Մեկնարկել է «ՊանԱրմենիան էքսպո-2021» միջազգային եռօրյա ցուցահանդես-ֆորումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i152646-Մեկնարկել_է_ՊանԱրմենիան_էքսպո_2021_միջազգային_եռօրյա_ցուցահանդես_ֆորումը
«ՊանԱրմենիան էքսպո-2021» միջազգային եռօրյա ցուցահանդես-ֆորումին մասնակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից: Մասնակիցներն այցելուներին ծանոթացնում են իրենց ոլորտի նորամուծություններին և առաջարկներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2021 12:29 Asia/Tehran
  • Մեկնարկել է «ՊանԱրմենիան էքսպո-2021» միջազգային եռօրյա ցուցահանդես-ֆորումը

«ՊանԱրմենիան էքսպո-2021» միջազգային եռօրյա ցուցահանդես-ֆորումին մասնակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից: Մասնակիցներն այցելուներին ծանոթացնում են իրենց ոլորտի նորամուծություններին և առաջարկներին:

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում:

«Պրոմ էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանն ասաց՝ արդեն 12-րդ անգամ են իրականացնում նախաձեռնությունը: «2020 թվականի դժվար ժամանակաշրջանից հետո շատ կարևոր է, որ մեր երկրի տնտեսությունը մեջքն ուղղի, ոտքի կանգնի ու քայլի առաջ, քանի որ դրանից է կախված երկրի զարգացումն ու կայունությունը: Հույս ունեմ, որ մեր միջոցառումն իր փոքրիկ լուման կունենա այս առաջխաղացման գործում»,- ասաց նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների ծավալը 23 տոկոսով ավելի շատ է եղել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածինը: «Այն հավասարվել է 300 մլրդ դրամի: Կարևոր և ոգեշնչող նորություն է, որ մեր վճարային հաշվեկշիռը, այսինքն՝ մեր ընթացիկ հաշիվը կամ առևտրային սալդոն առաջին կիսամյակի համար առաջին անգամ վերջին 17 տարվա ընթացքում ամենաբարձր կետի վրա է: Այն -121, 4 մլն դոլարի է հավասարվել: Նման թիվ 2004 թվականից չենք ունեցել»,- շեշտեց նախարարը:

Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը սկսել է փոխվել, արտահանվող ապրանքների քանակը տնտեսության մեջ սկսել է շատանալ:

Քերոբյանը վստահեցրեց, որ կառավարությունն ամեն ինչ անելու է՝ կառուցելու բարձր արտադրողական, արտահանմանը միտված նորարարական տնտեսություն:

1in.am