Հայաստանի դեմ գրոհն ուժգնանում է. խաղը բացվո՞ւմ է
https://parstoday.ir/hy/news/armenia-i121574-Հայաստանի_դեմ_գրոհն_ուժգնանում_է._խաղը_բացվո_ւմ_է
Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառում է արել, որով հայտնում է, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ կապված Հայաստանում գործող կենսալաբորատորիաների հետ, որոնք ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2020 15:04 Asia/Tehran
  • Հայաստանի դեմ գրոհն ուժգնանում է. խաղը բացվո՞ւմ է

Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան գրառում է արել, որով հայտնում է, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ կապված Հայաստանում գործող կենսալաբորատորիաների հետ, որոնք ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ:

Կոչուբաևը հայտարարում է, որ նամակ է ստացել արտերկրի մի խումբ հայրենակիցներից, որոնք հայտնում են, որ այդ լաբորատորիաները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը, և դրանցում իրականում ստեղծվում են վտանգավոր հարուցիչներ: Ովքեր են արտերկրի հայրենակիցները, որ դիմել են փաստաբանին, ի՞նչ գիտեն նրանք Հայաստանում կենսալաբորատորիաների մասին: Պարզ չէ: Փաստաբանը հայտարարել է, թե առաջիկայում կունենա ավելի ծավալուն հրապարակում:

Մինչ այդ, արդեն տևական ժամանակ պարզ է, որ Հայաստանում գործող կենսալաբորատորիաների դեմ է ներկայանում Ռուսաստանը: Մոսկվան պարբերաբար հայտարարում է դրանց վերաբերյալ կասկածների մասին, որ ամերիկյան աջակցությամբ իրականացվում են ՌԴ սպառնալիք կենսաբանական մշակումներ: Պաշտոնական Երևանը դրան ի պատասխան հայտարարել է, որ կենսալաբորատորիաները ստեղծվել են ամերիկյան աջակցությամբ, բայց դրանք պատկանում են Հայաստանին, դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, և այնտեղ չի իրականացվում որևէ սպառնալից մշակում: Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է ռուսաստանցի մասնագետներին տալ լաբորատորիաներում լինելու և համոզվելու հնարավորություն:

Ամիսներ առաջ նախատեսվում էր համաձայնագրի ստորագրում, սակայն այն հետաձգվում է, քանի որ կողմերը կարծես թե չեն գալիս ամբողջական համաձայնության: Դատելով Ռուսաստանից շարունակվող հայտարարություններից՝ Մոսկվան Երևանի առաջ դնում է պայմաններ, որոնք կասկածի տակ կարող են դնել կենսալաբորատորիաների հարցում Հայաստանի ինքնիշխան տնօրինությունը: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի խնդիրը ամենևին համոզվելը չէ, որ լաբորատորիաներում չկա որևէ սպառնալից մշակում: Դա թերևս առիթ է, իսկ բուն շարժառիթը Հայաստանի կենսալաբորատորիաների վրա Հայաստանից ավելի մեծ կամ Հայաստանից առնվազն ոչ պակաս վերահսկողության մեխանիզմի սահմանումն է:

Չի բացառվում, որ «արտերկրի հայրենակիցները» հենց Ռուսաստանից են: Այլ հարց է, թե ինչն է կատարվում Հայաստանում, և ինչպես պետք է վերաբերվեն խնդրին Հայաստանի քաղաքացիները:

Միևնույն ժամանակ գլխավորն է, իհարկե, հասկանալ, թե ինչ խնդրի հետ գործ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և որտեղ է Հայաստանի անվտանգության սպառնալիքը՝ ՀՀ-ին պատկանող արդիական կենսալաբորատորիաներո՞ւմ, որոնց նպատակը Հայաստանի կենսաբանական անվտանգության բարձրացումն է, թե՞ ինքնիշխան ՀՀ-ին պատկանող այդ լաբորատորիաների դեմ երրորդ երկրից կազմակերպվող գրոհները:

1in.am