Հայաստանը TRIPP-ից կստանա թուլացած ինքնիշխանություն եւ ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն. ANCA
https://parstoday.ir/hy/news/armenia-i244740-Հայաստանը_tripp_ից_կստանա_թուլացած_ինքնիշխանություն_եւ_ագրեսիայից_պաշտպանվելու_անկարողություն._anca
ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված խաղաղության համաձայնագիրը, որը հայ գերիներին թողնում է ադրբեջանական գերության մեջ, զրկում է 150 հազար արցախցի փախստականներին վերադարձի իրավունքից եւ փաստացի պարգեւատրում է Ադրբեջանի ցեղասպան էթնիկ զտումները՝ ապահովելով 99-ամյա տրանսպորտային միջանցք ինքնիշխան Հայաստանի տարածքով, դա խաղաղության ուղի չէ, այլ հայկական պետությունը ոչնչացնելու ծրագիր։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Ապրիլ 17, 2026 13:05 Asia/Tehran
  • Հայաստանը TRIPP-ից կստանա թուլացած ինքնիշխանություն եւ ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն. ANCA

ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված խաղաղության համաձայնագիրը, որը հայ գերիներին թողնում է ադրբեջանական գերության մեջ, զրկում է 150 հազար արցախցի փախստականներին վերադարձի իրավունքից եւ փաստացի պարգեւատրում է Ադրբեջանի ցեղասպան էթնիկ զտումները՝ ապահովելով 99-ամյա տրանսպորտային միջանցք ինքնիշխան Հայաստանի տարածքով, դա խաղաղության ուղի չէ, այլ հայկական պետությունը ոչնչացնելու ծրագիր։

Այս մասին նշվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի (ANCA)՝ Կապիտոլիումի բլրին կազմակերպած «Խաղաղություն առանց արդարության Հարավային Կովկասում» ճեպազրույցի ժամանակ։

Նշվել է, որ խաղաղության համաձայնագիրը իր ներկա տեսքով չի պարունակում ոչ մի դրույթ, որը պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին կամայական կալանքից։ Այն չի պարտավորեցնում Ադրբեջանին պաշտպանել հազարամյակների պատմություն ունեցող հայկական քրիստոնեական ժառանգությունն Արցախում։ Նաեւ չի անդրադառնում 150 հազար հայերի կարգավիճակին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները։ «Սրանք երկու կողմերի միջեւ խաղաղության բանակցություններ չեն։ Սա Ադրբեջանի թելադրանքն է՝ Թուրքիայի աջակցությամբ եւ Արեւմուտքի համաձայնությամբ, որն ուղղված է Հայաստանի լիակատար եւ անվերապահ կապիտուլյացիային։ Հայաստանին պարտադրված ցանկացած խաղաղություն՝ առանց նրա ինքնիշխանության եւ կենսունակության նույնիսկ նվազագույն հաշվառման, դատապարտված է ձախողման»,- նշել են մասնակիցները։

Ինչպես ընդգծվել է, TRIPP-ը վատ մտածված նախագիծ է՝ հաջողության քիչ կամ զրոյական շանսով։ Նույնիսկ եթե այն իրականացվի, Հայաստանը եւ հայ ժողովուրդը դրանից ոչ մի օգուտ չեն ստանա՝ միայն թուլացած սահմաններ, ինքնիշխանության նվազում եւ թուրքական ու ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու անկարողություն։

Ճեպազրույցի կազմակերպիչները նաեւ ընդգծել են, որ ադրբեջանական զորքերի շարունակական ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում հստակ ազդանշան է այն մասին, որ Բաքուն իրեն պարտավորված չի համարում պահպանել Հայաստանի հետ կնքված որեւէ համաձայնագիր։ Նրանց ներկայությունը հստակ եւ անմիջական սպառնալիք է երկրի համար։