COVID-19 փոխում է դիվանագիտության զինանոցը
COVID-19 դեռ չի ստիպել Հայաստանի իշխանությունների դիմել այլ երկրներին օգնության խնդրանքով։
Այս ժամանակահատվածում հիմնվել ենք միայն մեր ռեսուրսների վրա՝ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՝ հստակեցնելով․կան կառույցներ, որոնք աջակցելու պատրաստակամություն են արտահայտել՝ ԵՄ-ն, ՄԱԿ-ի շրջանակներում այլ հարթակներ։
Ցանկը, ըստ նախարարի, բավական մեծ է։ Առաջարկներից կօգտվենք ըստ անհրաժեշտության՝ ասել է Զոհրաբ Մնացականյանը։ Արտգործնախարարը խորհրդարան է եկել բյուջետային հաշվետվությունների շրջանակներում, բայց հիմնականում խոսել է արտաքին քաղաքական կարևոր ուղղությունների մասին։
Ռուսական «տանիք»–ն ու հայ–ռուսական հարաբերությունները
Հայաստանում հետախուզման մեջ գտնվող առանցքային մի քանի գործիչներ հեղափոխությունից հետո, այսպես ասենք, անցան ՌԴ «տանիք»–ի տակ՝ ունենալով քաղաքացիություն կամ ստանալով քաղաքական ապաստան։ Գործընկերոջ այս կեցվածքը չի խարխլում հայ–ռուսական համագործակցության հիմքերը․ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է՝ հայկական և ռուսական կողմերը իրար լավ են հասկանում։ Դիվանագիտությո՞ւն է, թե՝ ոչ․ նախարարը խորհուրդ է տալիս այլ դիտանկյունից մոտենալ թե այս դրվագին, թե արցախյան հարցում՝ բանակցային գործընթացի հետ կապված տարատեսակ հայտարարություններին։
«Հասկանո՞ւմ եք ինչպես է․ եթե մենք դրան առնչվում ենք որպես քաղաքական հարց արտաքին հարաբերություններին առնչվող՝ դա ուրիշ բան է։ Բայց դա դատաիրավական բնույթի հարցեր են։ Հայ–ռուսական հարաբերություններն այնքան մեծածավալ են՝ կոնկրետ դա չի ազդում մեր հարաբերությունների վրա։ Միշտ հարց է առաջանում՝ արդյո՞ք, մենք ունենք խնդիրներ։ Հարցադրումը հնարավորություն չի տալիս ճիշտ ձևակերպելու պատասխանը։ Եթե մենք ձևացնենք, որ որևէ խնդիր չունենք, դա նշանակում է, որ որևէ հարաբերություն չունենք։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բայց խորքային, ճգնաժամային խնդիր չունենք»,- ասաց Մնացականյանը։
Ընթացքում առաջացած խնդիրները և կնճիռները լուծվում են բանակցային աշխատանքային խմբերի միջոցով։ Որպես «բանակցային կնճիռ» կարող է դիտակվել, օրինակ, գազի խնդիրը։ Ավանդաբար համարվում է, որ այս հարցը ՌԴ–ի կողմից կիրառվում է որպես մահակ՝ երկրներին կախվածության մեջ պահելու համար։ Այս փուլում էլ գազի հարցով բանակցությունները շարունակվում են։
Հաշվարկները և հրապարակումները, որ տեսել և լսել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը թույլ են տալիս նրան ենթադրել, որ ֆիզիկական անձանց, անհատ սպառողների մասով գնի փոփոխություն չի լինելու։ Եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա այլ սպառողների համար ոչ էական թանկացման հավանականություն կա, ասում է փոխվարչապետը։ Նա չի բացառում, որ հայկական կողմը փորձելու է անդրադառնալ գազի երկարատև պայմանագրի հետագա ճակատագրին կամ դրա բովանդակությանը։
