Արևելյան գործընկերությունը մեռա՞վ. Ադրբեջանի տարօրինակ մասնակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i125268-Արևելյան_գործընկերությունը_մեռա_վ._Ադրբեջանի_տարօրինակ_մասնակցությունը
Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին ակնդետ հետևում է միջազգային ամբողջ հանրությունը, այդ թվում՝ Հայաստանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2020 05:31 Asia/Tehran
  • Արևելյան գործընկերությունը մեռա՞վ. Ադրբեջանի տարօրինակ մասնակցությունը

Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին ակնդետ հետևում է միջազգային ամբողջ հանրությունը, այդ թվում՝ Հայաստանը:

Պատճառների մասին խոսելն այստեղ թվում է ավելորդ: Դրանք բազմաթիվ են, այդ թվում և Հայաստանի համար: Դրանցից մեկն էլ այն է, որ Բելառուսը ոչ միայն ԵՏՄ անդամ է, այլ նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից պետություն: Այդ ծրագրին մասնակցում է նաև Հայաստանը:

ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում է Հայաստանը 2017 թվականի նոյեմբերին կնքել Եվրամիության հետ համապարփակ համաձայնագիրը, որի վավերացման գործընթացը Եվրամիության երկրներում մոտենում է ավարտին: Իսկ ընդհանուր առմամբ ո՞ւր է հասել Արևելյան գործընկերության ծրագիրը: Բելառուսում ծավալվող զարգացումները առավել քան արդիական են դարձնում այդ հարցը, հատկապես Եվրամիության հարաբերական դիրքորոշման պայմաններում: Մասնավորապես, Եվրամիությունը կոչ է անում Լուկաշենկոյին լսել հանրությանը, միևնույն ժամանակ, սակայն, ձեռնպահ է մնում անձամբ նրա հանդեպ պատժամիջոց կիրառելուց, որպեսզի չկտրվի կապը Մինսկի հետ:

Մեծ հաշվով, Արևելյան գործընկերության ծրագրի անդամ վեց երկրներից երկուսի պարագայում տեղի է ունենում իրավիճակի հիմնարար, խորքային փոփոխություն: Եթե Բելառուսի պարագայում դա տեղի է ունենում, այսպես ասած, ընտրական գործընթացի ֆոնին, ընտրակեղծիքի դեմ հանրության բողոքի և իշխանության ուժային հակազդման, դրա ներքո ծավալվող աշխարհաքաղաքական շերտերի տեսքով, ապա մյուս անդամ երկրում՝ Ադրբեջանում, տեղի է ունենում այլ գործընթաց, սակայն մեծ հաշվով դրա բնույթն ու տրամաբանությունն այն են, որ Ադրբեջանը դառնում է Անկարայի կցորդը:

Այդ տրանսֆորմացիաները ինչ ազդեցություն են թողնելու ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի ապագայի վրա, որն առանց այդ էլ լուսավոր ռեժիմում չէր: Եվրամիությունն ընդհանրապես հիշո՞ւմ է այդ ծրագիրը և ունի՞ դրա հետ կապված հեռանկարներ: Եթե այո, ապա տվյալ պարագայում ակնառու է, որ առաջանում է դրան թե՛ Բելառուսի, թե՛ Ադրբեջանի ներգրավվածության վերանայման առնվազն քննարկման անհրաժեշտություն:

Ավելին, եթե Բելառուսի պարագայում իրավիճակը դեռ անորոշ է, ապա Ադրբեջանի դեպքում ակնառու է, որ այդ երկիրը վերածվում է Եվրամիության հետ ագրեսիայի և շանտաժի լեզվով խոսող Էրդողանի քաղաքականության կցորդի, ինչն առնվազն տարօրինակ է դարձնում կա՛մ այդ կցորդի մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերությանը, կա՛մ Արևելյան գործընկերության ծրագիրը՝ այդ մասնակցության դեպքում:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio