Նրանք պետական դավաճանություն են կազմակերպում. Փաշինյանի հրաժարականը կարող է պահանջել միայն ժողովուրդը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է պահանջել միայն ժողովուրդը։ Իսկ այն մարդիկ, ովքեր մերժված են ժողովրդի կողմից, իրենք չեն կարող նման պահանջ ներկայացնել։
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ, «Ազատամարտիկների դաշինք»-ի խորհրդի անդամ, ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կողմից կառավարության 100 տոկոսի հրաժարականի պահանջի մասին հայտարարություններին։
«Եթե ժողովուրդը դուրս գա, պահանջի, որ Նիկոլը հրաժարական տա, Փաշինյանը մեկ րոպե չի կանգնի։ Ես համոզված եմ, որ միանգամից հրաժարական կտա։ Թող այդ մարդիկ ժողովրդի հետ աշխատեն, ժողովրդին ոտքի հանեն։ Կարո՞ղ են անել։ Ժողովուրդը հազիվ է դրանցից պրծել, հազիվ է ազատվել»,- շեշտեց Գագիկ Մելքոնյանը։ Նրա խոսքով՝ հիմա ինչքան էլ ժողովրդի վիճակը ծանր է, հատկապես վիրուսի հետ կապված, միևնույն է՝ նրանք չեն ցանկանա նախկինների վերադարձը։
«Իրենք անընդհատ ուզում են հետ պտտել, բայց չեն կարողանում։ Նոր ուժեր են սարքում, նոր կուսակցություններ են սարքում, բայց նույնն են իրենք, ոչ մի բանով փոխված չեն։ Նույն մարդիկ են, նոր կուսակցություն են բացել, ուզում են ժողովրդի աչքին թոզ փչել։ Չեն կարող։ Ժողովուրդը լավ տեսնում է, լավ հասկանում է։ Ժողովուրդը հիմա հասկանում է, մտնում Նիկոլ Փաշինյանի դրության մեջ։ Չորս կողմից հարձակվում են։ Այդ մարդու վիճակը հիմա ծանր է, բոլորս էլ տեսնում ենք։ Բայց ինքը պետք է քայլեր անի, որպեսզի այս վայրահաչությունները դադարեցվեն»,- ընդգծեց ազատամարտիկը։
Ի՞նչ քայլերի մասին է խոսքը՝ հարցրինք Մելքոնյանին։ Ի՞նչ պետք է անի Փաշինյանը, որպեսզի այս իրավիճակը չվերածվի մեծամասշտաբ բողոքի ալիքի՝ Ծառուկյանի կողմից օգտագործվելով ռեսուրսները։ «Ծառուկյանը ռեսուրս ունի, բայց այն ռեսուրսը չէ։ Դա կարող է միանգամից փոխվել։ Ժողովրդին հարցրեք՝ Ծառուկյանի հայտարարությունը ոնց են ընդունել։ Փող են տալիս ժողովրդի էդ մի մասին, ինչպես առաջ էին ծախվում, նույնն էլ հիմա։ Նույն ծախվածները հանուն փողի մեկ-երկու բառ են խոսում։ Ես կարող եմ ասել, որ նրանք պետական դավաճանություն են կազմակերպում։ Իրենք եղել են իշխանության մեջ։ Ի՞նչ են արել այս երկրի, ժողովրդի համար։ Թող ասեն՝ սա ենք արել, նա ենք արել, իրենց գրպանի վնասով։ Ոչ թե մի բան արել են, 10 անգամ ավելի օգտվել են։ Երբ իրենք արել են, 10 տոկոսը տվել են ժողովրդին, 90 տոկոսը իրենց են պահել։ Ինչի՞, ժողովուրդը չի՞ տեսնում, չի՞ հասկանում։ Բոլորն էլ իրենց կաշվի վրա զգացել են դա։ Իսկ սրանք, որ հիմա հրահրում են… ի՞նչ է նշանակում»,- վրդովված նշեց ազատամարտիկը, ապա հիշելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունը, որ եթե ինքը Ալիևի տեղը լիներ, 3-4 ամիս հետո կհարձակվեր Հայաստանի վրա, ասաց. «Եթե դու լինեիր Ալիևի տեղը, կկզեիր ամբողջ հայ ժողովրդի դեմ, կզած ման կգայիք։ Հերիք եղավ, բոլ եղավ»։
Գագիկ Մելքոնյանը համոզված է՝ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը պահանջող ուժերը փորձում են օգտվել կորոնավիրուսային համավարակով ստեղծված այս լարված իրավիճակից, իրենց քաղաքական շահերն են առաջ մղում ու պայքարում նախկին ռեժիմի վերադարձի համար։ «Ամբողջ աշխարհում կա այս վիրուսը, հո միայն Հայաստանում չէ։ Ինչ սկսել է վիրուսը, հայտարարում են՝ ժողովուրդ, մի հավաքվեք, մի շփվեք իրար հետ, ո՞վ է անում, չեն անում։ Դրա համար էլ այս վիճակն է։ Դուք ով եք, որ ժողովրդի անունից եք խոսում։ Ժողովուրդը ձեզ ուզո՞ւմ է տեսնել, որ մի հատ էլ ժողովրդի անունից խոսում եք»,- ասաց մեր զրուցակիցը։
Դաշինքի անդամ Գագիկ Մելքոնյանը նշեց, որ իրենց դաշինքի անդամ ազատամարտիկները, իր մարտական ընկերները կիսում են այս կարծիքը։ «Մենք այս կարծիքին ենք։ Մենք կանգնած ենք պետության ու պետականության կողքին։ Մենք անհատների կողքին չենք։ Մենք կանգնած ենք մեր ժողովրդի կողքին։ Մեր երկրի համար մենք կյանք ենք տվել, մինչև վերջ էլ տալու ենք։ Ղարաբաղում էլ ընտրություններ եղան, նոր նախագահ, նոր իշխանություն։ Հիմա տեսնելու ենք, թե ինչքան լավ բան է լինելու այնտեղ։ Ու այդ ամեն ինչը գալու է Հայաստան։ Առաջ վատն է եկել, հիմա այնտեղից լավն է գալու, համերաշխությունը, միասնությունը։ Դա ենք սովորելու այնտեղից։ Ոչ թե պառակտում։ Տասնյակ տարիներով պառակտում ենք այնտեղից ստացել։ Հիմա միասնություն կստանանք ու կկարողանանք մեր հակառակորդի դեմ տղամարդավարի կանգնել ու թելադրել»,- իր խոսքն ամփոփեց ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը։
1in.am