօր ունի նույն հնչողությունը՝ համահունչ մեր ժամանակներին։ Այդ պատգամն ավելի ուժեղ է դառնում, երբ մենք միաձուլում ենք այս համերգը մեր ժառանգության լավագույն օջախում՝ Գեղարդի վանական համալիրում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է նախարարը:

Բազմաթիվ հյուրերի առջև հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտության ժամանակակից մեկնաբանությամբ կատարումներով հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը և այլ երաժիշտներ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչներ:

Armenpress.am