Ուկրաինայիում հայերն ակտիվորեն ներգրավված են կարիքավորներին օգնելու գործում
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրավիճակը հանգիստ է, սակայն լարված է արվարձաններում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին նշել է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը, ով բնակվում է Կիևում: Նրա խոսքով՝ այժմ արվարձաններից բնակիչները դուրս են բերվում:
«Կիևի արվարձաններից բնակիչներին տեղափոխում են քաղաք: Արդեն մեկ շաբաթ նրանք մնացել էին ռազմական գործողությունների թատերաբեմում: Երեկ մեծ քանակությամբ մարդիկ դուրս եկան: Ընդհանուր առմամբ, քաղաքում պատերազմական իրավիճակին բնորոշ պայմաններ են, որոշ հարցերում էլ նույնիսկ լավ: Ասեմ, որ քաղաքում բոլոր անհրաժետ պարագաները կան՝ջուր, լույս, ինտերնետ: Խանութներում կան ապրանքներ: Առաջին օրերին, թերևս, հերթեր կային, սակայն այսօր այդ առումով թեթև է: Հաշվի առնենք նաև այն, որ մի որոշ մասը դուրս է եկել քաղաքից: Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա մեր ընտանիքն այս ընթացքում ապաստարան չի գնացել, բայց բարձրահարկ շենքերի բնակիչների համար ամենաճիշտն ապաստարաններն են: Մարդիկ սկսել են սովորել պատերազմական իրավիճակին», - ասել է Մարատ Հակոբյանը:
aysor.am