Հայաստանը դեսպանություններում մշտական առևտրային ներկայացուցիչների կարիք չի տեսնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i121861-Հայաստանը_դեսպանություններում_մշտական_առևտրային_ներկայացուցիչների_կարիք_չի_տեսնում
Հայաստանը դեսպանություններում մշտական առևտրային ներկայացուցիչների կարիք չի տեսնում, հարցերը կլուծվեն դիվանագիտական ներկայացվածության միջոցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2020 06:15 Asia/Tehran
  • Հայաստանը դեսպանություններում մշտական առևտրային ներկայացուցիչների կարիք չի տեսնում

Հայաստանը դեսպանություններում մշտական առևտրային ներկայացուցիչների կարիք չի տեսնում, հարցերը կլուծվեն դիվանագիտական ներկայացվածության միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հարցին:

Պատգամավորը հիշեց, որ դեռ 2 տարի առաջ հայտարարվել էր, որ ՀՀ դեսպանություններին կից պետք է ստեղծվի առևտրային կցորդների նոր ինստիտուտ, նա հետաքրքրվեց գործընթացներով:

«Եկել ենք այն եզրակացության, որ ժամանակակից աշխարհում կոմունիկացիոն եղանակներն այնպիսին են, որ որևէ երկրում մարդու ֆիզիկական մշտական ներկայություն ապահովելը՝ Հայաստանում առկա բիզնեսի շահերն աշխարհով ներկայացնելու համար, այլևս արդյունավետ չէ: Եվ մենք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ եկել ենք այն եզրակացության, որ ամբողջ աշխարհում մեր դիվանագիտական ներկայացվածությունը կամուրջ է մեր կողմից նկատված հարցերը տվյալ շուկաներում լավագույն ձևով փոխանցելու, այնտեղ եղած գործընկերներին խնդրի քննարկմանը միացնելու և հարցեը լուծելու համար: Մենք չենք ունենա մշտական առևտրային ներկայացուցիչներ դեսպանատներում »,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ Հայաստանում կհավաքագրվեն խնդիրները, թիրախային աշխատանք կտարվի այն ուղղությամբ, որտեղ ներդրումների համար հետաքրքրություն ներկայացնող միավոր կա:  Մյուս կողմից, արտերկրում եղած պոտենցիալը դեպի Հայաստան կուղղորդվի: Ընդ որում՝ երկու դեպքում էլ բիզնես միություններն ակտիվորեն  կօգտագործվեն որպես կամուրջ և հարթակ:

Armenpress.am