Վարչապետը խոսեց. հարցը վերջնականապես կարող են փակել իրավապահները
https://parstoday.ir/hy/news/armenia-i116050-Վարչապետը_խոսեց._հարցը_վերջնականապես_կարող_են_փակել_իրավապահները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է օրեր շարունակ հանրային ամենաքննարկվող հարցերից մեկին՝ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին, դրա հետ կապված հարցադրումներին, մասնավորապես կառավարության և հատկապես իր վերաբերմունքի առումով, ցավակցել-չցավակցելու թեմայի առիթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2020 06:25 Asia/Tehran
  • Վարչապետը խոսեց. հարցը վերջնականապես կարող են փակել իրավապահները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է օրեր շարունակ հանրային ամենաքննարկվող հարցերից մեկին՝ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին, դրա հետ կապված հարցադրումներին, մասնավորապես կառավարության և հատկապես իր վերաբերմունքի առումով, ցավակցել-չցավակցելու թեմայի առիթով:

Նիկոլ Փաշինյանը շատ չի ծավալվել՝ ասելով, որ անտեղի է համարում այդ թեմայի քննարկումն ու շահարկումները: Միաժամանակ Փաշինյանը արել է մի քանի ուշագրավ ակնարկ: Մասնավորապես, նա խոսել է այն մասին, որ, իր կարծիքով, կատարվող քննության միջոցով իրականությունը բացահայտելու ամենաշահագրգիռ կողմը պետք է լինի Կուտոյանների ընտանիքը, հարազատները, և նրանք պետք է լիարժեք գործակցեն քննության հետ բոլոր հարցերի պատասխանը ստանալու համար:

Իր հերթին, ըստ Փաշինյանի, կառավարությունը երաշխավորում է, որ բոլոր լծակները կօգտագործվեն դեպքի բացահայտումն իրականացնելու համար: Վարչապետ Փաշինյանի «հղումը» Կուտոյանների ընտանիքին, մի կողմից, միանգամայն բնական ու տրամաբանական է՝ ցանկացած դեպքում որևէ անձի մահվան հանգամանքների բացահայտման հարցում ամենից շահագրգիռը պետք է լինեն նրա ընտանիքն ու հարազատները: Մյուս կողմից, վարչապետի այդ հիշեցումը թերևս կարող էր պարունակել նաև ակնարկ այն մասին, որ Կուտոյանի շուրջ ծավալված իրադարձությունները, այդուհանդերձ, որոշակիորեն ծանոթ են եղել ընտանիքին, իհարկե, ամենևին ոչ այդօրինակ ողբերգական վախճանի հեռանկարով, ու այդ իմաստով քննության հետ լիարժեք գործակցությունը էապես կարևոր է գործի լիարժեք բացահայտման համար: Անշուշտ, այստեղ թերևս պետք է նկատի ունենալ նաև մի հանգամանք՝ ընտանիքի լիարժեք գործակցությունը կարևոր, անհրաժեշտ, սակայն, անկասկած, հազիվ թե ամբողջապես բավարար պայման է գործի բացահայտման համար, և անշուշտ պետք է այս դեպքում էլ անել այնպես, որպեսզի այժմ էլ շահարկումների առիթ չդառնա այն, թե ընտանիքը բավարար չի գործակցում, և այդ իսկ պատճառով չկա լիարժեք բացահայտում:

Իսկ այն, որ Հայաստանում կա ցանկացած պարագա՝ առանց որևէ խտրության և առանց միջոցների և առիթների միջև ընտրության, օգտագործել որևէ նպատակով նենգափոխելու և շահարկելու պատրաստ շատ շրջանակներ, թերևս կասկածից վեր է որևէ մեկի համար: Միաժամանակ, վարչապետի անդրադարձում հատկանշական էր հիշեցումը, որ նույն արձագանքներն ու կառավարության հանդեպ, այսպես ասած, պահանջները չեղան նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան առիթով: Այդ հիշեցմամբ Նիկոլ Փաշինյանն անշուշտ ակնարկում էր, որ այդ ամենը լայնորեն օգտագործած ուժերի համար մարդու՝ տվյալ դեպքում նախկին իշխանությունում բարձրաստիճան ուժային պաշտոն զբաղեցրած որևէ մարդու կյանքը կամ հիշատակը չէ, որ որևէ արժեք ուներ կամ ունի, այլ գին ունի մահվան հանգամանքը՝ ըստ անհրաժեշտության շահարկելը, տվյալ պարագայում՝ ըստ նպատակահարմարության:

Հայկ Հարությունյանի պարագան շահարկելը այդքան էլ շահեկան չէր, իսկ ահա Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքը այլ է, քանի որ երկու անձի հիշատակի հանդեպ էլ, ամենայն հարգանքով հանդերձ, Գեորգի Կուտոյանը հանրության շրջանում՝ անկախ քաղաքական հայացքներից և դիրքավորումներից, որոշակի համակրանք ունեցող անձ էր և, ըստ այդմ, նրա մահվան հանգամանքը քաղաքական նկատառումներով քարոզչական շահարկման ենթարկելը մի շարք շրջանակների համար, անշուշտ, կթվար առավել շահեկան: Փաշինյանը մատնացույց է արել ԱԱԾ նախկին պետի մահվան առիթով, նրա հանդեպ կառավարական հարգանքի բավականին ընդգծված դրսևորումները, հայտարարելով այդ թեման փակելու անհրաժեշտության մասին: Միով բանիվ, խնդիրը ողբերգությունից հետո իրավապահների տիրույթում է, և այստեղ, մի կողմից, համազգեստի պատվի հարց է՝ բացահայտել ԱԱԾ ղեկավարի ինքնասպանության հանգամանքը ամբողջությամբ, և միաժամանակ նաև պետության անվտանգության հարց: Երկու այդ հարցերը սպասում են առավելագույնս շտապ պատասխանի: Ի վերջո, բոլոր հարցերը վերջնականապես փակել կարող են իրավապահները:

1in.am