Ընդգծվել է Իրան-Հայաստան հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը
Իրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարարը կարևորել է Թեհրան-Երևան հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հայաստան կատարած այցի ընթացքում, Մոհսեն Բահարվանդը հանդիպել է հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի միջազգային և իրավական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարվանդի միջև կայացած հանդիպման ընթացքում, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև առկա իրավապայմանագրային դաշտի ամրապնդման և ընդլայնման հարցերին։ Քննարկվել են երկու երկրների միջև համաձայնեցման փուլում գտնվող փաստաթղթերի նախագծերի շուրջ աշխատանքների առաջմղմանը, ինչպես նաև՝ գործող պայմանագրերի արդիականացմանն առնչվող հարցեր ու Արաքս գետի վիճակը։ Կողմերն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներին, ընդգծել ահաբեկիչների ներկայության անթույլատրելիությունը՝ կարևորելով տարածաշրջանից վերջիններիս անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանի հետ Մոհսեն Բահարվանդի հանդիպման ժամանակ, քննարկվել է երկու երկրների համագործակցությունը միջազգային համաժողովներում:
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի և Մոհսեն Բահարվանդի հանդիպման շրջանակներում, երկու երկրների պաշտոնյաները քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձություններից հետո, մասնավորապես՝ ղարաբաղյան պատերազմի հրադադարի վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված համաձայնության հիման վրա տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
Իրավական և միջազգային հարցերով Իրանի փոխարտգործնախարարը Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է նաև ՀՀ Սյունիքի մարզի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ: