ՀՀ ԱԳ նախարարը և ԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել են ռազմագերիների հայրենադարձման հրատապությունը
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը փետրվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՊԿ (Ամերիկյան պետությունների կազմակերպության) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Այվազյանը և գլխավոր քարտուղար Ալմագրոն գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ամերիկյան պետությունների կազմակերպության միջև ձևավորված հեռանկարային համագործակցության առնչությամբ: Ընդգծվել է երկկողմ պատրաստակամությունը շարունակելու ջանքերը փոխգործակցության առկա դինամիկայի պահպանման և երկխոսության առավել ամրապնդման ուղղությամբ, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերին: Նախարար Այվազյանը Գլխավոր քարտուղար Ալմագրոյին ներկայացրեց Արցախում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը: Որպես առաջնահերթություն՝ ՀՀ ԱԳ նախարարը և ԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտեցին ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանն իրապես արժևորում է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում կազմակերպության հետևողական և հավասարակշռված դիրքորոշումը:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio