Գորիս-Կապան ճանապարհը դեռ փակ է․ ինչ են պատմում համայնքապետերը
Գորիս-Կապան ճանապարհը շարունակում է փակ մնալ ադրբեջանական զինված ուժերի կողմից, դեռ բանակցություններ չեն վարվում ճանապարհը բացելու համար։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։
«Իրավիճակը ճանապարհին նույնն է, անփոփոխ։ Այս պահի դրությամբ բանակցություն չի վարվում։ Ադրբեջանցիները նույն տեղում մնացել են, բայց պայմանավորվածություն կա, որ այսօր պետք է բանակցություն լինի»,- ասաց Փարսյանը՝ հավելելով, որ երեկվա դրությամբ ճանապարհին եղել են մոտ 50 ադրբեջանցիներ։
Նշենք, որ ադրբեջանական զինծառայողները այսօր փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։ Իսկ երեկ գիշերը՝ 23:00-ի սահմաններում, ադրբեջանցիները փակել էին Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը։
Շուռնուխ գյուղի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց․ «Ընդհանուր նույն վիճակն է, ճանապարհը փակ է, մեքենաների շարժ չկա։ Ես փորձեցի մոտենալ այդ տարածքին, պարեկն ասաց՝ մի արի, ավելորդ բաներ չլինեն։ Զգուշացրել են, որպեսզի քաղաքացիական անձինք չերևան այնտեղ»։
Շուռնուխի գյուղապետը նշեց, որ համայնքում մարդիկ անհասկանալի վիճակում են հայտնվել, անորոշության մեջ են․ «Այս պահին միջպետական մայրուղին երկկողմանի փակ է և մեր հատվածում, և Որոտանի հատվածում, մարզկենտրոնի հետ ոչ մի ձևով կապ չենք կարող հաստատել կամ Երևանի հետ, դա ի՞նչ է նշանակում, կտրվա՞ծ չենք»։