ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք դեսպանների
Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված Արգենտինայի, Սիրիայի ու Լիտվայի դեսպաններին։
ՀՀ-ում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեռգառայի հետ հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել և ամրապնդել հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունները տարբեր ուղղություններով: Այս առումով ընդգծվել է առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:
Երկխոսության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև հաստատված քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմի վերագործարկումը։ Զրուցակցիները գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ համագործակցության կապակցությամբ:
ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմի հետ հանդիպմանը ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սիրիայի հետ բազմադարյա բարեկամական հարաբերությունները և կարևորում է տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացումն ու խթանումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-սիրիական երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է երկարատև դադարից հետո Երևան-Հալեպ ավիաթռիչքների վերսկսումը:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սիրիայի միջև միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:
1in.am