Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i121787-Հայաստանում_բոլորը_հավասար_են_օրենքի_առաջ._Նիկոլ_Փաշինյան
Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2020 06:50 Asia/Tehran
  • Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ. Նիկոլ Փաշինյան

Ազատությունը, ժողովրդավարությունը, օրինականությունը Հայաստանում այլընտրանք չունի: Բոլորը հավասար են օրենքի առաջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով Ազգային անվտանգության ծառայության` հունիսի 15-ին տարածած տեսանյութը, որի համաձայն` բացահայտվել են 2017 թ. ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր:

«Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն եւ հանգեն օրենքով նախատեսված արդյունքի»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր և համակարգային բնույթ կրող դեպքերի վերաբերյալ։ ԱԱԾ տարածած տեսանյությում նշվում է, որ բացահայտվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր։

ԱԱԾ-ն պարզել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք գումարներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Armenpress.am