«Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները սկսել են համատեղ աշխատանքային քննարկումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i122053-Լուսավոր_Հայաստանի_եւ_Բարգավաճ_Հայաստանի_պատգամավորները_սկսել_են_համատեղ_աշխատանքային_քննարկումը
ԼՀԿ եւ ԲՀԿ պատգամավորներն աշխատանքային քննարկում են սկսել՝ ՍԴ դիմելու հարցով «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ ներկայացնելու հարցով երեկվանից սեպարատ հանդիպումների եւ քննարկումների մեջ են։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 23, 2020 14:06 Asia/Tehran
  • «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները սկսել են համատեղ աշխատանքային քննարկումը

ԼՀԿ եւ ԲՀԿ պատգամավորներն աշխատանքային քննարկում են սկսել՝ ՍԴ դիմելու հարցով «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ ներկայացնելու հարցով երեկվանից սեպարատ հանդիպումների եւ քննարկումների մեջ են։

Քիչ առաջ հերթական հանդիպումն է կայացել ԼՀԿ ֆրակցիայում, ԲՀԿ-ական պատգամավորները հյուրընկալել են այնտեղ եւ քննարկել իրենց պատրաստած՝ ՍԴ դիմելու հիմքերը։ Դրանք վերաբերում են Սահմանադրության այն պահանջին, որ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում չի կարելի ընդունել։ Մի բան, որի վրա աչք փակեց Ազգային ժողովը, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ  պարզաբանեց, թե ԱԺ կանոնակարգ-օրենքը չի պարտադրում  ԱԺ կողմից ընդունվող նախագիծը ներկայացնել ՍԴ, եւ որ իրենք խախտում թույլ չեն տվել։

Որ իշխանական թիմը իրավաբանությունից հեռու է այնքան, որքան «խոզը տուռնիկից», մենք դրանում տասնյակ անգամներ ենք համոզվել, նույնիսկ իրավաբանականի երկրորդ կուրսի ուսանողներին է հայտնի, որ Հայաստանում Մայր օրենքը գերակա է մյուսներից, միգուցե ԱԺ կանոնակարգ-օրենքում կա այդ բացը, բայց Սահմանադրությունը հստակ պահանջ է առաջ քաշում՝ փոփոխությունների նախագծի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու խնդրով։ Նշենք, որ իմքայլականներն ու ԱԺ նախագահը նաեւ արդարանում էին, թե պարզ տրամաբանությամբ էլ իրենք ՍԴ դիմել չեն կարող, քանի որ գործ ունենք «շահերի բախման» հետ, եւ որ ՍԴ-ն չի կարող իր հարցով անաչառ  կարծիք ներկայացնել։ Սակայն նույն տրամաբանությամբ ԱԺ-ն էլ չի կարող փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում, որը վերաբերում է հենց պատգամավորների, խորհրդարանի գործունեությանը։ Մինչդեռ երկու տարվա ընթացքում միայն իմքայլականները մոտ 10-15 փոփոխություն են իրականացրել։

Մեր տեղեկություններով՝ մոտավորապես նման տեքստ են ԲՀԿ-ում մշակել եւ հիմա ԼՀԿ-ական գործընկերների հետ փորձում են քննարկումների արդյունքում ընդհանուր հայտարարի գալ։ Առայժմ կողմերի մոտեցումները մնում է նույնը, հիշեցնենք, որ երեկ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խնդրո առնչությամբ կարծիք հայտնեց, թե ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացնելու պարագայում ընդդիմությունը չունի ՍԴ դիմելու իրավունք։Քննարկումները կշարունակվեն նաեւ առաջիկայում ու չնայած  օրենսդրորեն երեք ամիս ժամանակ է տրվում ՍԴ դիմելու հարցով, բայց հասկանալի է, որ եթե իշխանությանը հաջողվեց գործող կազմը կազմաքանդել եւ յուրայիններին նշանակել բարձր դատարանի դատավոր, ապա ընդդիմության դիմումը, եթե իհարկե լինի, հնարավոր է նույնիսկ վարույթ չընդունեն։