ՄԱԿ-ը Սյունիքում գրասենյակներ է բացում, Իրանը` հյուպատոսարան
https://parstoday.ir/hy/news/armenia-i174360-ՄԱԿ_ը_Սյունիքում_գրասենյակներ_է_բացում_Իրանը_հյուպատոսարան
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում ի թիվս այլ հարցերի պատասխանեց նաև վերջին շրջանում ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների դեսպանների հաճախակիացած այցերի մասին հարցին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2022 18:37 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Սյունիքում գրասենյակներ է բացում, Իրանը` հյուպատոսարան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ի պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում ի թիվս այլ հարցերի պատասխանեց նաև վերջին շրջանում ԱՄՆ-ի ու ԵՄ երկրների դեսպանների հաճախակիացած այցերի մասին հարցին։

«ԱՄՆ-ի հետ ՀՀ-ը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնց շրջանակներում ԱՄՆ դեսպանն այցելել էր Սյունիքի մարզ։ Նույն օրը կամ նախորդ օրը, եթե չեմ սխալվում, ԵՄ դեսպանն էր եկել` 6 երկրների դեսպանների հետ։ Հանդիպմանը քննարկվել են մարզի սոցիալ-տնտեսական տարբեր ծրագրեր։ Մենք պայմանագիր ունենք կնքած Պարենի համաշխարհային ծրագրի հետ` շուրջ 4 մլն ԱՄՆ դոլարի, և իրենց ներկայացուցիչը գտնվում է մարզպետարանում, տրամադրվել է տարածք։ Շուտով նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կունենա գրասենյակ, կնքվել են համագործակցության հուշագրեր»,- ասաց մարզպետը։

Ղուկասյանը նաև նշեց, որ հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ և Իրանի դեսպանների հետ։ Իրանն առաջիկայում Կապանում հյուպատոսարան է հիմնելու։

«Բոլոր այն երկրները, որ կուզեն Սյունիքի համար ծրագրեր իրականացնել, մենք միշտ պատրաստ ենք իրենց հետ աշխատել»,- ասաց Ղուկասյանը։

Սյունիքի մարզպետը նշեց, որ դիվանագետների այցերն այսքանով չեն ավարտվում։ Առաջիկայում նախանշված են ևս 4 դեսպանների այցեր մարզ, որոնց օրակարգում դարձյալ մարզի սոցիալ-տնտեսական հարցերն են լինելու։

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Սյունիքի մարզ էին այցելել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵՄ ներկայացուցիչ Ժան Պլեսինգները, Սիլվիա Զիհին և Եվրոպայի երկրների դեսպանները։

Սյունիքի մարզպետարանը հայտնել էր, որ եվրոպական երկրների 11 դեսպանների և Եվրամիության 3 ներկայացուցչի տեղեկացրել են, թե ինչպիսին է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ Սև լճի տարածքում։

Սահմանային գոտի էին այցելել Հայաստանում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկին, Ֆրասնիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Իտալիայի դեսպան Ջիովաննի Դիոնիսին, Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Նիդեռլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, Լեհաստանի դեսպանի ժամանակավոր պաշտոնակար Քրիստոֆ Բարտզակը, Ռումինիայի դեսպան Կորնել Իոնեսկուն, Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկը, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսը։

armeniasputnik.am