Ծառուկյանը ժամանեց դատարան. կուսակիցները ողջունեցին նրան ծափերով ու գրկախառնությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին դատարանի բակում սպասում էին կուսակիցներն ու համակիրները։
Քիչ առաջ՝ ժամը 19:40-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ավտոմեքենայով ժամանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան:
Ծառուկյանին դատարանի բակում դիմավորեցին ԲՀԿ–ական պատգամավորները:
Նաիրա Զոհրաբյանն ու Ծառուկյանը գրկախառնվեցին, մի քանիսը նրան ողջունեցին ձեռքսեղմումով:
Կուսակցության շարքային անդամներն ու Ծառուկյանի հետևորդները, որոնց ոստիկանությունը թույլ չէր տվել մոտենալ, Գագիկ Ծառուկյանին ողջունեցին ծափահարություններով ու վանկարկումներով:
Նշենք, որ Ծառուկյանի կալանքի գործով դատական նիստը նախանշված էր 19:00-ին, սակայն, որոշ տեղեկություններով, դատավորի զբաղվածության հետևանքով ու նախորդ նիստի՝ նախատեսվածից ավելի երկար տևելու պատճառով այն մեկնարկել է որոշ ուշացումով:
Հիշեցնենք` երեկ ԱԺ–ն որոշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։
ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:
Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:
armeniasputnik.am