Ծառուկյանը ժամանեց դատարան. կուսակիցները ողջունեցին նրան ծափերով ու գրկախառնությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i121852-Ծառուկյանը_ժամանեց_դատարան._կուսակիցները_ողջունեցին_նրան_ծափերով_ու_գրկախառնությամբ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին դատարանի բակում սպասում էին կուսակիցներն ու համակիրները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2020 16:06 Asia/Tehran
  • Ծառուկյանը ժամանեց դատարան. կուսակիցները ողջունեցին նրան ծափերով ու գրկախառնությամբ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին դատարանի բակում սպասում էին կուսակիցներն ու համակիրները։

  Քիչ առաջ՝ ժամը 19:40-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ավտոմեքենայով ժամանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան:

Ծառուկյանին դատարանի բակում դիմավորեցին ԲՀԿ–ական պատգամավորները:

Նաիրա Զոհրաբյանն ու Ծառուկյանը գրկախառնվեցին, մի քանիսը նրան ողջունեցին ձեռքսեղմումով:

Կուսակցության շարքային անդամներն ու Ծառուկյանի հետևորդները, որոնց ոստիկանությունը թույլ չէր տվել մոտենալ, Գագիկ Ծառուկյանին ողջունեցին ծափահարություններով ու վանկարկումներով:

Նշենք, որ Ծառուկյանի կալանքի գործով դատական նիստը նախանշված էր 19:00-ին, սակայն, որոշ տեղեկություններով, դատավորի զբաղվածության հետևանքով ու նախորդ նիստի՝ նախատեսվածից ավելի երկար տևելու պատճառով այն մեկնարկել է որոշ ուշացումով:

Հիշեցնենք` երեկ ԱԺ–ն որոշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

 armeniasputnik.am