Երևանում բացվեց պարսկերեն վիմագիր արձանագրություններին վերաբերող ցուցահանդես
Երևանում բացվեց պարսկերեն վիմագիր արձանագրություններին վերաբերող ցուցահանդես: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին Մատենադարանում: Լուսանկարների հեղինակը ԻԻՀ մշակութային ժառանգության ակադեմիայի հետազոտության բաժնի պրոռեկտոր Մոռթեզփա Ռեզվանֆարին է, որը շրջում է աշխարհում, գտնում այն պատմամշակութային հուշարձանները, որոնք պարսկերեն վիմագրություններ ունեն, ուսումնասիրում, թարգմանում և լուսանկարում է դրանք:
Մոռթեզփա Ռեզվանֆարին շեշտեց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալվելը: Նրա խոսքով՝ Իրանում հայերին չեն տարանջատում իրանցիներից և հայերի հետ հաղորդակցվելը պատվաբեր են համարում, քանի որ Իրանի հայկական համայնքը տաղանդավոր է, մշակութային կորիզ ու քաղաքակրթության կրող է:
Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին էլ ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունները շատ խորն են: Նրա խոսքով՝ նման միջոցառումների կազմակերպումը նպաստում է, որ ավելի մեծ ուշադրություն դարձնենք մշակութային, քաղաքակրթական ժառանգությանը, որի հանրահռչակումը կնպաստի ժողովուրդների միջև երկխոսության, խաղաղության ու անվտանգության հաստատմանը:
«Իրանը և Հայաստանը, ունենալով պատմամշակութային անցյալ, կարող են լինել առաջնագծում ու առաջնորդել բոլոր երկրներում նման հարաբերությունների զարգացմանը»,- ասաց դեսպանը:
Միջոցառումը կյանքի է կոչվել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի համագործակցության արդյունքում:
armenpress.am