«Իսկ ո՞վ է ասում, որ որևէ մեկը չի զբաղվում գազի պայմանագրի խնդրով։ Սահմանին գազի գնի շուրջ բանակցությունները լինելու է մշտական պրոցես, որովհետև մենք սահմանին գազի գնի ձևավորման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմներ չունենք և դա էր պատճառը և դա է պատճառը, որ այդ խնդիրը մենք ներառել ենք ԵԱՏՄ օրակարգի ամենաբարձր օրակարգում։ Հիմա կարևոր է, որպեսզի գազի գնի ձևավորման ալգորիթմը լինի հստակ պայմանավորված և երկարատև»,- նշեց Գրիգորյանը։
Ավելի պարզ՝ ԵԱՏՄ շրջանակներում փորձ է արվում հասնել ընդհանուր էներգետիկ համակարգի, որ առաջարկվող պայմանները բոլոր երկրների համար նույնը լինեն, ոչ թե՝ տարբերակված։ Միասնական էներգետիկ շուկայի միասնական ժամկետը 2025 թվականն է, բայց խնդիրը փորձ է արվում լուծել ավելի շուտ։
Քաղաքական շա՞հ, թե՞ նոր վտանգ․ Հայաստանը՝ Իրանի և Իսրայելի արանքում
Էներգետիկ կախվածությունից ազատվելու համար Հայաստանի դեպքում շատ հաճախ դիտարկվել է Իրանի այլընտրանքը։ Բայց արտաքին հարաբերությունների այս ուղղությամբ նոր զարգացումներ են նախանշվում։ Երեկ Իրանից լուրեր եկան, որ այդ երկրին անհանգստացրել է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի քայլը։ Մեր հարևաններն անհանգստանալու որևէ հիմքև պատճառ չունեն, վստահեցնում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հայաստանի համար ընդունելի չէ հարաբերությունների զարգացումը մեկ այլ հարաբերությունների հաշվին։
«Հայաստանը ունի իր շահերը, որը պետք է հետապնդի և Հայաստանը երբևէ չի իրականացնել և որևէ մտադրություն չունի իրականցվելու քաղաքականություն մեկ գործընկերոջ հետ ի հաշիվ այլ գործընկերոջ։ Մենք ունենք օրինակներ, թե ինչպես է Հայաստանը համադրում իր քաղաքականությունը կարևոր գործընկերների հետ, միևնույն ժամանակ հետամուտ լինելով իր շահերին և չվնասելով այն տարբեր զարգացումները , որոնք կարող են ազդել մեր ազգային անվտանգության վրա»,- ասաց Մնացականյանը։
Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի միջև եղել է շատ կոնկրետ զրույց, հաստատում է արտգործնախարար Մնացականյանը։ Երկու երկրների ղեկավարները զրուցել են երկկողմ ծրագրերը կյանքի կոչելու մասին։
COVID-19 փոխում է դիվանագիտության զինանոցը
Համաճարակի պայմաններում դիվանագիտական զինանոցը փոխվում է։ Տարատեսակ հնարքներն այլևս կիրառելի չեն, առաջ է եկել դիվանագիտության նոր տեսակ՝ հեռավար, «հեռախոսային»։ Դա հաստատում է Հայաստանի արտգործնախարարը՝ նշելով, որ նախարարությունում փորձում են հարմարվել համաճարակի կանոններին և ապահովել աշխատողների անվտանգությունը։
«Այս շրջանում, դժբախտաբար, պայմաններն այնպես են, որ «հեռախոսային» դիվանագիտությունը հիմնական գործիքն է իրականացնելու մեր աշխատանքները»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
Այս տարբերակը, սակայն, չի դիտարկվում արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու համար։ Ավելի ճիշտ՝ հեռավար կապը մշտապես պահելու են արտգործնախարարն ու համանախագահները, բայց Փաշինյան–Ալիև հեռավար զրույց նախատեսված չէ։ Նման հանդիպման հնարավորությունը կդիտարկվի, երբ հաղթահարվի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը։ Իսկ մինչև այդ արտգործնախարարները կփորձեն ապահովել այն, որ ապագայում բանակցությունները սկսվեն այն կետից, որտեղ կանգ են առել։
hy.armradio.am