Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել, ՀՀ ՊՆ–ն հերքում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i145354-Ադրբեջանի_ՊՆ_ն_հաղորդագրություն_է_տարածել_ՀՀ_ՊՆ_ն_հերքում_է
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2021 12:21 Asia/Tehran
  • Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել, ՀՀ ՊՆ–ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել։ Այսպիսի բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

ՊՆ–ն շեշտել է, որ անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հուլիսի 9–ի երեկոյան Ճամբարակում տեղակայված դիրքերի (Գեղարքունիքի մարզ,–խմբ.) հրաձգային զենքերից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը:

Ասվում էր, որ զոհեր ու վիրավորներ չկան։

Հավելենք, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում հաճախ է նմանատիպ ապատեղեկատվություն տարածում, իբր, հայկական կողմը կրակում է իրենց ուղղությամբ։ 

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցություններն արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում Ադրբեջանը հուլիսի 6–ին փոխհրաձգություն էր հրահրել, որի արդյունքում հայկական կողմից վիրավորոմ էր ստացել մեկ զինծառայող։

armeniasputnik.am/armenia