Թուրքական զինուժի սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i126158-Թուրքական_զինուժի_սադրիչ_գործողությունները_լրջորեն_վտանգում_են_տարածաշրջանային_անվտանգությունը._ԱԳՆ
Թուրքական օդուժն Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչև օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2020 08:37 Asia/Tehran
  • Թուրքական զինուժի սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը. ԱԳՆ

Թուրքական օդուժն Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչև օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:

Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ: Ընդգծվում է, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով և խախտելով Հայաստանի օդային տարածքը:

«Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով և խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:

Թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից:

Թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը:

Միջազգային հանրությունը կոչ է արել արտատարածաշրջանային ուժերին ձեռնպահ մնալ հակամարտությունը բորբոքելու քայլերից, և Թուրքիան պետք է անսա այս կոչերին:

Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ գործողությունները և պահանջում թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio